Մի տրվեք թելադրանքի

Մի տրվեք թելադրանքի

Շատ դժվար է չտրվել համընդհանուր պսիխոզին եւ չգործել մեզ թելադրված վարքականոնի շրջանակներում։ Միայն շատ ուժեղ մարդիկ կարող են այս մթնոլորտում չհայհոյել իրենց հայհոյողներին, չատել մեր կյանքը խաթարողներին,  չդատապարտել վնասակար օրակարգ թելադրողներին եւ ամենակարեւորը՝ չշարժվել նրանց թելադրած օրակարգով։ Արդյունքում հանրային միտքը պտտվում է Հրայր Թովմասյանին հոշոտելու հիվանդ գաղափարի շուրջ, իսկ դրան առարկողները ոչ թե կոչ են անում՝ դադարեցնել անօրինական արշավը, այլ մատնացույց են անում ուրիշ թիրախներ․ բա ինչո՞ւ Տիգրան Մուկուչյանին, Արթուր Դավթյանին, Ֆելիքս Ցոլակյանին ու Դավիթ Տոնոյանին չեք մերժում։ Ոչ թե կոչ են անում քրեական մեթոդներով չպայքարել քաղաքական հակառակորդների դեմ, այլ մատնացույց են անում նոր հակառակորդների՝ կեղծիքներն արել է ոչ միայն Ռոբերտ Քոչարյանը, այլ նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Ոչ թե պահանջում են, որ Լիանա Կարապետյանը եւ առհասարակ՝ ոչ մեկը չկալանավորվի մինչեւ դատարանի դատավճիռը, այլ  հարց են տալիս՝ իսկ ինչո՞ւ բանտում չեն Սամվել Ալեքսանյանն ու Սերժ Սարգսյանը, ինչո՞ւ եք բռնում, հետո ազատ արձակում՝ բանտերը լցրեք կասկածյալներով ու մեղադրյալներով, մենք դատարաններին չենք հավատում՝ դատավճիռներին չենք սպասում։

Ոչ թե պահանջում են, որ ՀՔԾ-ն ու ԱԱԾ-ն արդար քննություն վարեն եւ անհարկի մեղադրանքներ չառաջադրեն, կալանքի սանկցիաներ չտան, այլ հարցնում են՝ ինչո՞ւ չկալանավորեցիք ժամանակին, ինչո՞ւ թողեցիք, որ երկրից հեռանան Գեւորգ Կոստանյանն ու Միքայել Հարությունյանը։ Ու այս համընդհանուր պսիխոզի մեջ հանկարծ արձանագրում ես, որ առողջ մտածող մարդիկ, որոնք իշխանական «կտերը» չեն ուտում եւ մարդու իրավունքների պաշտպանության դիրքերից են հանդես գալիս, վախենալու չափ նվազել են։