Փակ դռների հետեւում ցավալի պրոցեսներ են ընթանում
Անցած տարի իշխանությունները հայտարարեցին, որ պատրաստվում են գնալ բուհերի խոշորացման եւ որոշ գիտահետազոտական ինստիտուտների հետ ինտեգրման ճանապարհով։ Այնպես, որ ունենանք առավելագույնը 8 կոնսոլիդացված գիտահետազոտական պետական բուհ, որոնք կհամապատասխանեցվեն միջազգային չափանիշներին։ Վարչապետի հրամանով եւ Արայիկ Հարությունյանի ղեկավարությամբ մոտ 3 ամիս առաջ ստեղծված մասնագիտական խումբը հենց այդ հարցերն է քննարկում։ Վերջին քննարկումներից մեկի ժամանակ արդեն խոսք է գնացել ԳԱԱ մի շարք ինստիտուտների միավորման մասին։
ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանի հետ մեզ չհաջողվեց զրուցել, քանի որ նա արձակուրդում է եւ անհասանելի։ Կապ հաստատեցինք ԳԱԱ փոխնախագահ Հրանտ Մաթեւոսյանի հետ, ով մեզ տեղեկացրեց, որ «այս պահին չկա ոչ մի որոշում, որ կայացվել է»։ «Կա միավորման ընդամենը 2 միտք կամ նախագիծ, մեկը՝ Կենսաքիմիայի ինստիտուտը՝ Մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտի հետ, մյուսը՝ Հիդրոտոնիկայի ինստիտուտը՝ Բուսաբանության ինստիտուտի հետ։ Սրանք նախագծեր են, ուղղակի միտք, որ եթե ընդհանուր բան ունեն, միավորվեն։ Այլ միավորումների մասին խոսակցություն չի եղել»,- ասում է Հ․ Մաթեւոսյանն ու նկատում, որ դա ինչ-որ չափով նաեւ բնական է, որովհետեւ․ «Ինստիտուտները նաեւ փոքրացել են՝ աշխատողների քանակով, սակայն, ասում եմ ձեզ հստակ, ոչ մի կայացված որոշում չկա, եւ դա ընդամենը խոսակցությունների մակարդակով է եղել։ Օպտիմալացման հարցերը դիտարկվում են ու մեր ուշադրության կենտրոնում են, սակայն դա չի կարող լինել առանց ինստիտուտների համաձայնության»։
Որքանո՞վ լսելի կլինի ինստիտուտների ձայնն այդ քննարկումների ժամանակ, գուցե այսօր ներկայացվել է նախագիծ, իսկ հաջորդ օրը կարող է լինել արդեն կառավարության որոշո՞ւմ։ «Որպեսզի որոշումը լինի, նախ քննարկում է լինելու, որովհետեւ պետք է ներկայացվի ակադեմիայի կողմից այդպիսի միավորման հարցը։ Իհարկե, քննարկումները սկսվելու են ինստիտուտներից, այդ 2 միացումների հետ կապված եղել են քննարկումներ ինստիտուտներում, նախագահության նիստում դիտարկվել է այդ հարցը, բայց դրանից ավելի չի գնացել»։
ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար Արթուր Իշխանյանից հետաքրքրվեցինք՝ պա՞րզ է, թե ինչ ճանապարհով եւ ընթացակարգով են տեղի ունենալու միավորման գործընթացները։ «Ցավոք սրտի, որեւէ հստակ բան չկա, եւ դա էլ ամենացավալին է, որովհետեւ, անշուշտ, պրոցեսներ ընթանում են, եւ դրանք ընթանում են փակ դռների հետեւում։ Միայն կարող եմ ասել, որ շատ կրիտիկական պահ է»,- կարճ հավելեց ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղարը։
Գ. Ս. Դավթյանի անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտի նախկին տնօրեն, ներկայիս տնօրենի խորհրդական, ակադեմիայի թղթակից անդամ Ստեփան Մայրապետյանը մեզ հետ զրույցում ընդգծեց, որ խիստ բացասաբար են վերաբերվում միավորման այդ գաղափարին, դրա մասին հայտնել են նաեւ ակադեմիայի ղեկավարությանը։ «Բոլորին հայտնել ենք մեր կարծիքը, ի դեպ, բաժանմունքի բյուրոն որոշում էր կայացրել, որ մեր եւ Բուսաբանության ինստիտուտի միավորումը պետք է կատարել այն ժամանակ, երբ Բուսաբանության ինստիտուտի տարածքում կառուցվի հիդրոպոնիկ դասական փորձարարական կայան, բայց մի քանի օր հետո ստացանք նախագահության որոշումը, որին մենք ներկա չենք եղել, մեզ չեն հրավիրել։ Նրանք, փաստորեն, բաժանմունքի այդ որոշումը, չգիտեմ ինչու, չեղյալ են արել եւ գրել են՝ միացնել Հիդրոպոնիկայի ինստիտուտը Բուսաբանության ինստիտուտի հետ, Կենսաքիմիայի ինստիտուտը՝ Մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտի հետ»,- ասում է Ս․ Մայրապետյանը, ով բացատրություն չունի, թե ինչու է չեղարկվել բաժանմունքի որոշումը։
Ընդգծում է՝ իրենց համար անհրաժեշտ է, որ կառուցվի հիդրոպոնիկ դասական փորձարարական կայան, որն արժե մի քանի միլիոն․ «Դա բույս արտադրող գործարան է, որը շալակել տանելու պրիբոր չէ, որ դնես մեքենան ու գնաս, դա լուրջ, մեծ կառույց է, եւ եթե նախագծեն ու սկսեն այն կառուցել, ապա ամենադրական ընթացքի դեպքում մի քանի տարի կտեւի։ Ավելի պատկերավոր ասելու համար՝ պատկերացրեք Բյուրականի աստղադիտարանը միացնեն Աշտարակի Ռադիոֆիզիկայի ինստիտուտի հետ, բայց ո՞նց պիտի միանան, աստղադիտարանը հո չե՞ն առնելու տանեն հետները։ Հիմա նույնը՝ մեր դեպքում, մերը բույս արտադրող գործարան է, դա մի սարք չէ, որ դնենք բեռնատարը, աթոռ-սեղանն էլ հանենք տանենք։ Դա գործարան է եւ տանելու ենթակա չէ, ոչ էլ դեմոնտաժ անելու ենթակա է։ Եվ եթե ուզում են մեզ միացնել որեւէ մեկին, պետք է նրա տարածքում կառուցեն այդպիսի մի գործարան, որ գնանք այնտեղ՝ մեր հետազոտություններն անցկացնենք։ Իսկ եթե ուզում են մեզ հանել, որ այս շենքը, տարածքը վաճառեն, ուրեմն առնվազն անհրաժեշտ է, որ այդ կառույցը կառուցեն, որ մենք կարողանանք աշխատել»։
Ի՞նչ հիմնավորմամբ են ուզում իրենց ինստիտուտը միավորել մեկ այլ ինստիտուտի հետ։ «Ասում են՝ փոքր ինստիտուտ եք, բայց հիմա բոլորն էլ փոքրացել են, մենք մոտ 40-41 աշխատող ունենք, որից մոտ 28-30-ը գիտաշխատողներ են»։
Ինստիտուտների միավորումն ի՞նչ է ենթադրելու, որ իրենք իրենց շենքից ամբողջովին դուրս գան եւ տեղափոխվեն այլ տարածք։ «Այո, ամբողջը հենց սրա համար է, որ գնանք, ու շենք, տարածք ազատվի, որ այդ շենքը, տարածքը վաճառեն,- ասում է Ս․ Մայրապետյանն ու նշում, որ իրենց ինստիտուտին պատկանող տարածքը 6 հեկտար է, որից 2.7-ը՝ նախկին այգու տարածքը, որոշվել է ոստիկանությանը տալ։- Արդեն այդ բանակցությունները գնում են, իսկ մնացածն ինստիտուտի շենք-շինություններն են՝ փորձադաշտն է, դրան կից լաբորատոր շենքն է, այլ լաբորատոր շենքեր են, ու հիմա բանակցություններ են գնում, որ ինստիտուտները միավորվեն»։
Ինստիտուտների միավորումը, ամենայն հավանականությամբ, ենթադրելու է նաեւ աշխատողների կրճատումներ, սակայն այս հարցն էլ դեռ հստակեցված չէ․ «Իրենք աշխատողների կրճատման մասին ոչինչ չեն ասում, ուղղակի միավորման դեպքում մեկ տնօրեն, մեկ հաշվապահ կլինեն։ Էլի եմ ասում՝ մենք սկզբունքորեն դեմ չենք, բայց պետք է մեր աշխատանքի համար համապատասխան պայմաններ ստեղծեն, մեր պահանջն այն է, որ մեր փորձադաշտը կառուցեք, ում հետ ուզում եք՝ գնանք միավորվենք, մեծանանք, լավ գործեր անենք, բայց նախ փորձադաշտ պետք է ունենանք, ուզում եք Աշտարակում կառուցեք, բայց՝ կառուցեք, մենք կգնանք Աշտարակում կաշխատենք»։
Ինչ վերաբերում է ժամկետներին, ապա այստեղ էլ դեռ ոչ մի հստակ բան չկա․ «Ճիշտն ասած, խոսակցությունը վերջին 10-20 օրը մի քիչ սառել է, ես իմացա, որ հիմա էլ խոսակցություն է գնում, որ միացման այդ տարբերակները դեռ չանեն, այլ ինստիտուտները միանան բուհերին։ Հիմա այդ տարբերակն է քննարկվում, որ ակադեմիայի ինստիտուտները միանան բուհերին։ Օրինակ, մենք միանանք ԵՊՀ-ին ու համալսարանի Կենսաբանության ֆակուլտետի ուսանողների համար բազա լինենք»։ Բայց դա հնարավորություն կտա՞ պահպանել իրենց ինստիտուտն ու շենքային տարածքները։ «Դե, բոլոր դեպքերում, ում հետ էլ միանանք, միավորում թե կենտրոն ստեղծենք, կա՛մ մենք պիտի մնանք մեր տեղում, որովհետեւ մեր փորձարարական կայանը գտնվում է այստեղ, դա հողային կայան չէ, որ որտեղ էլ լինի՝ կլինի, դա գործարան է, կա՛մ էլ պետք է նոր գործարան կառուցվի մեզ համար»։
Այսինքն՝ ինստիտուտների համար պակաս ցավոտ կլինի միավորումը բուհերի՞, քան թե իրար հետ։ «Ես սկզբունքորեն ոչ մի տարբերակին էլ դեմ չեմ, բայց մեր դեպքում կա փորձակայանի անհրաժեշտություն։ Այսինքն՝ եթե ընդհանուր ծրագիր է, եւ ուզում են ինչ-որ լավ բան անել, մենք դրան չենք խանգարի, եթե, իհարկե, դա լավ բան է, բայց նախ մեզ համար պետք է ստեղծեն աշխատանքային պայմաններ։ Կկառուցեն՝ կգնանք, ոչ՝ ոչ»։
Կարծիքներ