Վեճ Անանյանի ու Ջանջուղազյանի միջև․ «Դե եկեք անօրինական գործողություններով իրավական կոչեր անենք»

Վեճ Անանյանի ու Ջանջուղազյանի միջև․ «Դե եկեք անօրինական գործողություններով իրավական կոչեր անենք»

Կառավարության այսօրվա նիստին ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը ներկայացրեց Պետեկամուտների կոմիտեի 2020-2024 թվականների զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագիրը հաստատելու մասին հարցը։ Անանյանի ներկայացրած հարցը, սակայն, կեսից վերածվեց բուն բանավեճի կառավարության անդամների միջև։ Մասնավորապես, ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նկատեց, որ այն, ինչ ծրագրով հայտարարել են, պետք է պահպանվի բոլոր դեպքերում, և առաջարկեց այս ռազմավարությունն առկախել այնքան ժամանակ, քանի դեռ հարկային համակարգի բարեփոխումներ չկան, թե ինչպես պետք է իրականացվեն, և անեն, թե ինչ ներդաշնակեցման խնդիր են լուծում։

«Որովհետև, եթե մենք էսպես զուգահեռ ռազմավարություններ ընդունենք, և դրանք ներդաշնակեցված չլինեն, պարզ չի լինի, թե որ ուղղությամբ են ընդհանրապես ընթանում փոփոխությունները»,-ասաց Ջանջուղազյանը։

Վարչապետն էլ նկատեց, որ հնարավոր չէ միանգամից այնպիսի ռազմավարություններ ընդունեն, որ հարյուր տոկոսով իրար ներդաշնակվեն։ Ուստի առաջարկեց մի անգամ փորձել ներդաշնակեցնել, հետո տեսնել՝ որտեղ լավ չեն համընկնում իրար, սկսեն կարգաբերման, «թյունինգի» գործընթացը։

Ջանջուղազյանը նաև նշեց, որ իրենք հատուկ դեմ են եղել օրակարգի 64-րդ հարցով նախատեսված՝ պետբյուջեից գումարների հատկացմանը, և եթե պետք է մանրամասնել՝ ինչու է դեմ։ Իսկ 64-րդ հարցով, որը  չզեկուցվող է, և, որքանով հասկացանք, առաջարկվում էր գումար հատկացնել Գյումրու ավտոմաքսատան կամ արտաքին տնտեսական գործունեության՝ ԱՏԳ-ի կառուցման աշխատանքների համար։

Վարչապետն այս թեմայով էլ նախ հիշեցրեց, որ իրենք ավտոմաքսատունը Գյումրի տեղափոխելու պարտավորություն են ստանձնել և մտածել են, որ դրանով կնպաստեն, որ որոշակի ֆինանսական հոսքեր հոսեն Գյումրիով։ Ըստ վարչապետի՝ ավտոմաքսատան և, առհասարակ, ԱՏԳ-ի կառուցման նպատակն այն է, որ քաղաքացին որևէ ապրանք արտահանելիս կամ ներմուծելիս մի տեղանքում իր բոլոր գործերն անի։

Ջանջուղազյանն էլ հիշեցրեց, որ ժամանակին այս ծրագրի իրականացման գնահատականը տրվել է 2.2 մլրդ դրամ, հիմա նույն նպատակի համար փորձում են հատկացնել արդեն 6.2 մլրդ դրամ։ Ուստի առաջարկեց աառջնորդվել եղած կարգավորումներով, որովհետև իրենք չեն կարող մտնել մի պարտավորության տակ, որն իրենց հայտնի չի, թե ինչի է վերջում վերածվելու։

Ուստի առաջարկեց նախ գնահատել, թե մենք ինչ կարիք ենք ձևավորում, թե ինչ տեսակի կառույցի կարիք ունենք՝ ինչ սպասարկման ծավալով։ 

«Դրա համար առաջարկում ենք ուղղակի էստեղ կանգ առնել, հնարավոր է՝ շինարարության սառեցման համար ինչ-որ միջոցներ պահանջվեն, էդ միջոցները դնել, որպեսզի էս կատարված ներդրումները չփոշիանան, ձեռնպահ մնալ միլիարդներով կանխավճարներ տալուց և որոշումներ կայացնել արդեն էս հարցերի պատասխանները տալուց»,- ասաց Ջանջուղազյանը։

Անանյանը, սակայն, համաձայն չէր Ջանջուղազյանի ասածներից ոչ մեկի հետ ՝ թեպետ ընդունում է, որ կան ռացիոնալ մտքեր նրա խոսքում։ Ու սկսեց բերել հակափաստարկներ։

«Մենք կառուցել ենք 6 հեկտարի վրա, բայց մենք ունենալու ենք 21 հեկտարի վրա էդ ԱՏԳ-ն, պարոն վարչապետ․․․ ու եթե չշարունակենք կառուցելը, մենք կունենանք կիսատ մի կառույց, որը հետո պակաս շահագործման արդյունքում կարող  է պիտանի չլինել»,- փորձեց  ԱՏԳ-ի կառուցման անհրաժեշտությունը հիմնավորել Անանյանը։

Ջանջուղազյանը տեղից ռեպլիկ թողեց, որին Անանյանն արձագանքեց բավականին կոշտ ոճով ու խիստ հայացքով․ «Միգուցե ես խոսե՞մ պարոն վարչապետի հետ»։

Այստեղ վարչապետն էլ սկսեց կասկածել Անանյանի առաջարկածի իրավացիության մեջ՝ նկատելով, որ 2.2 միլիարդն ուրիշ է, որն արդեն տվել են, 6.2 միլիարդն ուրիշ է։ Ապա ասաց այն, ինչ Ջանջուղազյանի ասածի տրամաբանության մեջ էր, որ պետք էր նախ հասկանալ, թե ինչ ծավալով պետք է կառուցեն ԱՏԳ-ն, ինչ ձևի շենք պետք է լինի, ինչ պետք է արժենա այդ շենքը։

Եվ եթե նույնիսկ հետո խնդիրներ են առաջացել, ու ծախսը մի քիչ ավելացել է, դա, միևնույն է, ուրիշ բան է, 6.2 միլիարդն ուրիշ բան է։ Ուստի առաջարկեց մինչև իր կողմից վերջնական ստորագրելը նորից քննարկեն, որպեսզի հասկանան, քանի որ պարզ չէ, թե ինչու են այս ամենն անում։

Այստեղ նորից արձագանքեց Ջանջուղազյանը՝  նկատելով, որ այս կարիքի ձևակերպողը, ենթադրաբար, ՊԵԿ-ը չէ, այլ այդ կարիքը պետք է որ մեր տնտեսությունից ծնվեր։

«Եվ եթե էկոնոմիկայի նախարարությունը չի ձևակերպել էս կարիքը, ստացվում է, որ ինքնաշխատ կյանքով ապրող հաստատության մասին է խոսքը, և հաստատությունն ինքն է որոշում իր կարիքները»,-ասաց Ջանջուղազյանը՝ նշելով, որ մենք հիմա, փաստորեն, չհիմնավորված պարտավորություններ ենք ստանձնում։ Ուստի առաջարկեց ձեռնպահ մնալ այս ձևով այս նախագիծն առաջ տանելուց, հատկապես, որ պարզ չէ, թե ինչ կարիք են բավարարում և ինչու են երկու անգամից ավելի ծախսում։

Սա դուր չեկավ Անանյանին, որը վրդովված՝ տեղից ռեպլիկ բաց թողեց, թե «այ, տենց պահպանողական գնացել եք առաջ»։  Վարչապետը հորդորեց Անանյանին չվրդովվել։

Ջանջուղազյանն էլ արձագանքեց՝ իր հերթին վրդովվելով․ «Դե եկեք անօրինական գործողություններով իրավական կոչեր անենք, եկեք բռնության մասին կես ժամ քննարկում ունենանք, բայց փոխարենը մենք՝ ինքներս մեզ թույլ տանք անօրինական գործողություններ իրականացնել, պարոն Անանյան։ Դա կստացվի, որ մենք ճիշտ ճանապարհին ենք»։