Որոշ ժամանակ հետո մտածելու են, թե ինչո՞ւ են եկել այստեղ՝ ոչխար պահում

Որոշ ժամանակ հետո մտածելու են, թե ինչո՞ւ են եկել այստեղ՝ ոչխար պահում

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը ֆեյսբուքի իր էջով տեղեկացրել էր, որ հանդիպում է ունեցել Գորայք համայնքում ոչխարաբուծարան ստեղծած, գործարար Գեղամ Մնացականյանի հետ։ Կարապետյանը գրել էր, որ Մնացականյանը նոր, ժամանակակից գոմեր է կառուցել։ Արդեն ավելի քան 600 գլուխ ոչխար են պահում և պլանավորում են քանակը հասցնել մինչև 3000֊ի:
«Հիմա ունեն քսանից ավել սեզոնային և հինգ մշտական աշխատող, իսկ ապագայում կունենան մինչև 30 մշտական աշխատող շրջակա գյուղերից։ Կայուն զարգացում Հայաստանում արդեն կա։ Արդեն Գեղամը, Արմանը, Սերգոն, Գարիկն ու Անդրանիկը ու էլի հարյուրավոր մարդիկ նոր փորձ, նվիրում, գիտելիք ու ներդրում են բերում Հայաստան։ Հազարավոր փոքր փոփոխությունները բերում են մեծ ամբողջական վերափոխման։ Եվ սա զարգացման առանցքային բանաձևն է։
Կապիտալը հայրենիք ունի»,- գրել էր Կարապետյանը։ 

Մենք զրուցեցինք Գորայք համայնքի նախկին համայնքապետ Առուստամ Առուստամյանի հետ, որը համայնքը ղեկավարել է 1991-1996 և 2005-2018 թվականներին։ Նրան հարցրինք, թե իր կարծիքով Գորայքում որքանո՞վ է հեռանկարային ոչխարաբուծությունը, և կարո՞ղ է ֆերման գյուղի համար լուրջ փոփոխություններ ապահովել․

«Ամառվանից շինարարություն են արել, գոմ են կառուցել։ Հիմա, եթե չեմ սխալվում, 300 գլուխ ոչխար ունեն, իրենց ասելով՝ 5 հոգի էլ աշխատում են, բայց դա ի՞նչ հարց կարող է լուծել մեր համայնքի համար։ Այդ մարդիկ այստեղ աշխատում են, ապրում են երկար տարիներ, ոչխարաբուծությունը մեր պայմաններում բացարձակ ձեռք չտվող բան է, ավելի լավ է այստեղ խոշոր անասուն պահեն, քան թե մանր, որովհետև մանրը միշտ ուզում է դրսում լինել՝ արոտի, իսկ մեզ մոտ հոկտեմբերի վերջերից և նորյեմբերի սկզբներից արոտը փակվում է մինչև մայիս։ Եթե նաև հաշվի առնենք այն հանգամանքը, որ մենք ուզում ենք կուլտուրական արոտներ պահենք, արածեցումը նորմալ կազմակերպենք, որ խոտածածկի բարձրությունը 13-15 սանտիմետր լինի, ապա դա գալիս է մինչև մայիսի վերջեր, այդքան ժամանակ ուրեմն պետք է ոչխարը ներսում մնա, իսկ դրանք ոչխարաբուծության համար բացարձակ ձեռք չտվող պայմաններ են։ Այստեղ ոչխար պահողները գալիս են հունիսի կեսերին, սեպտեմբերի վերջում էլ գնում են։ Դրանք են այստեղի բնակլիմայական պայմանները, ոչխարաբուծության համար դա որքանո՞վ է ձեռնտու։ Ես չգիտեմ՝ իրենք ինչ հաշվարկներով են եկել»,- մեզ հետ զրույցում ասաց Գորայքի նախկին համայնքապետը։ 

Հարցրինք, թե Ամուլսարի հանքի շահագործո՞ւմն էր պատճառը, որը մինչ այս ոչխարաբուծարան չէր կառուցվում․ «Մեր գյուղը հենց Ամուլսարի փեշին է։ Ամուլսարը ոչխարաբուծության հետ կապ չունի, այդ հանքը ոչ մի բանի չի խանգարում։ Հակառակը՝ հանքը պիտի բացվի, որ էս ժողովուրդը աշխատի, շուտափույթ պիտի այդ հանքը բացվի։ Այդ հանքում մեր համայնքից մինչև 60 մարդ աշխատում էին, դրեցին փակեցին, հիմա երիտասարդները արդեն ընտանիքներով դուրս են եկել»,- պատասխանեց Առուստամյանը։

Իսկ հնարավո՞ր է, որ համայնքի բնակիչները ոչխարաբուծարանում աշխատեն, և հանքում աշխատելու կարիք այլևս չունենան․ «Ոչ, իհարկե, նրանք այդ պոտենցիալը չունեն։ Ես Ձեզ պարզ ասեմ, իրենք որոշ ժամանակ հետո մտածելու են, թե ինչո՞ւ են եկել այստեղ ու ոչխար պահում։ Նրանք ձմռանը չեն կարողանա այդ ոչխարներին այստեղ պահել, իրենք պետք է ձմռանը գնան, ամռանը նոր գան այստեղ, սեպտեմբերի վերջին իրենք պետք է գնան։ Նախկինում մեր գյուղացիներից մարդիկ կային, որ ունեին՝ 100 հատ, 50 հատ, իրենք կարող էին, չէ՞, շատացնել, չեն շատացրել, չեն պահել՝ ձեռք չի տվել, կերակրման սեզոնը նույն խոշորի սեզոնն է։ Իմ կարծիքով՝ որպեսզի համայնքում աշխատատեղեր լինեն և կյանքը լավանա, առաջին հերթին հանքը պիտի բացվի, որ ժողովուրդը աշխատի, այդ մարդիկ մեզ համար շատ բան են արել։ Մեր 4 համայնքները որ խոշորացրել են, հենց Վարազդատ Կարապետյանի գաղափարն է, որ հիմնվել են Ամուլսարի տված գումարների վրա, 4 համայնք առանձնացրել են և խոշորացրել են՝ Գորայք, Ծղուտ, Սառնակունք, Սպանդարյան համայնքները։ Էդ ոչխարաբուծությունը այստեղ ապագա չէ»։