Փետրվարին քովիդով վարակվածների թիվը 5000-ի կհասնի

Փետրվարին քովիդով վարակվածների թիվը 5000-ի կհասնի

Ինչո՞ւ են քովիդի թվերն օրեցօր աճում, ի՞նչ վտանգներով է հղի նոր տեսակի օմիկրոնը, այս եւ այլ հարցերի մասին զրուցեցինք Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնի հետկովիդային վերականգնման ծառայության ղեկավար Լամարա Մանուկյանի հետ։

Այն հարցին, թե ինչպես է ստացվում, որ մեկ շաբաթվա ընթացքում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ զրոյով ավելացավ, բժշկուհի Մանուկյանը նշեց հետեւյալը․

«Առկա պատկերը կանխատեսելի էր։ Ես անգամ գրել էի, որ շատ շուտով թվերը տասնապատկվելու են։ Օմիկրոնն ավելի քան 5 անգամ արագ է տարածվում, սակայն պետք է անպայման շեշտել, որ օմիկրոնը շտամ չէ, այլ ուղղակի քովիդի տարբերակ։ Այսպես ասած՝ օմիկրոնը քովիդի եղբոր տղան է»։ 

Լամարա Մանուկյանի պնդմամբ՝ փետրվարին վարակվածների թիվը կարող է հասնել 5000-ի։ 

«Օմիկրոնը երբեւէ պատվաստմանը չի ենթարկվում, այն հակամարմինները ճանաչել չի կարողանում, սակայն ակնհայտորեն տարբերվում է վիրուսի մնացյալ տեսակներից»։

Այն հարցին, թե տոկոսային հարաբերակցությամբ, եթե համեմատենք դելտան եւ օմիկրոնն, ապա ինչպիսի պատկեր կունենանք, բժշկուհին ասաց․

«Օմիկրոնով վարակվածները 2 անգամ քիչ են հոսպիտալացվում եւ 4 անգամ ավելի քիչ են տեղափոխվում վերակենդանացման բաժանմունք»։

Այն հարցին էլ, թե մեզանում առկա լաբորատորիաներն ունե՞ն վարակի տեսակը որոշելու հնարավորություն, եթե այո, ապա որքան արժե այն, Լամարա Մանուկյանն արձագանքեց հետեւյալ կերպ․

«Եթե կա տարբերակում, որ երկրում 70%-ից ավելին վարակված է, օրինակ, դելտա շտամով, ապա քիչ է հավանականությունը, որ մնացյալ շտամները կարող են գլուխ բարձրացնել։ Դելտա շտամը մահացել է։ Երբեմն բացառություններ կարող են լինել, սակայն շատ քիչ հավանականությամբ։ Այնուամենայնիվ, եթե շտամը որոշելը պարտադիր է, ապա այն իրականացվում է անվճար»։