Գյումրիի ավագանու մանդատները բաշխվեցին

Գյումրիի ավագանու մանդատները բաշխվեցին

Գյումրիում ընտրությունների ընթացքը համակարգող թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն այսօր նիստ է գումարել, հաստատել 2021 թվականի հոկտեմբերի 17-ի Գյումրիի ՏԻՄ ընտրությունների արդյունքները,  հրապարակել,  թե ավագանու անցողիկ շեմը հաղթահարած քաղաքական ուժերի միջև մանդատներն ինչպես են բաշխվել:  Արդյունքներն ամփոփելու որոշումը թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն ընդունել է միաձայն: Մանդատների հաշվարկը կատարվում է հատուկ բանաձևով, որը սահմանում է Ընտրական օրենսգիրքը։ Ըստ այդմ՝ «Բալասանյան դաշինքը», որը ստացել է ձայների մեծամասնությունը ստանում է 14 մանդատ, ՔՊ-ն՝ 11 մանդատ, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը՝ 4 մանդատ , ՀՀԿ-ն՝ 2 , «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ 2 մանդատ։ Սա նշանակում է, որ ոչ մի ուժ միանձնյա քաղաքապետ ընտրել չի կարող։ Ուժերը կազմելու են կոալիցիա:

 Մանդատ ստացած թեկնածուների անվանական ցանկը կհրապարակվի հոկտեմբերի 28-ին, մինչ այդ թեկնածուները եթե ինքնաբացարկ են հայտնելու, դրա համար հանձնաժողովին պետք է դիմեն մինչև հոկտեմբերի 27-ը ժամը 14.00-ն: Ինքնաբացարկ հայտնած թեկնածուն պետք է հոկտեմբերի 28-ին անպայման ներկա գտնվի մանդատներ տրամադրելու արարողությանը, այլապես նրա ինքնաբացարկն օրինական չի համարվի։