Անձնական վիրավորանքներից մինչև ֆիզիկական վերացում

Ամբողջ աշխարհն ուշադրությամբ հետևում է Միացյալ Նահանգներում ծավալվող ընտրապայքարին։ Դեմոկրատներն ու հանրապետականները նախագահի պաշտոնի համար կոշտ ու անահանջ նախընտրական պայքար են ծավալել։
«Հրապարակը» միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանի հետ զրուցել է ԱՄՆ-ում ընտրապայքարի, հետընտրական ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության ու այլ հարցերի շուրջ։
-Ո՞վ է հաղթում Թրամփ- Հարրիս ընտրապայքարում:
-Այս պահին կարծես թե Թրամփին հաջողվեց վերականգնել այն տարբերությունը, որ կա նրա և Հարիսի ռեյտինգի մեջ և երկուսն էլ 48.3 տոկոս են հավաքում: Հարիսի վերջին քարոզարշավը կարծես նրան էական ոչինչ չի բերել։ Ամեն դեպքում, շատ դժվար է կանխատեսել թե ինչ կլինի, որովհետև այս ընտրապայքարն աչքի է ընկնում նրանով, որ կարծես թե երկու կողմն էլ ոչ մի բանի առաջ չեն կանգնի և անձնական վիրավորանքներից մինչև ֆիզիկական վերացում նախընտրում են, ոչնչից չեն խորշում, իսկ սա ահավոր է։ Դա նշանակում է, որ ընտրություններից հետո էլ իրավիճակը շատ անկանխատեսելի է լինելու Միացյալ Նահանգներում, իսկ թե ինչպիսի արդյունքներ կգրանցվեն ընտրություններից մի քանի օր առաջ, մի քիչ դժվար է ասել, որովհետև իրավիճակն ամեն պահի փոխվում է։ Բայց Թրամփին հաջողվեց վերջին շաբաթում կարծես ավելի համոզիչ լինել և նրա շանսերը ես այս պահին մի փոքր ավելին եմ գնահատում, քան Հարիսինը։
-Նշեցիք ֆիզիկական վերացման մասին։ Թրամփի դեմ մահափորձ է իրականացվել երկու անգամ․ այդ մահափորձերը նրա օգտին չաշխատեցի՞ն։
-Ես այդ գործընթացը կբաժանեի երկու մասի։ Իհարկե դրական ազդեց, նա սկսեց դիրքավորվել իբրև Միացյալ Նահանգների համար մահանալու պատրաստ նախագահի թեկնածու, բայց մյուս կողմից` վատն այն է, որ կարծես թե կողմերը ցույց են տալիս, որ անգամ պատրաստ են իր հակառակորդի ֆիզիկական վերացմանը։ Սա խոսում է այն մասին, որ այն թշնամանքը, որ կա երկու թեկնածուների, երկու կուսակցությունների միջև՝ աննախադեպ է և չեմ հիշում Միացյալ Նահանգների նորագույն պատմության մեջ` վերջին 20 տարում, որ դեմոկրատ և հանրապետական թեկնածուներն այդ աստիճանի ատեն միմյանց և անգամ մտածեն, որ կարելի է մրցակիցներից մեկնումեկին ֆիզիկապես վերացնել։
-Ռուս-ուկրաինական պատերազմը, Գազայում և Լիբանանում Իսրայելի ռազմական ագրեսիան, Իրանի հետ ռազմական ագրեսիվ քայլերը կարո՞ղ են ազդել Հարիսի ընտրապայքարի վրա։
-Քիչ թե շատ միջազգային հարաբերություններից հասկացող մարդը հստակ գիտակցում է, որ Մերձավոր Արևելքում Միացյալ Նահանգների քաղաքականությունը տապալվել է, հետխորհրդային տարածքում` տապալվել է։ Ինչ էլ որ ասեն, ինչպիսի գույներով էլ, որ դա ներկայացնեն, պատերազմական գործողությունները վկայում են այն մասին, որ դիվանագիտությունն այլևս ոչինչ չի կարող անել։ Կոնկրետ Մերձավոր Արևելքում հստակ տապալվել է քաղաքականությունն ու բացատրեմ` ինչու։ Վերջին շրջանում չի եղել դեպք, երբ Սաուդիան Արաբիան և Իրանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեին և Սաուդիան Արաբիան դատապարտեր Իսրայելի հարձակումը Իրանի վրա՝ չի եղել նման դեպք։ Դա նշանակում է մի բան, որ Միացյալ Նահանգները կորցնում է իր հետաքրքրությունը տարածաշրջանի պետությունների մոտ։ Ըստ էության, տապալված քաղաքականության արդյունք է նաև, որ Սաուդիան Արաբիան Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ է դառնում, ԲՐԻԿՍ-ի հետ հարաբերություններն է խորացնում, որն ակնհայտ հակաարևմտյան դաշինք է։ Այսինքն, այստեղ ևս դեմոկրատների վարած արտաքին քաղաքականությունը տապալվել է։ Հետևաբար, Միացյալ Նահանգների ընտրողների, քիչ թե շատ միջազգային հարաբերություններից հասկացող, մտածող մարդկանց մոտ առաջանալու է այս հարցը, թե` պարտված և տապալված քաղաքականություն ներկայացնող ուժը ինչպե՞ս կարող է հաղթել ընտրություններում։ Բացի այդ, ներքին խնդիրներն են բավականին մեծացել։ Թրամփի ժամանակ ներգաղթյալների մուտքը սահմանափակվում էր Միացյալ Նահանգներ, իսկ Բայդենի կառավարման տարիներին՝ վերջին 4 տարիների ընթացքում, տարբեր տեսաբանների ներկայացրած թվերի համաձայն 6- 8 միլիոն ապօրինի ներգաղթյալ է թափանցել Միացյալ Նահանգներ։ Դրան գումարած Մերձավոր Արևելքում առաջացած խնդիրները բերել է ներսում դիզվառելիքի, բենզինի գների շեշտակի աճի, ապրանքների շեշտակի թանկացման։ Սա Միացյալ Նահանգների տնտեսության լավ օրերի մասին չի խոսում, իսկ դա նշանակում է մի բան՝ ԱՄՆ տնտեսությունը չի կարողանում կամ շատ դժվար է կարողանում սպասարկել արտաքին քաղաքական այն վայրիվերումները, որ արվում է Բայդենի կառավարության կողմից։
-Ամերիկացիները կիսո՞ւմ են ԱՄՆ քաղաքական վերնախավի պրոիսրայելական անդավաճան քաղաքականությունը։
-Միշտ էլ Միացյալ Նահանգներն աչքի են ընկել իրենց պրոիսրայելական քաղաքականությամբ` և հանրապետականների, և դեմոկրատների օրոք։ Ես չեմ կարծում, որ այս հարցում շատ բան կփոխվի, բայց Թրամփի՝ իշխանության գալու պարագայում վերջինս գործարար է և գումար հաշվել գիտի։ Իրենք կնախընտրեն Իսրայելին աջակցել ավելի շատ բարոյապես, ոչ թե այդքան զենք-զինամթերք մատակարարելով, որովհետև դա Միացյալ Նահանգների վրա շատ թանկ է նստում և, ըստ էության, ցանկալի արդյունք չի տալիս։ Հետևաբար, աջակցությունը կշարունակվի, բայց ոչ այս տեմպերով և ոչ այս ձևով։
- Թեկնածուներից ո՞վ է ավելի շատ հայ ընտրողների հետ աշխատում կամ ո՞վ է ավելի շատ է հիշում հայերին։
- Անկեղծ ասած, չեմ հետևել, թե հայ համայնքից ում հետ են հանդիպում։ Յուրաքանչյուրն էլ հնարավորության չափով հանդիպումներ ունենում է, բայց ավանդաբար դեմոկրատների հետ են հայկական կազմակերպություններն աշխատում Միացյալ Նահանգներում, քան թե հանրապետականների։ Սա ևս մեր բացթողումն է, մեր կազմակերպությունների բացթողումն է, որովհետև երկուստեք էլ պետք է աշխատել` ցանկացած պարագայում շահած դուրս գալու համար։ Բայց այս պահին, կարծես թե հանրապետականների հետ աշխատանքում չենք տեսնում ակտիվություն, սա արդեն աշխարհաքաղաքական պատճառ ունի՝ Թրամփի դիրքորոշումը Ուկրաինայի հարցում, Թրամփի դիրքորոշումը լիբերալ քաղաքականության առաջխաղացման հետ կապված, կարծում եմ, իր դերը ունենում է և ցավոք սրտի, մենք էլ տուրք ենք տալիս այդ լիբերալության մոդային, որ այսօր տարածված է աշխարհում և չգիտես ինչու, մի բան, որ հակառակ կարծիք ունի, մեր կողմից դիտարկվում է իբրև մեզ համար վնասակար։ Խոսքն, իհարկե, Հարիսի մասին է և Թրամփի դիրքորոշումը` Ուկրաինայի, Մերձավոր Արևելքի և այլնի մասով։ Բայց ես կարծում եմ, որ հայ համայնքը այսօր հստակ պետք է իր դիրքորոշումը հայտնի, որովհետև Թրամփի ժամանակ եղավ 44-օրյա պատերազմը, Հարիսի ժամանակ մենք կորցրեցինք Արցախը։ Հետևաբար, երկու պարագայում էլ հստակ պետք է տեսնենք, որ ամերիկյան վարչակարգը մատը մատին չտվեց՝ այդ ամենը կանխելու համար։ Դրա համար ակնհայտորեն մեկին պաշտպանել, կարծում եմ, ճիշտ չէ։
-Մեզ մոտ միշտ քննարկումներում շեշտվում է այն հարցը՝ տեսնենք, թե ով կընտրվի ԱՄՆ նախագահ, որ հասկանանք, թե Հայաստանի նկատմամբ ինչ քաղաքական կուրս կորդեգրեն։ ԱՄՆ-ում նախագա՞հն է որոշում արտաքին քաղաքական կուրսը։
-Ցավոք սրտի, Միացյալ Նահանգներում վաղուց արդեն երկրի նախագահը չի որոշում երկրի քաղաքական կուրսը, որովհետև շատ փորձագետներ, ինչպես պնդում են, միայն օվալային կաբինետի սեղանի վրայի ընտանեկան լուսանկարն է փոխվում։ Այսինքն, ուզում են ասել, որ նախագահները որ կուսակցությունից էլ լինեն՝ քաղաքականությունը նույնն է մնում։ Մենք պետք է հասկանանք մի բան՝ Միացյալ Նահանգներն ունի իր քաղաքական շահերը և պետք չէ տուրք տալ հանուն Միացյալ Նահանգների այս կամ այն պետության հետ լավ կամ վատ լինելուն, բոլորի հետ էլ պետք է փորձել աշխատել, սակայն այնպես անել, որ մեծ տերություններն իրենց քաղաքականությունն իրականացնեն, սակայն մեր հաշվին դա չանեն։
Կարծիքներ