Ինքնաոչնչացում՝ արար նախավերջին

Ինքնաոչնչացում՝ արար նախավերջին

Արարն այդ սկսվեց մայիսի 14-ին, Բրյուսելում, որտեղ ՀՀ վարչապետի աթոռին դրված Նիկոլ Փաշինյանն իբր Շառլ Միշելի հովանու ներքո իբր բանակցեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Այո, դրանք, ըստ էության, բանակցություններ չէին, այլ Նիկոլ Փաշինյանից բանավոր խոստումների հերթական չափաբաժնի կորզում: Կարելի է ասել՝ ճշտել են անեքսիաների ծավալը, որոնք կտրվեն Ադրբեջանին՝ խաղաղության թղթի ստորագրվելուն պես: Բայց դա արդեն տեղի կունենա Փաշինյանի ոչնչացման վերջին փուլում:

Այսօր կխոսենք Նիկոլի ինքնաոչնչացման նախավերջին փուլի մասին: Սա այն փուլն է, որի մասին Բրյուսել մեկնելուց առաջ Փաշինյանն անձամբ ասաց, թե թուղթ ստորագրելու «սպառնալիք» առայժմ չկա: Սակայն Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելը, ինչպես ասում են, քնած չէր եւ այնպես ներկայացրեց Փաշինյանի հետ իր եւ Ալիեւի բանավոր պայմանավորվածությունների ողջ լայնքն ու եկայնքը, որ Հայաստանի հողին ոտք դնելուց հետո Նիկոլը չկարողանա խուսափել խայտառակությունից: Եվ սա արդեն հերթական խայտառակություն չէ, այլ ոչնչացում՝ բառի ամենաիսկական իմաստով:

Նիկոլ Փաշինյանը, առանց որեւէ ծպտուն հանելու, Լեռնային Ղարաբաղը կամ, ինչպես ասվեց՝ նախկին ԼՂԻՄ-ը ճանաչել է Ադրբեջանի մաս եւ պայմանավորվել մնացած տալիքների հարցում, որոնք վերաբերում են արդեն Հայաստանի 29,8 հազար քառակուսի կիլոմետր տարածքին: Այստեղ արժե մեջբերել Շառլ Միշելի հայտարարությունից մի հատված, որպեսզի հասկանանք, թե որքան դժվարությամբ է մեզ տրվելու անգամ այդ 29,8-ը. «Երկրների առաջնորդները հայտնել են իրենց աներկբա հավատարմությունը 1991 թ․ Ալմաթիի հռչակագրին եւ ճանաչում են փոխադարձ տարածքային ամբողջականությունը՝ Հայաստանը 29,800 ք/կմ, եւ Ադրբեջանը` 86,600 ք/կմ տարածքով: Վերջնական սահմանազատումը տեղի կունենա բանակցությունների միջոցով»: Եվ այդ պրոցեսում Փաշինյանը թող փորձի իրավունքներ ճոճել Ադրբեջանի առաջ, չտալ կամ չզիջել նոր տարածքներ, որ կպահանջի Ալիեւը:

Նոր կրակոցներ՝ նոր բանակցություններ, անկլավներ, ապահով, Հայաստանի կողմից չվերահսկվող կամ թվացյալ վերահսկվող ճանապարհ դեպի Նախիջեւան, նոր արոտավայրեր… Իսկ Ալիեւի ախորժակը, ինչպես գիտենք, անսպառ է, եւ նա ունի Շառլ Միշելի պես բարեկամ, որ պատրաստ է վկայակոչել 1991թ. Ալմաթիի հռչակագիրը՝ այնտեղ չտեսնելով Արցախի առնչությամբ վերապահումը: Ճիշտ է, նա Ալիեւին հորդորել է՝ ներկայացնել դրական օրակարգ՝ «նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի տարածքում ապրող հայերի իրավունքների եւ անվտանգության վերաբերյալ», բայց այստեղ էլ մոռացել է Շուշիի, Հադրութի եւ Արցախի մնացյալ տարածքների մասին, որոնք հանդիսանում են «ԼՂԻՄ»-ի տարածքային ամբողջականության անբաժանելի մասը՝ Շուշի, Հադրութ, այլ տարածքներ… Եվ ինչո՞ւ իրեն նեղություն տա Շառլ Միշելը՝ դրանք հիշելու համար, եթե իր կողքին կանգնած երեւույթն ընդամենը խաղաղություն է մուրում ամեն ինչի դիմաց:

Շառլ Միշելի կարգի դիվանագետներն ու քաղաքական գործիչները Նիկոլի նմանների վրա մեկ հայացք գցելուց հետո անմիջապես ճանաչում են նրանց: Հաջորդ իսկ վայրկյանից նշմարում են նրանց վախերն ու առաջնահերթությունները: Դիցուք, Նիկոլի պարագայում վախերը գերակշռում են առաջնահերթություններին, զգացմունքը՝ քաղաքականությանը, անձնակենտրոնությունը՝ պետական մտածողությանը: Փաշինյանին թվում է, թե Շառլ Միշելի եւ Ալիեւի հետ նկարվելը սովորական պրոցեդուրա է, որ ուղեկցում է բանակցային պրոցեսին: Մինչդեռ Շառլ Միշելին Փաշինյանի գեղեցիկ պոզաներով լուսանկարները պետք չեն: Նա Փաշինյանի շարժումների, կանգնած դիրքի, բերանի բացվածքի, դեմքի արտահայտության, հոնքերի խաղի մեջ միանգամայն այլ բան է փնտրում՝ վախեր, զգացմունքներ, համակերպումներ, շփոթմունք, դող՝ սեփական պաշտոնի համար: Եվ այս ամենի հանրագումարում Շառլ Միշելի համար ամբողջականանում է Նիկոլ Փաշինյանի կերպարը: Նրա կողքին կանգնած է ոչ թե քաղաքական եւ պետական գործիչ, այլ մի սովորական առեւտրական, դուքյանչի, որ պատահաբար լավ գործ է «կպցրել» եւ չի ցանկանում հրաժարվել բարեբեր երակից: Վստահ եմ, Շառլ Միշելը նույնպես զարմացել է «Արցախը տանք՝ խաղաղ ապրենք» փաշինյանական զգացմունքային կոնցեպցիայից: Բայց Շառլ Միշելը, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, ունի այն, ինչ ունի: Փաշինյանը Շառլ Միշելի համար այլեւս զրո դիմադրողականության էտալոն է:

Եվ ոչ միայն Շառլ Միշելի համար: Վերջինիս միջոցով այդ մասին գիտեն Բայդենը, Մակրոնը, Պուտինը… Բոլորը, անգամ Էրդողանն ու Ալիեւը, որոնք Բայդենին, Մակրոնին եւ Պուտինին չեն սիրում հենց այն պատճառով, որ իրենց թույլ չեն տալիս «տիրանալու» մի երկրի, որ «թյուրիմացաբար» հայտնվել է Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ: Իսկ ինչո՞վ Նիկոլ Փաշինյանին չի պատշաճում «Արեւելյան Ադրբեջանի» կամ «Արեւմտյան Անատոլիայի» մարզպետի պաշտոնը: Էրդողանն ու Ալիեւը պատրաստ են, չէ՞, ինչպես Միշելը կասեր, ամենադրական օրակարգը ներկայացնել այդ մարզի կամ նախկին ՀՀ-ի բնակչության իրավունքների եւ անվտանգության վերաբերյալ:

Ինքնաոչնչացման այս փուլում պրոցեսը դուրս է գալիս բարոյականության տիրույթներից եւ թեւակոխում իրավական պատասխանատվության ոլորտ, որն ավելի շատ ներքին խնդիրներ է առաջացնում՝ Շառլ Միշելին չվերաբերող: Այստեղ Փաշինյանը գործ ունի ոչ թե մարդկանց, այլ օրենքների հետ, որոնք ոտնահարել ու շարունակում է ոտնահարել ինքնաոչնչացման տարբեր փուլերում: Այս գործից հասկացող մարդիկ արդեն իսկ մատնանշում են ՀՀ օրենքի այնպիսի սարսափազդու հոդվածներ, որոնցով կարելի կլինի Փաշինյանին մի քանի տասնամյակ փակել բերդում:

ՀՀ Սահմանադրություն կարդացեք եւ կհասկանաք, թե ինչի մասին է խոսքը՝ 180 աստիճանի շեղում 1992թ. ՀՀ Գերագույն խորհրդի անկյունաքարային որոշումից, ՀՀ նախագահի, ՀՀ ԱԺ-ի, ՀՀ ՍԴ-ի իրավասությունների յուրացում եւ այլն: Ինչի՞ վրա է հույսը դրել Փաշինյանը՝ չգիտեմ: Ու մանավանդ զարմանում եմ, երբ այսքան բանից հետո էլ դեռ ասում է, թե իր (իրենց) խաղաղության պարամետրերն ընդունելի չեն հայ ժողովրդի համար: