Սիսակ Գաբրիելյանին ոչ ոք չի դիմել, ինքն անձնական նախաձեռնությամբ է հանդես եկել

Սիսակ Գաբրիելյանին ոչ ոք չի դիմել, ինքն անձնական նախաձեռնությամբ է հանդես եկել

ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանն ազատ արձակվեց։ Նրա խափանման միջոցը փոխելու երաշխավորություն էինն ներկայացրել «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» հասարակական կազմակերպության նախագահ Ավետիք Իշխանյանը և ՀՀ ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը, որոնք 500.000-ական ՀՀ դրամ փոխանցելու վերաբերյալ անդորրագրերի պատճեներ են ներկայացրել նախաքննական մարմնին: Մենք արդեն գրել ենք, որ երաշխավորությունները նախապես ներկայացրել էին Արցախի օմբուդսմեն Արտակ Բեգլարյանն ու Ավետիք Իշխանյանը, սակայն դատախազությունը որոշել է, որ Բեգլարյանի երաշխավորագիրը չպետք է ընդունի հիմք եւ չգիտես որտեղից հանկարծ հայտնվել է Սիսակ Գաբրիելյանի երաշխավորությունը։

Այսօր «Հրապարակ»-ի հարցին, թե ինչպես է որոշել երաշխավորագիր ներկայացնել Արսեն Բաբայանի համար, «Իմ քայլի» պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն ասաց. «Ես միջնորդագրում էլ եմ նշել, որ Արսեն Բաբայանին ճանաչել եմ լրագրողական գործունեության տարիներից, ճանաչում եմ իր տեսակը եւ կարծում, որ այս փուլում, երբ մեր քաղաքական թիմի դիրքորոշումն էլ է այն, որ կալանքը որպես խափանման միջոց պետք է կիրառվի բացառիկ դեպքերում, ուստի դիմել եմ եւ խնդրել փոխել խափանման միջոցը»։

Գաբրիելյանը միջնորդությունը ներկայացրել է երեկ, վճարել է նաեւ գրավը: Մեր ճշտող հարցին՝ սեփակա՞ն նախաձեռնությամբ է դիմել, թե՞ որեւէ մեկի դիմումով, առաջարկով, նա ասաց․

«Պարբերաբար ես քննարկումներ եմ ունեցել իրավաբանների հետ՝ արդյոք տվյալ դեպքում կալանավորումը կարելի է փոխարինվել: Բնականաբար միայնակ չեմ կայացրել որոշումս, քննարկել եմ քաղաքական թիմիս հետ եւ ըստ էության իրենց դիրքորոշումը համապատասխանում է իմ ներկայացրած միջնորդությանը: Ես քրեական գործի բովանդակությանը չեմ անդրադառնում, դա բացառապես իրավասու սուբյեկտի գործն է, բայց իմ խորին համոզմամբ՝ այս փուլում նա չի խոչընդոտի գործի քննությանը, հատկապես, որ, ինչպես դատախազությունը նշեց հաղորդագրությամբ, բոլոր ցուցմունքները վերցված են»:

Մեր դիտարկմանը, թե քաղաքական թիմի մոտեցումն ինչպիսին է կալանքը՝ բացառիկ դեպքերում կիրառելու կապակցությամբ, երբ ՀՀ նախկին նախագահներից մեկը ամիսներ շարունակ դատարանում է, Գաբրիելյանը հիշեցրեց, որ Ռոբերտ Քոչարյանի դեպքում էլ եղավ երաշխավորություն Արցախի ներկա եւ նախկին նախագահներից.

«Ես անձամբ չեմ պատրաստվում երբեւէ անձնական երաշխավորություն տալ Ռոբերտ Քոչարյանին, բարեբախտաբար, առիթ չեմ ունեցել իր հետ շփվելու, իսկ Արսեն Բաբայանին ճանաչում եմ»։

Մենք եւս մեկ անգամ հետաքրքրվեցինք, թե հնարավո՞ր է՝ իրեն են դիմել այս խնդրով Արսեն Բաբայանը, նրա պաշտպանները կամ՝ հարազատներն ու ընկերները, Սիսակ Գաբրիելյանն ասաց, որ ոչ ոք չի դիմել։ Փաստորեն միանգամայն կամավորական հիմունքներով պատգամավորն «ինքնառաջադրվել է»՝ երաշխավորություն ներկայացնելով մի մարդու համար, որի հետ ընդամենը ժամանակին աշխատանքային շփումներ է ունեցել։