Արցախի իշխանություններին կոչ ենք անում արտակարգ դրություն հայտարարել եւ հետաձգել ընտրությունները

Արցախի իշխանություններին կոչ ենք անում արտակարգ դրություն հայտարարել եւ հետաձգել ընտրությունները

«Ազգային օրակարգ» կուսակցության խորհուրդը հայտարարություն է տարածել՝ Արցախի իշխանություններին կոչ անելով հետաձգել մարտի 31-ին նախատեսված նախագահական ընտրությունը:

Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.


«Սույն թվականի մարտի 31-ին Արցախի Հանրապետությունում նշանակված են Նախագահի եւ Ազգային ժողովի ընտրություններ։ Ներկայումս ընթանում է նախընտրական բավական լարված քարոզարշավ, որը աչքի է ընկնում մասնակից թեկնածուների եւ կուսակցությունների բազմազանությամբ ու ընտրողների բարձր քաղաքական ակտիվությամբ։ «Ազգային օրակարգ» կուսակցության Խորհուրդը նախկինում արդեն հայտնել է եւ ներկայումս էլ վերահաստատում է իր աջակցությունը թափանցիկ ու ժողովրդավարական ընտրությունների անցկացմանը՝ որպես Արցախի Հանրապետության պետականության շարունակական զարգացման եւ միջազգային ճանաչման կարեւոր նախադրյալ։

Միեւնույն ժամանակ, այս ընթացքում աշխարհում եւ Հայաստանի Հանրապետությունում տեղի են ունենում ֆորս մաժորային իրադարձություններ, որոնք կարող են էապես անդրադառնալ Արցախի Հանրապետությունում ընտրությունների արդյունավետության վրա։ Մասնավորապես, COVID-19 վիրուսով պայմանավորված համաճարակը կանխելու նպատակով Հայաստանի Հանրապետությունում մարտի 16-ից հայտարարվել է արտակարգ դրություն, եւ նախորդ օրվա դրությամբ պաշտոնապես արդեն ախտորոշվել է 194 վարակակիր։ Համաճարակի սրընթաց գլոբալ տարածումը նաեւ բերել է նրան, որ ժամանակավորապես կասեցվել է Հայաստանի Հանրապետության տրանսպորտային հաղորդակցությունը աշխարհի բազմաթիվ երկրների հետ։

Թեեւ Արցախի Հանրապետության տարածքում այս պահին դեռեւս վարակակիրներ չեն հայտնաբերել, այնուամենայնիվ հաշվի առնելով վիրուսի թաքնված բնույթը եւ Հայաստանի Հանրապետության հետ ինտենսիվ հաղորդակցությունը՝ վիրուսի հետագա տարածումը Արցախում որեւէ կերպ հնարավոր չի բացառել։

Այս պայմաններում, Արցախի Հանրապետությունում ընտրությունների անցակումը նախատեսված ժամկետներում հղի է ազգային անվտանգության համար էական վտանգներով։ Նախ, քվեարկության գործընթացը ենթադրում է մեծ մարդկային կուտակումներ, որոնք բարենպաստ միջավայր են ստեղծում վիրուսի արագ տարածման համար։ Երկրորդ, դիտորդական առաքելությունների ժամանումը Հայաստանի Հանրապետությունից եւ այլ երկրներից պարունակում է համաճարակի ներկրման անկառավարելի վտանգներ, որոնք էլ ավելի են մեծանում, հաշվի առնելով, որ դիտորդները քվեարկության օրը պետք է տեղում շփվեն բազմաթիվ ընտրողների եւ ընտրական հանձնաժողովների անդամների հետ։ Մյուս կողմից, մեծ է նաեւ հավանականությունը, որ այս պայմաններում դիտորդական առաքելությունների զգալի մասը կհրաժարվի ժամանել Արցախի Հանրապետություն, իսկ դա լուրջ հարցականի տակ կդնի ընտրությունների միջազգային լեգիտիմությունը, մասնավորապես, երբ հիմնական մրցակիցներների միջեւ պայքարի ելքը բավական անկանխատեսելի է։ Ավելին՝ եթե նախագահական ընտրությունները չավարտվեն առաջին փուլով, եւ Արցախի Հանրապետության տարածքում համաճարակային իրավիճակն այդ ընթացքում բարդանա, այն կարող է ստեղծել էլ ավելի խրթին դրություն, երբ երկրորդ փուլ անցած թեկնածուների միջեւ նոր ընտրություն անցկացնելը տեխնիկապես անհնար դառնա։

Հաշվի առնելով վերոնշյալը՝ «Ազգային օրակարգ» կուսակցության Խորհուրդը կոչ է անում Արցախի Հանրապետության իշխանություններին, չսպասելով իրավիճակի հնարավոր բարդացմանը, Արցախի Հանրապետության տարածքում եւս համաճարակի հետ կապված արտակարգ դրություն հայտարարել եւ դրանով պայմանավորված՝ դիտարկել մարտի 31-ին նախատեսված ընտրությունների հետաձգման հնարավորությունը։ «Ազգային օրակարգ» կուսակցությունը պատրաստ է իր համակողմանի աջակցությունը տրամադրել Արցախի Հանրապետության իշխանություններին՝ համաճարակային վիճակի կայունացումից հետո թափանցիկ եւ արդար ընտրությունների անցկացման գործում, ինչպես նաեւ իր ուժերի սահմաններում օժանդակել Հանրապետության տարածքում համաճարակի կանխարգելման հետ կապված աշխատանքներին»։