Նիկոլ Փաշինյանը փակ հանդիպում կունենա ՔՊ-ականների հետ․ թիմում անհանգիստ են

Նիկոլ Փաշինյանը փակ հանդիպում կունենա ՔՊ-ականների հետ․ թիմում անհանգիստ են

Այսօր Ազգային ժողով-կառավարություն հերթական հարցուպատասխանից հետո Նիկոլ Փաշինյանը եւ կառավարության որոշ անդամներ փակ հանդիպում են ունենալու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ։ Ինչպես հայտնի է՝ վաղը՝ հոկտեմբերի 6-ին Պրահայում Եվրոպական քաղաքական համայնքների առաջին գագաթնաժողովի շրջանակներում նախատեսվում է վարչապետ Փաշինյանի ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։  

Նիկոլ Փաշինյանի թիմակիցները ներկայումս անհանգիստ սպասումների մեջ են, մեզ ասացին, որ որոշներն արդեն գիտեն, թե ինչ է փոխանցելու Փաշինյանը ՔՊ-ականներին, մյուսներն էլ գուշակություններ են անում՝ ելնելով վերջին օրերի զարգացումներից, որ Փաշինյանը հայտնելու է հնարավոր նոր զիջումների մասին՝ միջանցքի, անկլավների կամ այլ տեսքով, քանի որ խաղաղության պայմանագրի կնքումն այլեւս այլընտրանք չունի, ինչի մասին այսօր արդեն հայտարարել է նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։

Հոկտեմբերի 5-ին Աղդամում ընթացող Ազգային քաղաքաշինական առաջին համաժողովի ժամանակ իր ելույթում նա ասել է, որ Հայաստանի հետ կնքվելիք խաղաղության պայմանագրի նախապատրաստման գործընթացը երկար չի տևի:

«Մենք որոշակի լավատեսություն ունենք խաղաղության գործընթացի հարցում, քանի որ վերջերս՝ մի քանի օր առաջ, տեղի է ունեցել Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը՝ խաղաղության պայմանագրի նախագծի նախապատրաստման օրակարգով այդ կարգի առաջին հանդիպումը։ Հուսով ենք, որ խաղաղության պայմանագիրը  երկար չի տևի»։

Նա նաև հայտարարել է, որ Բաքուն չի պատրաստվում քննարկել Ղարաբաղի հարցը, քանի որ դա «Ադրբեջանի ներքին գործն է»։ Ալիևը հավելել է, որ Ղարաբաղի հայ բնակչությունը Ադրբեջանի քաղաքացիներն են։