Ժողովրդի անունից եւ ժողովրդի դեմ

Ժողովրդի անունից եւ ժողովրդի դեմ

Ժողովրդի անունից եւ ժողովրդի համար իշխանության եկած մարդիկ 2 տարում բազմիցս ապացուցել են, որ ժողովրդի հոգսն իրենց հոգսը չէ։ Ժողովրդին ամեն օր կարելի է սեր բացատրել, բայց այդ ժողովրդի տարբեր հատվածներին մամլիչի տակ դրած ճզմել։ Ժողովուրդ չե՞ն այն բոլոր մարդիկ, ովքեր ստիպված են լինելու հաջորդ տարվանից բարձր գույքահարկ վճարել, չնայած նրանց եկամուտներն այս ընթացքում ոչ թե աճել են, այլ՝ նվազել։ Ժողովուրդ չե՞ն այն մարդիկ, ովքեր մնացել են առանց աշխատանքի, եւ անգամ խոպանի ճամփան է փակվել նրանց համար, եւ միայն սովի հեռանկարն է առջեւում։

Ժողովուրդ չե՞ն անձեռոցիկ, փուչիկ, գրիչ վաճառողները, որոնց աշխատած լումաներից էլ են որոշել հարկ գանձել։ Ժողովուրդ չե՞ն առեւտրով զբաղվող այն բոլոր մարդիկ, որոնք երեկ բողոքի ակցիա էին անում կառավարության շենքի առաջ՝ ըմբոստանալով ներկրված ապրանքի մաքսազերծման գների մի քանի անգամ բարձրանալու դեմ, ինչին ի պատասխան՝ հայտնի մականվամբ ՊԵԿ փոխնախագահն ասուլիս հրավիրեց ու հայտարարեց, որ հետնահանջ չի լինելու՝ գները բարձրանալու են։ Ժողովուրդ չե՞ն այն վարորդները, որոնք հեղափոխության ժամանակ վառ հույսեր ունեին, որ իշխանափոխությունից հետո իրենց այդպես անխղճորեն չեն տուգանելու՝ տեսախցիկները, կարմիր գծերը, վարորդական միավորները նախկին «թալանչի» իշխանությունների հորինածն էին, նորերը ժողովրդի կողմից են ու կհանեն այդ տույժ-տուգանքները։ Ժողովուրդ չե՞ն այն բոլոր մարդիկ, որոնք ընկնում են պլան կատարող ոստիկանների ճանկը եւ դիմակի բացակայության համար արդեն մի քանի միլիոն դոլար են «պարտք» իշխանություններին։ Ժողովուրդ չե՞ն ռեստորանատերերը, մշակույթի գործիչները, տնազուրկները, Ամուլսարի համայնքների բնակիչները, որոնք ամիսներ շարունակ ակցիաներ են անում կառավարության շենքի մոտ։