Մանանեխ՝ ճաշից հետո

Մանանեխ՝ ճաշից հետո

Անցած տարիներին համայնքների վարչատարածքային բարեփոխումները կազմակերպվել են գրեթե անտեսելով բնակիչների կարծիքները։ Նոր կառավարությունն այլ մոտեցում է դրսեւորել․ քննարկմանն է ներկայացրել կառավարության օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ ՀՀ ՏԿԵ նախարարի գրությամբ փաստաթղթերի փաթեթը եւ գյուղապետերին երեք օր ժամանակ տվել՝ բնակիչներին ծանոթացնել դրա բովանդակությանն ու պատրաստ լինել համայնքների խոշորացման թեմայով քննարկումներին։

«Բարձրադիր մարզերում այդ ծրագիրն իրագործելուց հետո կարծում էինք, թե նոր ղեկավարությունը ետ կկանգնի ոչինչ չտվող այդ որոշումից։ Եթե Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի համայնքներում քիչ թվով ընտանիքներ են ապրում, եւ գյուղերի միավորումն ինչ-որ իմաստով արդարացված էր, ապա Արմավիրի դեպքում ճիշտ հակառակն է։ Այստեղ խիտ բնակեցված է։ Գյուղեր կան՝ 3 հազարից ավելի բնակիչ ունեն։ Խոշորացնելով՝ քաղաքի չափ է դառնում, բայց քաղաք չի դառնում, էլի մնում է գյուղ։ Էդ մեծ գյուղի ղեկավարը լինելու է մեկը, որը խնդիրների դեպքում առաջնահերթությունը տալու է այն համայնքին, որտեղ ինքն է ապրում»,- խոշորացման դեմ տեսակետ արտահայտեց Աղավնատուն գյուղի բնակիչ Գուրգեն Սիմոնյանը։
Կառավարության նախաձեռնությամբ Արմավիրի մարզում նախատեսվում է իրականացնել համայնքների միավորման երկու ծրագիր։ Կձեւավորվեն երկու խոշոր համայնքներ, որոնցից մեկը կկոչվի Տարոն, մյուսը՝ Դողս։ Տարոնը կներառի 7 համայնք, Դողսը՝ 16։ 

«Անհամաչափ բաժանման տրամաբանությունը չենք հասկանում։ Հետո․ գյուղը հո միայն տարածք չէ՞, որ բաժանեն կամ բազմապատկեն։ Գյուղն առաջին հերթին բնավորություն ունեցող մարդկանց համախումբ է, կենսագրություն է, որ արմատներ ու պատմություն ունի։ Հիմա բերել ասում են՝ տարբեր բնավորությամբ ու տարբեր կենսագրություններով խմբերի միավորում ենք, որ բյուջե տնտեսենք։ Բյուջե տնտեսելը վատ չի, բայց չե՞ք մտածել, որ շահեր են բախվելու․ խոշորացված համայնքի ղեկավարը կողմնակալ է լինելու․․․, չասեք՝ կանխակալ կարծիք եք ասում․ Տավուշի մարզի փորձը կա, բարեկամներ ունեմ այնտեղ, խոսել եմ, դժգոհ են»,- ասաց Մրգաստան համայնքից Արամայիս պապը։

Արմավիրի մարզում համայնքներ կան, որ 3-4 հազար բնակիչ ունեն: Դրանց միավորումից բնակչության ընդհանուր թիվը կանցնի 18 հազարը, մինչդեռ խոշորացման պարագայում այդ թիվը չպետք է գերազանցի 12 հազարը: 

«Ասենք, խոշորացված համայնքի ղեկավար ընտրվեց Հայթաղից ինչ-որ մեկը։ Նա Շահումյանում ապրող բնակչին ճանաչելո՞ւ է, որ հարկ եղած դեպքում օգնության ձեռք մեկնի։ Դեռ հարց է՝ գյուղացին նրան տեսնելու բախտ ունենալո՞ւ է․․․ Հո առաջվանը չի՞, որ գործից ազատ ժամանակ գնա գյուղապետարան, խնդիրը բարձրացնի։ Հիմա կենտրոն պիտի հասնի, իսկ դրա համար միջոցներ ու ժամանակ է պետք․․․ Էդ լրիվ գյուղացին է քաշելու։ Իմ կարծիքով՝ խոշորացման  ծրագիրը գյուղացու գրպանին է խփում․ ես այդպես եմ հասկանում․․․»,- սա էլ Ջիվան Մանուկյանի վերլուծությունն է։  

Հողի, ջրի, գույքի վիճահարույց հարցերը, որ գյուղերում եղել ու լինելու են, եւ որոնք մեծ մասամբ լուծվել են համայնքների ղեկավարների միջամտությամբ, միավորման դեպքում օդից կախված են մնալու՝ ասում էին գյուղացիները: Նրանք մտավախություն ունեն, որ խշորացված համայնքի ղեկավարը, նույնիսկ ցանկության դեպքում, չի հասցնելու ծանոթանալ այդ խնդիրներին: 
Գյուղացիներին զարմացրել է նաեւ թեմայի շուրջ քննարկում կազմակերպելու կառավարության կոչը։ «Եթե արդեն հունիսի 14-ն ընտրության օր են նշանակել, քննարկումն էլ ինչի՞ համար է։ Ճաշից հետո մանանե՞խ․․․»։