Այս պատերազմում դուք չեք հաղթելու

Այս պատերազմում դուք չեք հաղթելու

Ամենայն հայոց կաթողիկոսի՝ բոլոր ազատազրկվածների նկատմամբ մարդասիրական վերաբերմունք դրսեւորելու եւ մասնավորապես՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու կոչից հետո, Նիկոլ Փաշինյանն ուղիղ հրահանգ է իջեցրել իր բոլոր թիմակիցներին՝ գրոհել եկեղեցու վրա։ 
Եւ անմիջապես ֆեյսբուքյան իշխանական ակտիվիստները սկսեցին ստատուսներ գրել՝ ընդդեմ կաթողիկոսի ու Հայ առաքելական եկեղեցու, իրավապահները սկսեցին քրեական գործեր հարուցել եւ փնտրել քրեական գործեր հարուցելու նոր հիմքեր։ Իշխանությունների հետ առնչվող լրատվամիջոցներին ու կայքերին հրահանգ իջեցվեց՝ կոմպրոմատներ գտնել եւ եկեղեցականների բարոյական կերպարը բացահայտել։ Հարկային եւ մաքսային մարմիններին հրահանգվել է թաքցված հարկեր հայտնաբերել եւ մաքսային խստություններ կիրառել եկեղեցու տնտեսական գործունեության նկատմամբ։ Սակայն, քանի որ ուժերն անհավասար են եւ Հայ առաքելական եկեղեցին բավականին հեղինակավոր ու հարուստ կառույց է, այս ճակատամարտում իշխանությունը դժվար թե կարողանա հաղթել։ 

Այս ճակատամարտում եկեղեցու կողմն են կանգնելու այն հազարավոր հավատացյալները, որոնց համար Ամենայն հայոց կաթողիկոսը եւ հայոց եկեղեցին անվերապահ հեղինակություն են ու Աստծո սպասավորները՝ երկրի վրա։ Նրանք թույլ չեն տալու ոտնահարել եկեղեցու իրավունքները եւ հեղինակությունը։ Եւ անգամ այն մարդիկ, ովքեր այս իշխանությունների կողմնակիցն էին, չեն ողջունելու այս արշավը։ 

Եկեղեցուն պաշտպանելու են սփյուռքի կառույցները եւ կուսակցությունները, որոնք ավանդաբար եկեղեցու հանդեպ դրական են տրամադրված եւ համագործակցում են սփյուռքի թեմերի հետ։ 

Եկեղեցուն պաշտպանելու են այլ պետությունների հոգեւոր կառույցները եւ Կիլիկիո կաթողիկոսությունը, որը որքան էլ տարաձայնություններ ունենա Էջմիածնի հետ, այս վեճում հոգեւոր եղբայրների կողքին է կանգնելու։ 
Բնականաբար, եկեղեցուն պաշտպանելու է ընդդիմադիր դաշտը եւ իշխանություններից դժգոհ հանրույթը։

Սա այն վեճը չէ, որի շուրջ կարելի է հասարակությանը համախմբել եւ հաղթել։ Հայ առաքելական եկեղեցին որքան էլ նախորդ իշխանությունների հետ համագործակցած լինի, նրան հնարավոր չէ նույնացնել նախկինների հետ եւ «ռոբասերժական ռեժիմի» դեմ պայքարի շրջանակներում տեղավորել։ Այն մոնոլիտ եւ կուռ կառույց է՝ հովվապետի ղեկավարությամբ եւ կարող է իր իրավունքները պաշտպանել ու իշխանություններին՝ հակահարված տալ։