Թույլ չեմ տալու այս գլամուրային վիժվածքներին պլստալ

Թույլ չեմ տալու այս գլամուրային վիժվածքներին պլստալ

Փետրվարի 1-ից իշխանությունները համառորեն հանրային տրանսպորտի գինը եռակի թանկացնում են, իսկ Նիկոլ Փաշինյանը հորդորում է քաղաքացիներին կոպեկների համար չթքել պետության դեմքին: 2013 թվականին մի շարք հայտնիներ պայքարի էին դուրս եկել տրանսպոտի թանկացման դեմ: Նրանց շարքերում էին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ՔՊ խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը, լուսահոգի դերասանուհի Լալա Մնացականյանը, մոդել Անի Քոչարը, Գարիկ Պապոյանը, հումորիստներ Վաչե Թովմասյանը, Արմուշը, երգիչ Արթուր Իսպիրյանը, Ռաֆայել Երանոսյանը, Անդրանիկ Հարությունյանը և Հայկ Մարությանը: Այսօր թեպետ միայն Ալեն Սիմոնյանն ու Լուսինե Բադալյանն են բարձր պաշտոններ զբաղեցնում, սակայն տրանսպորտի դեմ պայքարի դուրս եկած խմբից այժմ պայքարում է բացառապես Հայկ Մարությանը: Մնացյալը ոչինչ չեն տեսնում, ոչինչ չեն լսում, անգամ ֆեյսբուքյան գրառումներով չեն անդրադառնում տրանսպորտի թանկացմանը: Տպավորություն է, թե այս մարդիկ վարձու աշխատողներ էին, չկա վարձատրություն, չկա պայքար: Նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը «Հրապարակի» հետ զրույցում իր տարակուսանքն ու զայրույթն է հայտնում վերոնշյալ անձանց լռության ու անտարբերության մասով, նշելով հետևյալը.

«Շատ եմ մտածում այն մասին, թե ինչու է մեր ժողովուրդն ապատիկ վիճակում, ինչու է անհաղորդ, բայց հետո հասկանում եմ, որ իմ պահանջները հանրությունից հիմնավոր չեն: Խոսքս շարքային քաղաքացիների մասին է: Մարդիկ տարիներ շարունակ, դրան էլ գումարած այս յոթ տարին ենթարկվում են մեդիատեռորի։ Այս մարդիկ մեդիատեռորի ենթարկված մարդիկ են: Անվերջ նույն երգն են լսել՝ թալանի մասին: Ես շարքային քաղաքացու վրա էլ մուննաթ չեմ ուզում գալ, բայց երբ իրենց արվեստագետ հռչակած մարդիկ՝ դերասաններ, ակադեմիկներ ու գիտնականներ, գրողներ, Գրողների միություն, որոնք կորցնելու ոչինչ չունեն, սակայն լավ հասկանում են, թե ինչ է տեղի ունենում ու լռում են, պարզապես զզվանք են առաջացնում: Նույնը տարիներ առաջ դոշներին 150 դրամ խփածների մասին է: Մեր պրոբլեմը սրանց նմաններն են, որ վաղը իշխանափոխության հոտ առան մեզ տրորելով գլուխ են պատռելու, կուրծք են ծեծելու: Ողբերգություն է, երբ երկրում չկա էլիտա, Նիկոլի բախտը նաև դրանով է բերել: Սրանք էսօր հավայի ճամարտակում են, ինչից ասես խոսում ու լալահառաչ տեքստեր ասում, 7-րդ դասարանի աշակերտուհու ռաբիզ շարադրություններ են գրում, բայց այլևս ոչ մի կարևոր հարցի չեն անդրադառնում: Այն ժամանակ պայքարում էին, լրիվ կազմակերպված է եղել: Նիկոլն ասում է՝ 100 դրամի համար պետության երեսին մի թքեք, բա դուք 50 դրամի համար ինչո՞ւ էիք պետության հիմքերը քայքայում: Ամեն մայկան, որի վրա 150 դրամ էր գրված եղել, դրա տակ եղել է դրսից փող, ամեն մի դատարկ դագաղի տակ եղել է փող: Նիկոլ Փաշինյանն անպայման հեռանալու է, ես թույլ չեմ տալու այս գլամուրային վիժվածքներին պլստալ»