Բրգաձեւ կառավարման համակարգ, հետապնդումներ․ ի՞նչ է կատարվում Մատենադարանում

Մատենադարանի տնօրինությունը, ԿԳՄՍ նախկին փոխնախարար Արա Խզմալյանի՝ Մատենադարանի տնօրեն ընտրվելուց հետո, վերջին մեկ տարում նախաձեռնել է կառուցվածքային մի շարք փոփոխություններ։ Մասնավորապես, անցած տարվա վերջին փակվեց Ձեռագրերի կրկնօրինակման բաժինը, եւ լուծարվեցին բոլոր 12 աշխատակիցների աշխատանքային պայմանագրերը։
Այս տարվա գարնանը Մատենադարանի տնօրինությունը նախաձեռնում է Մատենադարանի գիտական գծով կառավարման հիմնական մարմնի՝ Գիտական խորհրդի ձեւավորման նոր ընթացակարգը, այն է՝ ցրելով հին Գիտական խորհուրդը եւ ձեւավորելով նորը։ Ինչպես տեղեկացանք, տնօրենն իր այս ցանկությունը, ըստ էության, չի հիմնավորել, այլ նախագծի տեսքով արդեն անցած սեպտեմբերին ներկայացրել է Մատենադարանի գիտաշխատողներին։
Ըստ այդմ՝ 23 հոգանոց Գիտական խորհուրդը պետք է կազմված լինի ի պաշտոնե անդամներից՝ տնօրենից, գիտական գծով փոխտնօրենից, գիտնական քարտուղարից, գիտական բաժինների վարիչներից եւ գիտական խմբերի ղեկավարներից (ընդհանուր թվով՝ 15 ներկայացուցիչ) եւ ընտրովի անդամներից՝ ներկայացված գիտական չափորոշիչների շեմը հաղթահարած, գիտական բաժիններում բաց քվեարկությամբ կեսից ավելի ձայներ հավաքած, Գիտական խորհրդում փակ քվեարկությամբ գիտաշխատողների կեսից ավելի ձայներ ստացած գիտաշխատողներից (8 ներկայացուցիչ)։
Հաջորդիվ, նոր խորհրդի ձեւավորման սկզբունքների առնչությամբ, Մատենադարանի աշխատողների արհմիությունը ներկայացնում է իր դիտարկումներն ու առաջարկները։ Սակայն, ինչպես տեղեկանում ենք Մատենադարանի աշխատողների արհմիության էջից, իրենց ներկայացրած դիտարկումներն ու առաջարկները հաշվի չեն առնվում տնօրինության կողմից։
Ավելին՝ համաձայն արհմիության պարզաբանման, ներկայացված կանոնակարգով սահմանափակվում ու ստորադասվում են գիտաշխատողների իրավունքները․ «Սա կարելի է դիտարկել որպես կառավարման բոլոր լծակները տնօրինության ձեռքում կենտրոնացնելու եւ բրգաձեւ ղեկավարման անընդունելի համակարգին վերադարձի փորձ, որի դեմ պայքարում ենք նախկին տնօրենի ժամանակներից։ Արհմիությունը նաեւ իր մտահոգությունն է հայտնում, որ մինչ օրս Մատենադարանը չունի գիտնական քարտուղար, ով կկարողանար առաջ տանել գիտաշխատողների շահերը»։
Ըստ արհմիության՝ խնդիրն այն է, որ Գիտական խորհրդի կազմն անհամաչափ է բաշխված, որի արդյունքում կարող են կիրառվել վարչական լծակներ, հնարավոր են նաեւ շահերի բախումներ, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ Մատենադարանում գիտական բաժինների վարիչները կամ համակարգողները կամ խմբերի ղեկավարները նշանակվում են տնօրենի կողմից եւ ցանկությամբ։ Առավել եւս, որ Գիտական խորհրդի նախագահը հենց Մատենադարանի տնօրենն է։
Այն, որ հունիսի 1-ին Մատենադարանում տեղի ունեցած ընտրությունների արդյունքում ձեւավորվել է նոր Գիտական խորհուրդ՝ ընտրական սկզբունքով, շատերի կարծիքով, մի կողմից՝ լավ է, բայց մյուս կողմից՝ վատ, քանի որ ընտրական մեխանիզմներն են վատը․ օրինակ՝ ընտրովի անդամներին կարող են նաեւ առաջադրել տնօրենը կամ բաժնի վարիչները, որն արդեն ենթադրում է կողմնակալ վերաբերմունք։ Ավելին՝ ընտրովի անդամների համար սահմանված են մի շարք նախընտրական շեմեր, գիտական չափորոշիչներին համապատասխանելու պահանջ, ինչը պարտադիր չէ ի պաշտոնե ներկայացված անդամների համար։
Հատկանշական է, որ անցած տարի փոխվեց նաեւ Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի կազմը, մասնավորապես՝ անցած տարվա ամռանը Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ձեւավորվեց Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նոր կազմը, որի նախագահն է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Նախկին 24 անդամի փոխարեն նոր կազմը ձեւավորված է 13 հոգուց, որից միայն 2-ն են Մատենադարանի աշխատակից։
Հիշեցնենք, որ անցած ամռանը՝ Մատենադարանի տնօրենի ընտրություններից առաջ, իշխանությունն արագացված կարգով գնաց մի շարք փոփոխությունների, այդ թվում՝ իջեցվեց Մատենադարանի տնօրենին ներկայացվող պահանջների նշաձողը՝ գիտությունների դոկտորից մինչեւ գիտությունների թեկնածու: Հանվեց տնօրենի կողմից հրապարակված գիտական աշխատանքների ցանկ ներկայացնելու պահանջը, ինչն առկա էր նախկինում գործող կանոնակարգում։ Եվ այս ամենը՝ այն նպատակով, որ Արա Խզմալյանը հնարավորություն ունենա առաջադրվել եւ ընտրվել տնօրենի պաշտոնում։
Կանոնադրական, կառուցվածքային փոփոխությունների կողքին, նախօրեին Մատենադարանի աշխատողների արհմիությունն ահազանգեց արհմիության նախագահ Անուշ Սարգսյանի հանդեպ հետապնդումների մասին՝ միաժամանակ հայտարարելով, որ «սա արհմիությունը լռեցնելու, նրա բարձրացրած խնդիրները, այդ թվում՝ նորակազմ գիտխորհրդի մեջ վարչական վտանգ տեսնելու հարցը ճնշելու քայլ է»:
Անուշ Սարգսյանն այս առիթով իր ֆեյսբուքյան էջում «Գործակալ» փնտրելու սին ջանքեր՝ սեփական կառավարման խնդիրները կոծկելո՞ւ համար» վերտառությամբ գրառում էր արել։ Ըստ այդմ, գիտաշխատող Ա․ Սարգսյանը Մատենադարանի տնօրինությանը տեղեկացնում է, որ հետաքրքրված է Ադրբեջանում պահվող մոտ 5 հազար հայերեն հին գրքերի ու ձեռագրերի ճակատագրով։ Տնօրենը թեպետ սկզբում իրեն արտոնում է աշխատել ու նյութեր ուսումնասիրել նույնիսկ առանց դիմումների, բայց, ինչպես Ա․ Սարգսյանն է գրում, իրավիճակն արագ փոխվում է, մեկ շաբաթ անց իրեն իր աշխատասենյակ է հրավիրում գիտական գծով փոխտնօրեն Վահե Թորոսյանը․ «․․․Այդտեղից սկսվեց տեւական հարցաքննությունների ու հարցապնդումների շարանը։ Տնօրինության թիրախում հայտնվեց ինձ հետ կապված ամեն ինչ՝ սկսած իմ պատվիրած նյութերից մինչեւ իմ գործուղումները։ Հերթական զրույցներից մեկում փոխտնօրեն Թորոսյանը հայտնեց, որ Բաքվում պահվող ձեռագրերի մասին հրապարակումը նպատակահարմար չէ «մեր համար» ներկա քաղաքական իրավիճակում։ Ինձ համար անհասկանալի մնաց, թե ում նկատի ունի վարչական աշխատողը «մեր» անվան տակ։ Ինչքան ես ցուցաբերում էի պատրաստակամություն՝ քաղաքական շահարկումների առիթ չդառնալու, տնօրենի պատերից դուրս խնդիրը քաղաքական երանգավորում էր ստանում։ Օրինակ՝ սահմանափակվեցին ձեռագրական ու արխիվային բնօրինակների հասանելիությունն ու դրանցից օգտվելու կարգը, ինչը հայտնի է, որ տարիներ առաջ ազատականացվել էր Մատենադարանի երիտասարդ գիտաշխատողների դիմումների արդյունքում»։
Վերջում Ա․ Սարգսյանն իր գրառման մեջ հետաքրքրվում է․ «Որտե՞ղ է իմ՝ անվտանգային խնդիր հարուցելու հիմքը, որո՞նք են դրա իրական ապացույցները, եւ ինչո՞ւ է փորձ արվում այս հավաքածուի՝ Բաքվում գտնվելու հանգամանքը փաթաթել իմ վզին։ Հրապարակային հայտարարում եմ, որ այս եւ հետագա զրպարտությունների, հետապնդումների, հոգեբանական ճնշումների ենթարկելու, իմ գիտական աշխատանքային գործունեությունը Մատենադարանում սահմանափակելու, առողջությանս վնաս հասցնելու առիթով դիմում եմ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին եւ անհրաժեշտության դեպքում կդիմեմ այլ մարմինների»։
Մենք կապ հաստատեցինք գիտաշխատող, արհմիության նախագահ Անուշ Սարգսյանի հետ, սակայն նա չցանկացավ լրացուցիչ մեկնաբանություն տալ կատարվածի առնչությամբ՝ նշելով, որ առայժմ կսահմանափակվի իր եւ արհմիության էջով արված պաշտոնական պարզաբանումներով։ Մեր զանգերն անպատասխան թողեց նաեւ գիտական գծով փոխտնօրեն Վահե Թորոսյանը։
Կարծիքներ