Արդարացված եւ չարդարացված հույսեր
Մարզական կյանքն այս օրերին ոչ միայն աչքի ընկավ հեղինակավոր իրադարձություններով, այլեւ Հայաստանը ներկայացնող մարզիկների բավականին տպավորիչ ելույթներով: «Հրապարակն» արդեն անդրադարձել է երիտասարդ ծանրորդների մեքսիկական ստուգատեսին, որտեղ աշխարհի չեմպիոնների տիտղոսին էին արժանացել մեր հայրենակիցներ Ալեքսանդրա Գրիգորյանը եւ Գոռ Սահակյանը: Այնուհետեւ այստեղ ուժեղագույնի ոսկե մեդալ նվաճեց նաեւ 102 կգ քաշային Գարիկ Կարապետյանը: Նա վստահ առավելության հասավ իր բոլոր մրցակիցների նկատմամբ՝ երկամարտում գրանցելով 378 կգ (175+203), գլխավոր մրցանակին ավելացրեց եւս երկու փոքր ոսկե մեդալ՝ իր առավելությունը դրսեւորելով նաեւ պոկում եւ հրում վարժություններում:
Հիշենք նաեւ, որ ամռանը կայացած Եվրոպայի առաջնությունում էլ այս մարզաձեւից ունեցանք երկու չեմպիոն, եւ այս փաստը գալիս է վկայելու, որ ծանրամարտում գործող բարի ավանդույթները շարունակվում են: Նույնը կարելի է ասել նաեւ բռնցքամարտի մասին` կաշվե ձեռնոցի ապագա վարպետներ Էլիդա Քոչարյանն ու Ռուսլան Ապիկյանը Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում անցկացված Եվրոպայի առաջնությունից հայրենիք վերադարձան որպես անպարտելիներ: Ի դեպ, հենց հիմա էլ Երեւանի «Միկա» մարզական համալիրում ընթանում է ավագ տարիքի պատանի բռնցքամարտիկների աշխարհի առաջնություն 60 երկրների շուրջ 600 ներկայացուցիչների մասնակցությամբ: Վերջնական արդյունքները հայտնի կդառնան դեկտեմբերի 4-ին:
Գովեստի են արժանի նաեւ մեր շախմատիստները, որոնք նույն Բուդվայում կայացած աշխարհամասի թիմային առաջնության վճռական հանդիպման ժամանակ կարողացան 2,5:1,5 հաշվով պարտության մատնել Անգլիայի հավաքականին եւ ճանաչվեցին բրոնզե մրցանակակիրներ: Անհատական հաշվարկում էլ Էլինա Դանիելյանն ու Սամվել Տեր-Սահակյանը գրավեցին երրորդ տեղը:
Այս ամենի ֆոնին այն, ինչ գրանցվեց ֆուտբոլային ասպարեզներում, կարելի է որակել մեկ բառով` ահավոր: Ստացվեց այնպես, որ նույն օրը` նոյեմբերի 21-ին, մեր գլխավոր ազգային ընտրանին, ինչպեսեւ 19 ու 21 տարեկանների հավաքականները, եվրաառաջնության նախնական մրցափուլի ծրագրով անցկացրին տարվա ավարտական խաղերը: Եվ ի՞նչ: Այն, որ երեքն էլ պարտություններ կրեցին ամոթալի՝ 2:10 ընդհանուր հաշվով: Մեր թիվ մեկ ընտրանու ավագ մարզիչ Ալեքսանդր Պետրակովը մի պարզ նախադասությամբ բնորոշեց 1:0 հաշվով ավարտված Խորվաթիա-Հայաստան հանդիպումը` «Մենք խաղացինք լավ թիմի հետ»: Իսկ ո՞ր մարզասերը չգիտի, որ խորվաթական ֆուտբոլը մեծ հեղինակություն է վայելում թեկուզեւ այն պատճառով, որ աշխարհի վերջին երկու առաջնությունների արծաթե եւ բրոնզե մրցանակակիր է: Իսկ այս դեպքում միայն հաղթանակն էր ապահովելու նրա տեղը Եվրոպայի չեմպիոնի կոչման 24 հավակնորդների շրջանում: Մինչդեռ մեր թիմի տխուր ճակատագիրը նախապես էր հայտնի...
Իսկ ահա նախնական խաղերի մեկնարկը խոստումնալից էր` մեր հավաքականը երկու հաղթանակ էր տարել նախ Ուելսի թիմի նկատմամբ նրա դաշտում, երեք միավոր էլ շահել էր լատվիացիների հետ խաղի ժամանակ: Բայց ո՞ւմ մտքով կանցներ, որ հետագայում մեր ընտրանու օգտին գրանցվելու է սոսկ երկու միավոր, եւ սա հետեւանք էր զարմանալիորեն պարզունակ ելույթների: Դա հատկապես ակներեւ դրսեւորվեց Ռիգայում, ամենաթույլ մրցակիցների` լատվիացիների հետ խաղում: Առաջին խաղակեսում, հաշիվը բացելուց հետո, դաշտի տերերը զրկվեցին մի խաղընկերոջից․ կոպտության համար նա հեռացվեց դաշտից, եւ մեր ֆուտբոլիստների համար շատ հարմար հնարավորություն ստեղծվեց՝ փոխելու խաղի ընթացքը, իրենց կամքը թելադրելու հակառակորդին: Ստեղծվեց, սակայն, ավաղ, պարզունակ գործողությունները թույլ չտվեցին փոխել մրցակցության պատկերը: Տեղի ունեցավ հակառակը` լատվիացիները տասը հոգով եւս մեկ գոլ խփեցին եւ տարան առաջին եւ միակ հաղթանակը։ Ալեքսանդր Պետրակովը գուցե հենց այս առիթով եւս մի խոստովանություն արեց․ «Մեր թիմը խաղում է այնպես, ինչպես կարողանում է...»: Նման կարողություններն էլ համապատասխանում են այն բանին, որ մեր ընտրանին ի վերջո հարկադրված էր բավարարվել հնարավոր միավորների մեկ երրորդով (8), ինչը, հասկանալի է, նրան զրկեց ուժեղագույնների հետ պայքարը շարունակելու հնարավորությունից: Ինչ խոսք, նման իրավիճակի հետ համակերպվել չի կարելի: Բանը բնավ ինչ-որ սուպեր հրաշագործությունների մասին չէ, այլ պարզապես առաջադիմություն ապահովող մրցունակության, որի դրսեւորման ներուժ մեր ընտրանին հաստատ ունի ու այդ պոտենցիալը պարտավոր է գործի դնել:
Ինչ վերաբերում է երիտասարդ հավաքականներին, ապա նրանք` 17, 19 եւ 21 տարեկանները, Եվրոպայի առաջնության այս տարվա նախնական մրցաշարերում, միասին վերցրած, անցկացրել են 12 հանդիպում՝ շահելով լոկ 1 միավոր, խփելով 5 եւ բաց թողնելով 38 գոլ: Իսկ ամենախայտառակ հակառեկորդը գրանցվեց Խորվաթիայի Ռովին քաղաքում, որտեղ մեր 19 տարեկան ֆուտբոլիստները պարտություն կրեցին (2:3) ընդամենը 1,4 հազար քառակուսի կիլոմետր տարածք ունեցող Ֆարերյան կղզիների թիմից: Այս աներեւակայելի տապալումները, ռուսերեն ասած` бей беги, «խղճուկ» տակտիկայի հետեւանք են: Սրանում մեղադրել միայն տկար ու անզոր տղաներին՝ սխալ կլիներ: Իսկ ինչո՞վ էին զբաղված նրանց մարզիչները, առավել եւս՝ կաբինետային այն աշխատողները, որոնց համոզմամբ՝ հիշյալ ֆուտբոլիստներն արժանի են հանդես գալու ազգային հավաքականում:
Ֆուտբոլասերներին հայտնենք, որ Եվրոպայի առաջնության ընտրական մրցափուլի 24 մասնակիցներից 21-ը հայտնի են: Այդ թիմերից առանձնացնենք Պորտուգալիայի թիմին, որը կարողացավ շահել նախնական մրցաշարի բոլոր 10 հանդիպումները՝ խփելով 36 եւ բաց թողնելով 2 գոլ: Մարտ ամսին էլ կայանալիք փլեյ-օֆֆ-ից հետո հայտնի կդառնան մյուս 3 հավաքականները: Ահա այդ հավակնորդների մրցաշարերի կազմերը` A խումբ` Լեհաստան-Էստոնիա, Ուելս-Ֆինլանդիա, B` Իսրայել-Իսլանդիա, Բոսնիա եւ Հերցեգովինա-Ուկրաինա, C` Վրաստան-Լյուքսեմբուրգ, Հունաստան-Ղազախստան: Դեկտեմբերի 2-ին կայանալիք վիճակահանությամբ կորոշվեն եվրաառաջնության վճռական մրցափուլի մասնակից 24 թիմերի ընտրական խմբերի կազմերը:
Միսակ Նազարյան
Կարծիքներ