Փաշինյանի կուսակցությունում «քասթինգ» են անում

Փաշինյանի կուսակցությունում «քասթինգ» են անում

Հեղափոխությունից հետո հազարավոր մարդիկ հայտեր ներկայացրին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամագրվելու։ Իշխող կուսակցությունները միշտ գրավիչ են մարդկանց համար, մանավանդ՝ կարիերայի ձգտում ունեցողների։ Սակայն հեղափոխական կուսակցությունը չշտապեց նրանց դիմումները բավարարելու հարցում։ Այժմ, երբ քիչ թե շատ արշալույսներն այս կուսակցությունում խաղաղվել են, նրանք սկսել են «ՔՊ»-ին հարելու մտադրություն ունեցող անձանց «քասթինգներ» անել։ ՔՊ վարչության անդամ Վիլեն Գաբրիելյանը, որը ֆեյսբուքյան օգտատերերին հայտնի է «Նավակ Ճոճող» անվամբ, մեզ հետ զրույցում նշեց, որ անցած շաբաթ ամենօրյա աշխատանքներ են կատարվել այդ ուղղությամբ․ «Այս շաբաթ չի եղել, մյուս շաբաթ կլինի»։

- Չափորոշիչներն ինչպիսի՞ն են, ո՞ւմ եք ընտրում։

- Չափորոշիչներն այս փուլում նրանք են, որոնք մեր կանոնադրության մեջ են արձանագրված, հարցազրույց ենք անում մարդկանց հետ։ Մի բան հստակ կարող եմ ասել, որ այս փուլում որեւիցե մեկը կուսակցության անդամ չի դառնում, այս փուլում այն մարդիկ, որոնց մենք ընտրում ենք, եւ որոնք ցանկություն են հայտնում, մենք կանոնադրությունով «համակիրի» ինստիտուտ ունենք, բոլորը դառնում են համակիր։ Հետագայում արդեն փորձաշրջան կլինի իրենց համար, արդեն վերջնական որոշում կկայացվի՝ արդյոք իրենք դառնո՞ւմ են կուսակցության անդամ, թե՞ ոչ։

- Ի՞նչ հարցեր եք տալիս։

- Տարբեր, օրինակ՝ երբեւիցե այլ կուսակցության անդամ եղե՞լ եք, թե՞ ոչ, կամ՝ ինչի՞ համար եք որոշել դառնալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ։

- Օրինակ՝ նախկին ՀՀԿ-ականը կարո՞ղ է անդամակցել։

- Կախված է նրանից, թե ինչ կարգավիճակում է եղել, երկրորդը՝ պարտադիր իրենք պիտի Հանրապետականից դուրս եկած լինեն պաշտոնապես, երրորդը՝ նախկին քրեաօլիգարխիկ համակարգի օրոք մարդիկ ստիպված եղել են հանրապետական, բայց դա չի նշանակում, որ բոլորը վատն են։

- Շատերի՞ն եք մերժում։

- Ես Ձեզ ասեմ, որ մենք հստակ սկզբունք ունենք, որ մենք աշխատում ենք կոմպակտ, որակով կուսակցության վրա, այլ ոչ թե, ինչպես ընդունված է դասական, հայկական կուսակցություններում, բիրիքով դիմումներ դակելու։ Տոկոսային հարաբերակցությամբ քիչ չեն այս փուլում։

- Դիմումները շա՞տ են։

- Մոտավորապես 10 հազարին մոտ՝ հեղափոխական շրջանից սկսած։ Հստակ թիվն այս պահի դրությամբ չգիտեմ։

- Սա նոր մեթոդ է, նպատակն այն է, որ որակյալ կուսակցությո՞ւն լինի։

- Սկզբունքն այնպես է, որ մենք որակն ենք կարեւորում, ոչ թե մարդկանց քանակը։ Ըստ երեւույթին՝ կարող էինք միանգամից կնիքը դնեինք վրեն ու ասեինք՝ բոլորդ կուսակցական եք, բայց չեմ կարծում, որ դրա մեջ իմաստ կա։

- Այդպես ձեզ ձեռնտու չէ՞ր լինի։

- Իհարկե, ձեռնտու կլիներ, եթե նպատակը գաղափարն ու սկզբունքներն են, այլ ոչ թե քանակ ապահովելը։

- Ինչքա՞ն ժամանակ կտեւի այս գործընթացը։

- Հստակ չեմ կարող մատնանշել, բայց ինչքան պետք լինի, այդքան կօգտագործենք ժամանակը։

- Ինչքա՞ն ժամանակ է, որ սկսել եք։

- Երեւի մի 3-4 ամիս է։

- Ամեն անգամ վարչության տարբեր անդամնե՞ր են հարցազրույցն անցկացնում։

- Ըստ ժամանակի, հենց ազատ ժամանակ է լինում, հանդիպումները պլանավորում են, գնում, մարդկանց տեսնում են։ Վարչության անդամները, բացի վարչապետից, բոլորը մասնակցում են։