Ինչ վերաբերում է Խուդաֆերինի ջրամբարին, ապա դա Իրանի համար կարևոր ռազմավարական կետ է. Ահարոն Վարդանյան

Ինչ վերաբերում է Խուդաֆերինի ջրամբարին, ապա դա Իրանի համար կարևոր ռազմավարական կետ է. Ահարոն Վարդանյան

Լեռնային Ղարաբաղի սահմաններին շարունակվում են ծանր մարտերը, ծանր մարտեր են ընթացել նաև արցախաիրանական սահմաններին՝ Արաքս գետի մոտակայքում, Խուդաֆերինի ջրամբարի շրջանում, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ տարբեր կառույցներից, երկրներից շարունակում են հայտարարություններ հնչել և այլն։
Թեմայի շուրջ «Հրապարակը» զրուցել է ԵՊՀ իրանագիտության ամբիոնի դասախոս, իրանագետ Ահարոն Վարդանյանի հետ։

-Պարո՛ն Վարդանյան, իրանցի պաշտոնյաները երբեմն խոսում են Մինսկի խմբի համանախագահության մեջ ներգրավվելու մասին, բանակցություններում Իրանի ներգրավման մասին խոսել է Ռուսաստանի Դաշնությունում Իրանի դեսպանը։ Նա նշել է նաև, որ Թուրքիայի հետ կարող են ներգրավվել բանակցություններում։ Ըստ Ձեզ՝ Իրանն ի՞նչ է ուզում ասել, ի՞նչ է փորձում անել։

-Իրանն արցախյան հակամարտության միջնորդական առաքելությունում մասնակցություն ունեցել է դեռեւս 1992 թվականին, սակայն հետագայում փոխվել է ձևաչափը։ Ներկա փուլում Իրանը ոչ թե փորձում է Մինսկի խմբի ձևաչափում տեղ ունենալ, այլ Իրանի առաջարկը Մինսկի խմբին զուգահեռ կամ Մինսկի խմբին օգտակար մի ձևաչափ ստեղծելն է «Ռուսաստան-Իրան-Թուրքիա» ձևաչափով։ Ինչո՞ւ հնարավոր չէ այս տարբերակը, որովհետև Թուրքիան ներկա է հակամարտությանը որպես շահագրգիռ կողմ, ներկայացված է Ադրբեջանի Հանրապետության կողմից, ներկայացվածություն ունի։ Եվ ռուսական թերթերից մեկում տարածված տեղեկատվության համաձայն՝ ոչ միայն զենքի, սպառազինության, այլ նաև զինվորականների, մարդկային ռեսուրսների տեսքով, նաև թիվ է նշվում։ Այսինքն՝ նման տարբերակն անընդունելի է, քանի որ Թուրքիան Ադրեբեջանի Հանրապետությանը պաշտպանող շահագրգիռ կողմ է, հետևաբար անիմաստ է։ Բացի այդ, կարծում եմ՝ Մինսկի խմբի ձևաչափն աշխատում է, Մինսկի խմբի համանախագահները փորձում են խնդիրը լուծել բանակցային ճանապարհով, այլ բան է, որ Իրանը` ինքը, փորձում է ներկայություն ունենալ այս հակամարտությունում։ Բացի այդ, Իրանը նշել է, որ եթե Թուրքիան պետք է բանակցային գործընթացում մասնակցություն ունենա, ապա ինքը նույնպես պետք է բանակցային գործընթացում իր ներկայությունն ունենա, բայց կարծում եմ՝ ներկա գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափն իր գործը կատարում է։ Այլ հարց է, որ Իրանը տարբեր խողովակներով փորձում է իր ներկայությունն ապահովել այս հակամարտության բանակցային կողմում։

-Երեկ նաեւ Իրանի պաշտպանության նախարարն ասել էր, որ զգուշացրել են թե՛ Հայաստանին, թե՛ Ադրբեջանին` ռմբակոծությունների հետ կապված։ Ինչպես նաև հույս էր հայտնել, որ «Թուրքիան կօգնի` դիվանագիտական ​​ճանապարհով լուծել ղարաբաղյան ճգնաժամը»։ Նաեւ կիրակի օրը Իրանի նկատմամբ զենքի էմբարգոն ավարտվեց։ Ըստ Ձեզ՝ Իրանն ինչպե՞ս իրեն կդրսևորի տարածաշրջանում, եթե դիտարկենք այս ընդհանուր կոնտեքստում։

-Իրանի պաշտպանության նախարարությունը, և ոչ միայն պաշտպանության նախարարությունը, նաև տարբեր գերատեսչությունների խոսնակներ կոչ են արել կողմերին` մարտն այնպես վարել կամ այնպես տանել, որ Իրանի տարածքը չդառնա մարտադաշտ, և արկերը չընկնեն Իըանի տարածք, բայց փաստ այն է, որ այնտեղ ընկնում են տարբեր տեսակի արկեր, և հոկտեմբերի 18-ին էլ, կարծեմ, ամենավերջին տվյալներով` խոցվեց ադրբեջանական ԱԹՍ, և պատերազմի սկսվելու օրվանից 5-6 ԱԹՍ է խոցվել Իրանի հակաօդային պաշտպանության կողմից։ Իրանը պետք է զգուշացնի կողմերին, սա Իրանի տեսանկյունից նորմալ է։ Ինչ վերաբերում է զենքի էմբարգոյին, ապա Իրանն էմբարգոյի վերացումից հետո հայտարարել է, որ պատրաստ է վաճառել զենքեր հարևաններին և այն երկրներին, որոնք կցանկանան գնել այդ զենքը։ Բնականաբար, դա Իրանի համար լրացուցիչ հնարավորություն է` սոցիալ-տնտեսական իրավիճակից դուրս գալու համար և որոշակի ֆինանսական եկամուտներ ստանալ։ Ինչպես նաև, գիտեք, զենքի վաճառքը կամ զենքի առքուվաճառքը նաև որոշակի քաղաքական ազդեցության լրացուցիչ գործիք է։ Այս պարագայում Իրանի տեսակետը շատ հասկանալի է, փորձելու է ունեցած սպառազինությունը վաճառել հնարավորինս շատ երկրների։ 

-Իսկ ստեղծված այս նոր իրավիճակում Հայաստանն ինչպիսի՞ հարաբերություններ պետք է կառուցի թե՛ կոնֆլիկտի վերաբերյալ Իրանի նոր հայտարարություններից, թե՛ զենքի էմբարգոյի ավարտից հետո։ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել էր, որ այն պետությունները, որոնք զենքի առևտուր կանեն Իրանի հետ, կընկնեն ամերիկյան պատժամիջոցների տակ։

-Այս պարագայում, կարծում եմ, այլևս Հայաստանի Հանրապետությունը պետք է ուշադրություն դարձնի բացառապես սեփական շահերին, և մնացած երկրները թե ինչ կասեն, դա այնքան էլ էական չէ։ Քանի որ մենք ներկայումս գտնվում ենք ծանր պատերազմի մեջ, հայրենական պատերազմ է, ցանկացած օգնություն կարևոր է, ցանկացած ինչ-որ մի լրացուցիչ և կամ օգնական բան, որ կլուծի մեր խնդիրները։ Մենք ունենք մեր դաշնակիցը, որը մեզ մատակարարում է զենք, բայցևայնպես, կողքից օգնությունը մեզ չի խանգարի։ Եվ բնավ մեզ չպետք է հետաքրքրի, թե ուրիշ երկրների ղեկավարներն ինչ կասեն, մանավանդ, որ ադրբեջանական բանակը զինվել է կամ ադրբեջանական բանակի սպառազինությունում կան հենց այդ երկրների կամ այդ երկրների հովանավորյալների մատակարարումներից։ Եվ այստեղ պետք է ընդհանրապես մեր դիվանագիտությունն Իրանի հետ շատ ակտիվ գործի։ Իրանը շատ կարևոր երկիր է մեզ համար այս հակամարտության հարցում և ընդհանրապես Հայաստանի համար՝ լինելով մեր բնական դաշնակիցը  և առանձնակի դեր ունենալով հակամարտությունում։ Քանի որ ցամաքային սահման ունի բոլոր երեք կողմերի հետ, և մեզ համար շատ կարևոր է Իրանի հետ հարավային հատվածը, քանի որ դա մեր հարավային դարպասն է դեպի ելք։ Փորձը ցույց տվեց, որ մեր հյուսիսային հարևանն այս ծանր պայմաններում հրաժարվեց կամ ճանապարհ չտրամադրեց սպառազինության համար, և, հետևաբար, մենք պետք է Իրանի հետ մեր հարաբերությունները կառուցենք էլ ավելի խորքային և այս ամեն ինչը հաշվի առնելով։

-Ըստ Ձեզ՝ այս իրադրությունում Իրանին ինչպիսի՞ իրավիճակն է շահեկան։ Ինչպես նաև կուզենայի անդրադառնանք արցախա-իրանական սահմանին, Խուդաֆերինի կամուրջներին, Խուդաֆերինի ջրամբարին. այստեղ, այս հատվածում Իրանն ի՞նչ նպատակներ ունի։

-Իրանի համար կարեւոր է պետական սահմանների անվտանգությունը, խաղաղությունը։ Իրանի համար կարևոր է, որ բոլոր սահմանների երկայնքով, ողջ սահմանների երկայնքով խաղաղություն տիրի։ Եվ նրա քայլերը միտված են երկու այդ ուղղությամբ, այսինքն՝ խաղաղությանը հաստատելուն։ Բայց, մյուս կողմից էլ, Իրանի համար կարևոր է նաև, որ իր սահմաններում, մասնավորապես հյուսիսային սահմաններում, ներկայություն չունենան ահաբեկչական խմբավորումներ, պանթյուրքիստական խմբեր, քանի որ Իրանն իր հյուսիսում ունի որոշակի վտանգ։ Եվ այս պարագայում քայլերը միտված են լինելու հենց դրան, ելնելու են այս սկզբնակետերից։ Ինչ վերաբերում է Խուդաֆերինի ջրամբարին, ապա դա Իրանի համար կարևոր ռազմավարական կետ է, նաև` էկոլոգիական, և Իրանի հյուսիսում լուծում է մի շարք խնդիրներ, ինչպես բնապահպանական, այնպես էլ՝ ռազմավարական։ Բնականաբար, այստեղ Իրանի համար կարեւոր է, թե որ երկրի վերհսկողության տակ կլինի այդ ջրամբարը։ Եթե այնպես ստացվի, որ ադրբեջանական, ադրբեջանաթուրքական ահաբեկչական խմբավորումների վերահսկողության տակ հայտնվի, ապա պարզ չէ, թե ինչ ուժերի վերահսկողության տակ կհայտնվի, նկատի ունեմ՝ ահաբեկչական խմբավորումների, թուրքական զինված ուժերի կամ Ադրբեջանում գտնվող թուրք հատուկ ջոկատայինների։ Այս դեպքում Իրանի համար վտանգ է, քանի որ Իրանն ունի ջրի խնդիր, խմելու ջրի խնդիր, Իրանը նաև Թուրքիայի հետ ունի այդ խնդիրը։ Եվ բազմիցս նշվել է միջազգային տարբեր ատյաններում և միջազգային հարթակներում, որ Թուրքիան, Արաքս գետի վրա կառուցելով (արդեն իր տարածքում) ամբարտակներ, Իրանին զրկում է խմելու ջրից և ընդհանրապես ոռոգման ջրից և էկոլոգիական, բնապահպանական աղետի առջև է կանգնեցնում։ Եվ այս դեպքում այդ ամենը կարող է տեղափոխվել նաեւ Իրանի «քթի տակ»՝ հյուսիսային սահմաններում։ 

-Պարո՛ն Վարդանյան, Իրանը զգուշանո՞ւմ է այս տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցության տարածումից, նաև ինչ-որ չափով՝ Թուրքիայի ազդեցության տարածումից։

-Անպայմանորեն, բացի այն, որ զգուշանում է Թուրքիայի ազդեցության տարածումից, և դա ամենեւին չի բխում Իրանի շահերից, հակասում է Իրանի շահերին, նաև Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, և Թուրքիայի ներկայությունը կնշանակի նաև ՆԱՏՕ-ի զորքերի ներկայություն։ Գիտեք, ՆԱՏՕ ասելով՝ հիմնականում հասկանում ենք Միացյալ Նահանգներ, և այս դեպքում, փաստորեն կնշանակի, որ Միացյալ Նահանգները ՆԱՏՕ-ի և Թուրքիայի ձեռամբ կարող է հայտնվել Իրանի սահմաններում, ինչը Միացյալ Նահանգների «վաղեմի երազանքն է», կարող ենք այդպես ասել։ Եվ սա Իրանի համար ևս մեկ գլխացավանք է և Իրանի «կարմիր գծերից» մեկն է այս հակամարտության մեջ, ինչը բազմիցս նշվել է Իրանի տարբեր բարձրաստիճան ղեկավարների կողմից։