«Վերադարձ մեկնելուց առաջ». նոր ներկայացում

«Վերադարձ մեկնելուց առաջ». նոր ներկայացում

«Վերադարձ՝ մեկնելուց առաջ»․ այսպես է կոչվում արձակագիր Գուրգեն Խանջյանի սցենարի հիման վրա բեմադրված ներկայացումը, որը նոյեմբերի 4-ին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում կներկայացվի հանդիսատեսին։ 

Ներկայացմանը մասնակցում են ճանաչված դերասաններ Աշոտ Եդիգարյանը, Արթուր Հակոբյանը, Մարգարիտա Խաչատրյանը, Սեպուհ Ապիկյանը, Սիրանուշ Եսայանը եւ Իվետա Եդիգարյանը։  
«Վերադարձ՝ մեկնելուց առաջ»-ը կատակերգություն է, որն ուղեկցվում է երաժշտական կատարումներով եւ պարերով։ «Լինելու է ինքնատիպ ներկայացում, բեմում՝ էկրանի վրա կադրեր են գնալու տարբեր նկարահանումներից։ Այն բաղկացած է զավեշտալի եւ ծիծաղելի պատմություններից, որոնք թախիծով են շաղախված։ Ընդհանուր գիծը մեկն է, բայց կան առանձին դրվագներ, զավեշտալի սկետչեր, թե ինչպես են այստեղ հանդիպում արտասահմանում հանդիպած մարդիկ։ Կարեւորը՝ դերասանները պրոֆեսիոնալ են ու սիրով են աշխատում»,- ասում է դերասան Աշոտ Եդիգարյանը, ով զբաղվում է նաեւ ներկայացման պրոդյուսերական աշխատանքներով։  

Նա նկատում է, որ վերջին շրջանում շատ են արվում կոմերցիոն ներկայացումներ՝ գումար աշխատելու նպատակով, բայց սա այդ դեպքը չէ․ «Գաղափարն իմն էր։ Ներկայացումն էլ ինքնանպատակ չէ եւ զուտ կոմերցիոն նպատակ չի հետապնդում։ Ես ուզեցի մի ազգանպաստ գործ անել, ներկայացման ասելիքը սա է՝ սիրելի հայեր, եղբայրներ ու քույրեր, եկեք մեր երկրում ապրենք, մեր երկիրը ծաղկացնենք, մեր երկիրն առաջ տանենք։ Այս ներկայացումը չենք անում, որ հանդիսատեսը դուրս գա ու մոռանա, թե ինչի մասին էր։ Ուզում ենք այնպես անել, որ հանդիսատեսը մի քանի օր ապրի եւ մտածի բեմից հնչեցված հարցերի շուրջ»։  
Ներկայացման բեմադրիչը Սուրեն Ռշտունին է, 2-րդ ռեժիսորը՝ Գագիկ Հարությունյանը, ով մասնակից է նաեւ պրոդյուսերական աշխատանքներին։ Երաժշտական ձեւավորման հեղինակն Արթուր Հակոբյանն է, երգերի տեքստերի հեղինակը՝ Ժաննա Աբրահամյանը։ 

«Մեր հնարավորությունների չափով, մեր բոլոր խնայողությունները դրել ենք այս գործի վրա։ Հիմնական ֆինանսական ծախսերը ես եմ արել, ֆինանսական հարցերում իմ կողքին է եղել նաեւ ժողովրդական դիվանագետ, լրագրող Րաֆֆի Հերմոն Արաքսը։ Փորձերի համար մեզ տարածքով մի քանի անգամ աջակցել է Կինոյի տունը»,- ասում է Ա․ Եդիգարյանն ու նկատում, որ ուրախ կլինեն, եթե աջակիցներ գտնվեն ներկայացման համար, հատկապես որ մեծ գումարներ չեն էլ ուզում եւ պատրաստ են փոխադարձաբար իրենք էլ իրենց հերթին գովազդել աջակիցներին՝ լինի դա աֆիշների, թե տոմսերի վրա։