Առիթից օգտվեք, որ մենակ եք, և սիրո խոսքեր ասեք իրար

Առիթից օգտվեք, որ մենակ եք, և սիրո խոսքեր ասեք իրար

«Այս օրերին մենք անընդհատ խոսում ենք մենակությունից, ինքնամեկուսացումից, որ առանձնացել ենք, չենք շփվում միմյանց հետ, բայց կարող է մարդն ամեն օր գնալ աշխատանքի եւ էլի իրեն մենակ զգալ կամ կարող է ապրել մեծ ընտանիքում, բայց էլի իրեն մենակ եւ անկարեւոր զգալ: Ինքդ քո հետ մենակ մնալու խնդիրը կապված է նախեւառաջ նրա հետ, թե որքանով է մարդն ինքնաբավ, ինքն իրեն ընդունում եւ սիրում: Ես առանձնապես ոչ մի տարբերություն չեմ զգում այս արտակարգ իրավիճակում, որովհետեւ կարողանում եմ ինքս ինձ շատ հետաքրքիր զբաղեցնել»,- ասում է դերասանուհի Լալա Մնացականյանն ու նկատում, որ առանձնապես մտահոգություններ չունի կորոնավիրուսի հետ կապված, ավելին` կարծում է, որ վախենալ եւս պետք չէ, ապա նաեւ կատակով հավելում.

«Ինչի՞ հիմիկվանից վախենամ, թե չէ կստացվի՝ հա՛մ հիմա վախենամ, հա՛մ՝ հետո, ավելի լավ է հիմա ապրեմ, երբ վախենալու ժամանակը կգա, կվախենամ: Ես ապրում եմ այս սկզբունքով, եւ իմ մոտ չկա ո՛չ խուճապ, ո՛չ տագնապ: Սա մի շրջան է, որը պետք է հաղթահարենք: Նաեւ շատ լավ հնարավորություն է, որպեսզի մարդն ինքն իրենով զբաղվի, որովհետեւ մարդիկ կան, որ առավոտից մինչեւ երեկո տաժանակիր աշխատում են, հիմա իրենց տրվել է հնարավորություն՝ իրենցով զբաղվել. լավ գիրք կարդալ, դրսում ֆիզկուլտուրա անել, բայց քանի որ մարդն ինքն իրեն չի կարողանում զբաղեցնել, դրան էլ գումարվում է վախի գործոնը, եւ ստացվում է երկու դժվար, անլուծելի խնդիր, որ մարդուն կարող են դնել բավականին ծանր վիճակի մեջ»:

Լալա Մնացականյանն առանձնապես չի հետեւում նաեւ կորոնավիրուսի աճող վիճակագրությանը, ասում է` նայում եւ լսում է միայն ուրախ բաներ՝ լինի ֆիլմ, թե երաժշտություն։ Նույնը խորհուրդ է տալիս բոլորին. «Երեւի իմ բնավորությամբ պոզիտիվ, ուրախ մարդ եմ, դա էլ է օգնում: Հետո, երբ ինտերնետը չկար, գիտե՞ք ինչքան հիվանդություններ են եկել անցել, որ շատ վտանգավոր են եղել, բայց քանի որ տեղյակ չենք եղել, կողքներովս անցել են: Մի հատ անեկդոտ կա. ժանտախտը գալիս է, որ մտնի քաղաք, հարցնում են` քանի՞ հոգու կյանք պետք է տանես, ասում է`5 հազար, բայց 50 հազարն են մեռնում։ Հարցնում են` բա ասում էիր՝ 5 հազար, ասում է` էդ 50 հազարը ես չեմ տարել, այլ` վախն ու պանիկան: Ես հիշում եմ, թե 70-ական թվականներին ինչ էր կատարվում Երեւանում` խոլերա էր՝ բառիս բուն իմաստով, բայց դուրս եկանք այդ վիճակից: Պետք է ամեն ինչ համեմատության մեջ նայենք, իհարկե, վախն ու պանիկան ավելի շատ զոհ կարող են տանել, քան բուն հիվանդությունը»: 

Բնական է նաեւ, որ շատ մարդիկ հոգեբանորեն դժվար են տանում այս իրավիճակը, որովհետեւ «մարդը սովորել է առավոտյան արթնանալ եւ գնալ աշխատանքի, այսինքն՝ սովորել է այդ ռիթմին, եւ հիմա իրեն ոչ միայն հետ են կանգնեցնում այդ ռիթմից, այլ նաեւ վախ կա, որ եթե մտնես այդ ռիթմի մեջ, կարող ես հետո հիվանդանալ եւ ունենալ խնդիրներ: Այսինքն՝ այստեղ խնդիրը մեկուսանալը չէ, որովհետեւ մենք մեկուսանում ենք նաեւ Նոր տարվա օրերին, տարբերությունն այն է, որ հիմա մեկուսացել ենք, որովհետեւ վախ կա մեր մեջ, եւ սա է, որ մարդկանց մոտ կարող է դեպրեսիա առաջացնել: Բայց հիմա առիթից օգտվեք, որ մենակ եք, եւ սիրո խոսքեր ասեք իրար, մի կռվեք իրար հետ, երեխաներով զբաղվեք, երեկոյան դուրս եկեք, զբոսնեք»,- խորհուրդ է տալիս դերասանուհին: