Հայկական անախրոնիզմ

Հայկական անախրոնիզմ

Ադրբեջանական մամուլում կարդացի թուրք լրագրողի այդ դիտարկումը. «Որեւէ մեկը (Թուրքիայում՝ Վ. Ա.) բարձի տակ ռուբլի՞ է պահում… թուրքական հասարակությունում ավելի ու ավելի շատերն են ծննդաբերելու գնում արտասահման, առանձապես՝ ԱՄՆ: Իսկ որեւէ մեկն ուզու՞մ է, համենայն դեպս, երեխա ծնել Մոսկվայում, որպեսզի ռուսաստանյան քաղաքացիության հավակնի: Վերջին հինգ տարում կեցության կարգավիճակ ստանալու համար թուրքերն ավելի շատ անշարժ գույք են գնել Լոնդոնում, քան՝ հարազատ Իզմիրում: Կեցության կարգավիճակ ստանալու համար Իսպանիայում, Մալթայում եւ Հունաստանում հերթեր են: Իսկ կա՞ մեկը, որ կեցության կարգավիճակի համար պատրաստվում է բնակարան գնել Մոսկվայում: Ինչու՞ եմ սա ասում: Փչացել են ԱՄՆ-ի հետ հարաբերությունները, մենք մերձեցել ենք Ռուսաստանի հետ: Ամերիկյան Patriot ՀՕՊ համակարգը չստացվեց- կվերցնենք ռուսական C-400: Չի ստացվում F-35-ը, ոչինչ, Ռուսաստանից ձեռք կբերենք Cy-57: Մի՞թե որեւէ մեկը մտածում է, որ մի մարդու քմահաճույքի պատճառով կարելի է այդքան հեշտ փոխել դաշինքը: Եւ եթե Սպիտակ տան մարդը վատն է, դրանից Կրեմլի մարդը դառնում է լա՞վը»:

Ընդ որում, հեղինակը քեմալիզմի հետեւորդ է, Էրդողանի երդվյալ քննադատը: Բայց, ինչպես տեսնում ենք, իր երկրի համար սկզբունքային նշանակության հարցում քաղաքացիական կեցվածք է պահում: Ինչու՞ անդրադարձա եւ ծավալուն մեջբերում արեցի: Որովհետեւ այս տողերը կարդալուց մի քանի րոպե առաջ Youtube-ում դիտում էի Արծրուն Պեպանյանի հեղինակային հաղորդումը: Թեման՝ «Ի՞նչ կաներ Գարեգին Նժդեհը, եթե Հայաստանի վարչապետը լիներ»: Ապշելու բան: Ավելի քան 40 րոպե եթերային ժամանակ է ծախսվում, որ ի՞նչ: Նժդեհն իր ժամանակի գործիչն էր, արել է՝ ինչ կարողացել է, որքանով թույլ են տվել հանգամանքները: Հարյուր տարի անց Նժդեհի՞ն պիտի ուղեցույց ունենանք, նժդեհականությու՞նն է երկիր կերտելու ծրագիր: Իրականությունը «եթե, ապա»-ի տեղ չունի: Աշխարհը փոխվում է, մենք Նժդեհի՞ն ենք սպասում: Այս անախրոնիզմը մինչեւ ե՞րբ է շարունակվելու: Հետեւեք թուրք լրագրողի մտքի ճկունությանը: Ահա թե ինչու է ասված՝ «թուրք դիվանագետը չի պարտվում»: Որովհետեւ թուրք հասարակությունը դիմադիր չի կանգնում: Աթաթուրքի դամբարանը կա, ֆորմալ պաշտամունք՝ նույնպես: Բայց թուրք լրագրողը չի հարցնում՝ «ի՞նչ կաներ Աթաթուրքը, եթե Թուրքիայի նախագահը լիներ»: Նա հարկավոր պահին իր վճռական խորհուրդն է տալիս նախագահ Էրդողանին: Որովհետեւ քաղաքականությունը կենդանի ընթացք է: