Իրանին ձեռնտու չէ այս իրավիճակը, պատերազմի շարունակականության պատճառով փորձում է միջամտել գործընթացին որևէ կերպ. Գարիկ Միսակյան

Իրանին ձեռնտու չէ այս իրավիճակը, պատերազմի շարունակականության պատճառով փորձում է միջամտել գործընթացին որևէ կերպ. Գարիկ Միսակյան

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Աբբաս Արաղչին Ադրբեջան, Հայաստան, Ռուսաստան, Թուրքիա կատարած այցերով ներկայացնելու է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման իրանական ծրագիրը։ Մինչ այցելություններն իրանցի դիվանագետը որոշ փակագծեր էր բացել ծրագրի բովանդակության վերաբերյալ։   

Թեմայի շուրջ «Հրապարակը» զրուցել է իրանագետ Գարիկ Մինասյանի հետ։

-Պարո՛ն Միսակյան, այսօր Իրանին փոխարտգործնախարարն այցելել է Բաքու, նաև Երևան է այցելելու, տարածաշրջանային երկրներ։ Խոսել է Իրանի կողմից կազմված ծրագրի մասին, որոշ մանրամասներ է ներկայացրել, խոսել է Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին, «գրավյալ տարածքների վերադարձի» մասին։ Ըստ Ձեզ՝ Իրանն ի՞նչ է ուզում սրանով ասել։

-Ընդհանուր առմամբ, եթե անդրադառնանք, թե ինչ է ուզում անել։ Իրանը տարածաշրջանում Թուրքիայի ակտիվացումից հետո արդեն փորձում է ակտիվանալ և ներգրավվել Արցախյան հակամարտության բանակցային գործընթացում։ Նաև փորձում է իր սահմանների համար այս վտանգավոր պատերազմն արդեն դադարեցնել և վերածել բանակցային լուծումներ ստացող հակամարտության։ Իսկ Ադրբեջանի հետ կապված, իմ կարծիքով, Իրանում արդեն փորձ են անում պայքարել Ադրբեջանում թուրքական ազդեցության դեմ, նաեւ հավանաբար սեփական քաղաքական խնդիրները լուծելու համար, կամ նույնիսկ եթե իրենց քաղաքական գործընթացներում կա Բաքվում որևէ իրանամետ գործիչներ տեսնել կամ իշխանափոխություն իրականացնել, որը չեմ կարծում իրատեսական է, սակայն կա երևի Իրանի քաղաքականության մեջ։ Իսկ տարածքային ամբողջականության մասին խոսելով՝ Իրանն իր մշտական քաղաքական թեզն է պաշտպանում, քանի որ ինքն էլ ունի ազգային փոքրամասնությունների և տարածքային ամբողջականության պաշտպանության խնդիր, մշտապես նշում է պետական սահմանների փոփոխության անթույլատրելիության մասին՝ գիտակցելով, որ ԱՄՆ-ի, Թուրքիայի և իր մնացած թշնամիների կողմից նաև Իրանի մասնատման փորձեր են արվում երկար տարիներ։ Նաև սեփական ազգային անվտանգության տեսանկյունից չի կարող որևէ պետության մեջ ազգերի ինքնորոշումից խոսել, քանի որ ինքն էլ իր երկրում ունի նման խնդիր։ Իսկ «գրավյալ տարածքների» մասին հայտարարությունը, իմ կարծիքով, նկատի ունի մեր անվտանգային գոտին՝ 5, 7 շրջանները և դրանց վերադարձի հետ կապված խնդիրները։ Իրանը նաև այդ առաջարկով փորձում է մտնել բանակցային գործընթաց՝ սիրաշահելով նաև Բաքվին։ Սա նաեւ դեմ է մեր պաշտոնական քաղաքականությանը։ Իմ կարծիքով՝ սա Իրանի կողմից սխալ է, քանի որ ներկա պահին կամ իր հարևանությամբ գտնվող Հայաստանից և Արցախից ինքը որևէ վտանգ չի զգացել, նույն այդ անվտանգային գոտու տարածքներից են նաև իրանա-արցախյան սահմանի տարածքները, որոնք Իրանի համար, կարելի է ասել, ամենաանվտանգ սահմաններից են եղել։ Եվ Իրանը պետք է փորձեր գոնե չթողնել այդ սահմանների նկատմամբ վերահսկողության անցնելը կամ չպահանջեր դրանց վերադարձը Ադրբեջանին, քանի որ այդտեղ հավանաբար նույն ահաբեկչական խմբավորումները և այլն տեղափոխվելու են կամ բնակություն են հաստատելու այդ տարածքներում։ Եթե իհարկե կարողանան ամրապնդվել, որը ներկա փուլում ռազմական գործողությունների շարունակականության տեսանկյունից իրատեսական չէ։

-Բացի տարածքների հարցից, փոխարտգործնախարարը որպես ծրագրի հիմքերից մեկը նշել էր նաեւ փոքրամասնությունների իրավունքների հարցը։

-Ծրագրի խնդիրներից մեկն է, սակայն ինքը հարցազրույցում բավականին մակերեսային է անդրադարձել։ Այսինքն՝ նույն դեպքում կարելի ենթադրել, որ նկատի ունի ազգերի ինքնորոշման կամ այն գաղափարն է, որը մեր շահերից չի բխում՝ Արցախի կարգավիճակն Ադրբեջանի Հանրապետության տարածքում։ Սակայն Իրանի պաշտոնական մակարդակում դեռևս ամբողջությամբ չի բացվել այդ ծրագիրը։ Հավանաբար փորձելու են բոլոր երկրների մայրաքաղաքներ այցերից հետո ավելի բացահայտել այդ ծրագիրը։ Իմ կարծիքով՝ պետք է սպասենք Երևան կատարվելիք այցին և այդ ժամանակ տեղի ունեցող հայտարարություններին, քանի որ կարող են նաեւ Բաքվում արված հայտարարություններն ավելի ականջահաճո կոնտեքստ տրվել ադրբեջանական ներքին լսարանի համար կամ բանակցություններում ներգրավվելու նպատակով Ադրբեջանի հավանությունը ստանալու համար։

-Խոսեցիք տարածքային ամբողջականության վերաբերյալ Իրանի մտավախությունների մասին։ Նկատի ունե՞ք, որ եթե Իրանը չխոսի տարածքային ամբողջականության մասին, Բելուրիստանի, Իրանի Քրդստանի հարցը հնարավո՞ր է, որ շահարկվի։ 

-Հնարավոր է, որ շահարկվի, քանի որ երկար տարիներ իսլամական հեղափոխության հաջորդ տարիներից սկսած և՛ Քրդստանում, Բելուջիստանում և Հյուսիսային Ատրպատականի շրջանում անջատողական շարժումներ եղել են, ճնշվել են, ներկա պահին լուրջ անվտանգային ուժ ունի Իրանը սակայն չի կարող ընդհանուր առմամբ լինել բազմաէթնիկ պետություն, միանշանակ խոսել ազգերի ինքնորոշման իրավունքից, քանի որ դա չի բխում Իրանի շահերից, և մշտապես բոլոր հարթակներում գոյություն ունեցող տարածքների փոփոխությունից խուսափել է գոնե պաշտոնական մակարդակում, իսկ մինչև պատերազմ սկսելու, Արցախյան հակամարտության բանակցային գործընթացների փուլում Իրանը մշտապես նշել է խաղաղ, բանակցային ճանապարհով կարգավորվելը։ Իրանի ձեռնտու չէ այս իրավիճակը, պատերազմի շարունակականության պատճառով փորձում է միջամտել գործընթացին որևէ կերպ։

-Հայաստանն ի՞նչ քաղաքականություն պետք է վարի Իրանի հետ, նաեւ հայտարարությունների տեսքով, որ հնարավորինս մեր օգտին լինեն այս բանակցություններն Իրանի ներգրավվածության պարագայում։

-Եթե չեմ սխալվում՝ արդեն մեր ԱԳՆ-ի կողմից եղել է հայտարարություն, որ մեզ համար թույլատրելի չէ բանակցային ֆորմատի, այսինքն՝ Մինսկի խմբի փոփոխությունը։ Իմ կարծիքով՝ Իրանի հետ աշխատանքներում նախ դիվանագիտական ակտիվություն պետք է նկատվի, որը կարծում եմ, որ կա։ Նաև պետք է հասկացվի, որ քանի դեռ պատերազմական գործողություններն ընթանում են, և բացահայտ ագրեսիա է Արցախի Հանրապետության դեմ և՛ ահաբեկիչների ներգրավմամբ, և՛ Թուրքիայի ներգրավմամբ, և՛ Ադրբեջանի հետ թուրքական և իսրայելական զինտեխնիկայի ներգրավմամբ։ Այսինքն՝ Հայաստանը գործնականում պատերազմում է տարածաշրջանային մի քանի երկրների հետ, և Իրանը նաեւ պիտի հասկանա, որ իր համար անվտանգային խնդիր է։ Այսինքն՝ եթե պիտի բանակցային լուծումով լինի այս խնդիրը, կամ եթե պիտի խոսվի ինչ-որ իրավիճակի փոփոխության կամ «ստատուս-քվո»-ների մասին, ապա պետք է նախ դադարեցվի ագրեսիան Արցախի Հանրապետության հանդեպ, որը Արցախի կոմից չի սանձազերծել։ Նաեւ Իրանից պետք է ակնկալել գործուն քայլեր նախ այդ ագրեսիան խոչընդոտելու, հետո նոր բանակցային գործընթացին ներգրավվելու մասին։ Այսինքն՝ սա կարող է նաև մի քիչ ուշացած լինել Իրանի կողմից, քանի որ սպասեց բավական երկար, պատերազմական գործողություններին հետևեց, նոր սկսեց դիվանագիտական մակարդակում միջամտել։ Ռազմաքաղաքական ղեկավարությունը բավականին երկար ժամանակ էր զինտեխնիկա տեղափոխում սահման և ահաբեկիչների հետ կապված բավականին կոշտ հայտարարություններ էր անում։ Նույն Արաղչիից պետք է սպասել, որ Հայաստանում անդրադառնա ահաբեկիչների հետ կապված խնդրին, քանի որ տարածաշրջանում դրանց հայտնվելը նաև վտանգավոր է Իրանի ազգային անվտանգության համար։