Նշաձողը՝ անդունդ

Նշաձողը՝ անդունդ

ԵԱՀԿ Մինսկի խմբի «վաղաժամ մահվան» մասին ոչ միայն Բաքվի, այլեւ արդեն Մոսկվայի եւ մյուս բեւեռների կողմից շարունակական հիշեցումների ժամանակագրությունն ուշագրավ է հետպատերազմյան մեկուկես տարվա հատույթում։ Պատերազմից հետո, ընդհուպ մինչեւ Փաշինյանի արտահերթ վերարտադրությունը, նոր օրակարգ էր ձեւավորվել Մինսկի խմբի համանախագահների եւ, մասնավորապես, Մոսկվայի ջանքերով, եւ պարբերական էին մի կողմից Արցախի կարգավիճակի ճշգրտման կարեւորության, մյուս կողմից՝ հակամարտության հանգուցալուծված չլինելու եւ այն մադրիդյան սկզբունքների ու տարրերի հիմքի վրա կարգավորելու մասին հիշեցումները։ Իշխանության վերջնական ուզուրպացումից հետո, սակայն, Փաշինյանը հարկ չհամարեց անգամ Մինսկի խմբի մանդատի կարեւորությունն իբրեւ գերակայություն սահմանել եւ օգտվել միջազգային բարեպատեհ այդ իրավիճակից։

Արդյունքում՝ եթե ամիսներ առաջ միջազգային հանրության ազդեցիկ դերակատարները, ի հեճուկս Բաքվի եւ, որքան էլ տարօրինակ է՝ Երեւանի, պնդում էին, թե արցախյան հիմնահարցի վերջնական կարգավորումը պատվիրակված է ԵԱՀԿ Մինսկի խմբին, այսօր այդ նույն ուժային կենտրոններն անդառնալիորեն փակել են Մինսկի խմբի էջը եւ լծվել հայ-ադրբեջանական ուղիղ երկխոսության կազմակերպմանը։ Բնական է, որ բանակցային միակ լեգիտիմ ձեւաչափի կազմաքանդումը տենչող Անկարան եւ Բաքուն գործում են սեփական շահերին համահունչ, այդ նրանք չեն, որ դավաճանել են մեր պետական շահերին, այլ հայաստանյան իշխանությունն է։

Գուցե անգամ գերադասելի է, որ Թուրքիան եւ Ադրբեջանը, շողոմ խոսքերով իրականությունը քողարկելու փոխարեն, խոսեն հենց այդ լեզվով՝ ե՛ւ մեզ, ե՛ւ միջազգային հանրությանն առավել տեսանելի դարձնելով իրենց նպատակները։ Բայց ինչո՞ւ է նույն այդ լեզվով խոսում հայաստանյան վարչախումբը։ Ինչո՞ւ է Փաշինյանի իշխանությունը, թիկունք կանգնելով Էրդողանի եւ Ալիեւի ռեժիմներին, արտաքին հարաբերություններում գործում մեր ազգային շահերին հակոտնյա տրամաբանությամբ, ստով, կեղծիքներով եւ աճպարարություններով հիմնավորում, օրինակ, թե իբր Բերձորը եւ հարակից գյուղերը պետք է հանձնվեն թշնամուն։ Ո՞րն է Փաշինյանի եւ Ալիեւի տարբերությունը, երբ առաջինը ներքին լսարանին համոզում է հերթական պարտության անխուսափելիության հարցում, երկրորդը՝ հպարտանում դրանով։

Փաշինյանի ամեն հաջորդ հրապարակային չքմեղացում մի կողմից ուղղակիորեն հարվածում է Հայաստանի պետական եւ ազգային շահերին, մյուս կողմից՝ անդառնալի հարված հասցնում ռազմավարական դաշնակցի հետ գործակցությանը։ Լավրովի հասցեին նրա վերջին հոխորտանքը, նախկինում քաղաքականապես անպատշաճ ձեւակերպված մի շարք մտքեր, ի վերջո, բերում-հանգեցնում են նրան, որ ռուսական կողմը գրեթե ուղղակիորեն հայկական կողմին է մեղադրում պատերազմի մեջ ներքաշվելու, այն չդադարեցնելու, դրանից առաջ՝ բանակցությունները զրոյական կետից սկսելու, դրանց բովանդակությունն աղճատելու եւ այլափոխելու համար։ Հիմա արդեն վիճակը ոչ թե զրոյական մակարդակի է, այլ անդունդին է հասցված, զրոյական կետը վերականգնելու տեսական հնարավորություններն անգամ կորսված են, եւ իշխանությանը մնում է միայն վերջնականապես ձեւախեղել մեր երբեմնի ձեռքբերումները։

Ակնհայտ է, որ Արցախի սահմանադրական տարածքի հերթական հատվածը թշնամուն անարյուն նվիրաբերելը եւս անհետեւանք է մնալու, այս իշխանությունը շարունակելու է պաշտոնավարել, նույնիսկ ավելի է հղփանալու, իսկ ծայր առած հերթական մարդասիրական ճգնաժամին ու հարյուրավոր նոր փախստականներին վերաբերվելու է ընդամենը որպես ընթացիկ իրողության։ Գուցե վարչախմբի նպատակն իրապե՞ս Արցախի վերջնական հայաթափումն ու պետականազրկումն է։ Եվ, ի վերջո՝ կա՞ հանրային գիտակցում, որ պատերազմական հազարավոր զոհերի ու տասնյակ հազարավոր վիրավորների եւ փախստականների՝ շարունակաբար աճող վիճակագրության պատասխանատուն օրվա իշխանությունն է, եւ ոչ մի բարբաջանք ու այլոց հանդեպ մեղադրանքի սլաքների ուղղորդում ի զորու չեն չեղարկելու այս բացարձակ ճշմարտությունը։

Դավիթ Սարգսյան