Հիմնասյուներն են ջարդում

Հիմնասյուներն են ջարդում

Վերջին մի քանի տարիների իրադարձությունները մի տեսարանի եմ նմանեցնում՝ մենք ազգովի կանգնած ենք լեռան լանջին եւ դատապարտվածի նման հետեւում ենք, թե ինչպես է հսկայական ձնագունդը մեծ արագությամբ, իր ճանապարհին կլանելով ամեն ինչ, մոտենում մեզ։ Ո՛չ փախչելու տեղ ունենք, ո՛չ թաքնվելու, սոսկումով հետեւում ենք մեր վախճանի մոտենալուն։ 3

տարի շարունակ մենք լռելյայն հետեւում ենք, թե ինչպես է քանդվում պետությունը, ինչպես են ավերվում գործող համակարգերը, ոչնչանում տասնամյակներով ձեւավորված ավանդույթները, խորտակվում մեզ՝ որպես ազգ միավորող գաղափարները, թե ինչպես է հասարակությունը հրաժարվում  հավատքից ու սկզբունքներից, ինչպես է հաշտվում այն ամենի հետ, ինչի դեմ տարիներով կատաղի պայքար է մղել, ինչը մերժել է ու դատապարտել։ Եվ ամենակարեւորը՝ իր գոյության ողջ ընթացքում գովերգել ու ձգտել է միասնության, իսկ այսօր այնպես է պառակտվել ու մանրացել, այնքան տարաձայնություն ու անհաշտություն է կուտակել, որ թվում է՝ հարյուրամյակների ընթացքում անգամ չի հաղթահարելու։ Մի քանի կոնստանտ հասկացություններ ունեինք մեր պատմության ընթացքում ձեւավորած։ Դրանցից մեկը հայկական ընտանիքի հանդեպ անխախտ սերն էր ու ընտանեկան օջախին նվիրվածությունը՝ երիտասարդ իշխանավորներին հաջողվեց պառակտում գցել անգամ ընտանիքներում՝ հորը հանելով որդու դեմ, եղբորը՝ քրոջ դեմ, կնոջը՝ ամուսնու։

Մյուս կոնստանտը մեր սերն ու նվիրվածությունն էր Արցախին եւ նրա անկախության գաղափարին՝ դա էլ ոտնակոխ արվեց, անգամ Արցախի իշխանությունների ու ՀՀ իշխանությունների միջեւ պառակտում մտցրին։ Հաջորդ կայուն սյունը մեր միասնականությունն էր՝ 1915 թվականի եղեռնի եւ ցեղասպանությունն աշխարհին ճանաչել տալու հարցում, դա էլ այլեւս գոյություն չունի։