Մշակույթը՝ Արցախի մանուկների կողքին

Մշակույթը՝ Արցախի մանուկների կողքին

Մշակութային գործիչները հանդես են գալիս Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին աջակցելու նախաձեռնություններով։ Մասնավորապես, մշակութային մի շարք կազմակերպություններ հայտարարել են բարեգործական համերգների ու ներկայացումների մասին։

Նախաձեռնության մեկնարկը տրվել է «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի Երեւանյան 15-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում: Համերգի տոմսերի վաճառքից գոյացած հասույթը կուղղվի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների աջակցությանը:

Երեւանի պետական տիկնիկային թատրոնում ներկայացումների մուտքն ազատ է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների համար։ «Այս դժվար օրերին երեխաները չպետք է զրկվեն իրենց մանկությունից, նրանք պետք է շարունակեն հավատալ հրաշքներին: Ուստի այսուհետ մեր ներկայացումների մուտքն Արցախի երեխաների համար ազատ Է: Մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի երեխաներն ունենան անհոգ մանկություն: Սիրելի հայրենակիցներ, տոմսերը սահմանափակ են, ինչի պատճառով խնդրում ենք ամրագրել Ձեր տոմսերը՝ նախապես զանգահարելով մեզ՝ 010-520-254, 011- 444-777»,- նշված է թատրոնի տարածած հայտարարության մեջ։

Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնը եւս իր դռները բացել է Արցախի մանուկների առաջ եւ առաջարկում է հոկտեմբերի 2-ին դիտել «Գծավորը» (մանկական 3+) ներկայացումը, որի մուտքն ազատ է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար։

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների կրթամշակութային ժամանցի կազմակերպման նպատակով հայտարարել է անվճար ծառայություններ՝ շրջայց գրադարանում, հեքիաթապատում, տիկնիկային ներկայացման դիտում: Երեխաների խմբերի հերթագրման եւ հարցերի դեպքում կարելի է զանգահարել 060-271-138 հեռախոսահամարով: Մշակութային հաստատությունների կողմից իրականացվող նմանօրինակ նախաձեռնությունները կլինեն շարունակական։