Մարզպետի թիմակիցը՝ հիվանդանոցի տնօրեն, մինչդեռ 15 տարվա դաշնակցական տնօրենի միավորներն առավել բարձր էին

Մարզպետի թիմակիցը՝ հիվանդանոցի տնօրեն, մինչդեռ 15 տարվա դաշնակցական տնօրենի միավորներն առավել բարձր էին

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն այսօր «Գյումրու մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոցի» տնօրենի պաշտոնին է նշանակել Ժորժիկ Սերոբյանին, որը 2005 թվականից աշխատում է տվյալ բուժհաստատությունում: Բանն այն է, որ երեք օր առաջ հիվանդանոցի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին մասնակցում էին 3 թեկնածու:Նրանք էին՝ 15 տարի «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցը» ղեկավարած Աշոտ Կուրղինյանը, նույն հիվանդանոցի  տրավմատոլոգ Ժորժիկ Սերոբյանը և «Գյումրի» բժշկական կենտրոնի վիրաբույժ Հրաչ Մարտիրոսյանը:

Վերջինը մրցույթին չի մասնակցել՝ փաստաթղթերը թերի լինելու պատճառով: Հիմնական մրցակցույթյունն ընթացել է Աշոտ Կուրղինյանի և Ժորժիկ Սերոբյանի միջև: Առաջին թեստային փուլը երկու հավակնորդներն էլ հաղթահարել են: 50 հարցից 48-ին է ճիշտ պատասխանել Ժորժիկ Սերոբյանը, իսկ Աշոտ Կուրղինյանը բոլոր 50 հարցին էլ ճիշտ է պատասխանել: Մրցույթի հանձնաժողովը ակնհայտորեն առավելությունը տվել է գործող տնօրենին, քանի որ գաղտնի քվեարկությամբ հանձնաժողովի 7 անդամն էլ  կողմ են քվեարկել  Աշոտ Կուրղինյանի ներկայացրած զարգացման ծրագրին:Երրորդ փուլի քվեարկությամբ մեկ ձայնով Սերոբյանը զիջել է  նրան: Որոշում է կայացվել, որ երկու թեկնածուներն էլ հաղթահարել են մրցույթի փուլերը, եւ եռօրյա ժամկետում մարզպետը կորոշի, թե ում կնշանակի տնօրենի պաշտոնում: Անդրադառնալով մարզպետի որոշմանը՝  նշենք, որ Ժորժիկ Սերոբյանի նշանակումը անակնկալ չէր, քանի որ դեռ ամիսներ առաջ քաղաքում լուրեր էին  պտտվում, թե   նշված  հիվանդանոցի տնօրենի պաշտոնը մարզպետը պահել է թիմակից ընկերոջ համար:

Հիշեցնենք, որ Ժորժիկ Սերոբյանը քաղակտիվիստ, մարզպետի մտերիմ ընկեր Կարեն Պետրոսյանի քեռորդին է, որի հայրը՝ Երվանդ Սերոբյանն էլ ՇՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարն է: ԱԺ արտահերթ  ընտրություններում Ժորժիկ Սերոբյանը սատարում էր  Տիգրան Պետրոսյանին եւ անգամ  «Իմ քայլը» դաշինքով վարկանիշային թեկնածու էր: Հիվանդանոցի արդեն նախկին տնօրեն Աշոտ Կուրղինյանը նույնպես  քաղաքականությամբ էր զբաղվում :Նա ՀՅԴ անդամ է եւ ՏԻՄ ընտրություններին Գյումրու քաղաքապետի թեկնածու էր:  Ուշագրավ է, որ օրերս հիվանդանոց այցելած առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նրա տարիների աշխատանքը բավականին  դրական որակավորեց:Ի դեպ, Աշոտ Կուղինյանը մարզպետի որոշման հետ կապված հասցրել է ֆեյսբուքում գրառում անել. «Մարզպետի ոչ օբյեկտիվ որոշման եւ ակնհայտ հովանավորչության փաստի առիթով հրավիրում եմ բոլոր ԶԼՄ-ներին,  մամլո ասուլիսը այսօր՝ ժամը 16:00-ին»։