Բոյկոտս բոյկոտ չիմանաս…

Բոյկոտս բոյկոտ չիմանաս…

«Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները երեկ բոյկոտեցին ԱԺ արտահերթ նիստը՝ հայտարարելով, որ անօրինական օրակարգ է բերվել խորհրդարան: Այնուհետեւ ընդդիմադիր խմբակցությունները միասին լքեցին նիստերի դահլիճը:

Նշեմ, որ օրակարգում համայնքների խոշորացման նախագիծն էր, ըստ էության մի հարց, որ բացարձակապես կապ չուներ վերջին շրջանում Թուրքիայից ու Ադրբեջանից եկող, ինչպես նաեւ Հայաստանից գնացող դրական ազդակների հետ: Քննարկմանը չմասնակցելու եւ դահլիճը լքելու ընդդիմադիրների պատճառաբանությունները բավականին համոզիչ էին: Այդ քայլով նրանք իշխանություններին ուղղակի ասացին՝ եթե դուք ուզում եք այս ծանր իրավիճակում ծառի տակ նստել ու նապաստակ նկարել, ուրեմն նկարեք, մենք դրան չենք մասնակցում:

ԱԺ նիստերի բոյկոտը նոր երեւույթ չէ, իսկ բոյկոտն ինքնին պայքարի ձեւ է, եւ չի կարելի ասել, թե որեւէ բան բոյկոտող մարդիկ հրաժարվում են աշխատել: Բոյկոտելն էլ աշխատանք է, ճնշման ձեւ, գործիք, որով ընդդիմությունը բացահայտում է իշխանությունների վերաբերմունքը պետական գործերին: Երբ իշխանությունը շարժվում է «сила есть ума не надо» հանրահայտ սկզբունքով, փոքրամասնությանն այլ բան չի մնում անելու, քան կազմակերպված ձեւով այդ զոռբայությունը բոյկոտելն է:

Բայց, արդյոք, բոյկոտի մի ձեւ էլ իշխանականների կամակորությունը չէ՞: Իմ կարծիքով՝ Անդրանիկ Քոչարյանն ԱԺ գործերի ամենաակնառու բոյկոտողներից է: Այո, Արթուր Ղազինյանի՝ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում 4 անգամ չընտրվելը բացատրվում է միայն Անդրանիկ Քոչարյանի բոյկոտիչ գործողություններով: Մինչդեռ Անդրանիկ Քոչարյանը շատ պատգամավորներից ավելի բարձր աշխատավարձ ու պարգեւավճար է ստանում, որպեսզի Հայաստանի պաշտպանության եւ անվտանգության համար կարեւոր նշանակություն ունեցող այդ հանձնաժողովը ձեւավորի վերջապես: Իսկ ինչո՞վ է զբաղված Անդրանիկ Քոչարյանը… Բոյկոտով՝ կասեք:

Մյուս կողմից էլ՝ ընդդիմադիրներին աչքով աչք չունեցող իշխանականները ցինիկաբար ցույց են տալիս, թե առանձնապես ուրախ չեն դահլիճում ազատ շնչելու եւ արտաշնչելու հնարավորությունից: Պլաստիկ շշերի այս դարում՝ ի՞նչ իմանաս, թե որտեղից մի շիշ կթռչի ու դուզ՝ գլխիդ: Բա մեզ բմբուլ պետք ա՞… Եվ, ի դեպ՝ ընդդիմադիրների բացակայությունից ամենացինիկ ձեւով բողոքում է գիտե՞ք ով… Նախորդ գումարման խորհրդարանից ՔՊ-ին ժառանգություն մնացած իմքայլական Սիսակ Գաբրիելյանը, որն ամենաշատն է տուժել ընդդիմության ձեռքի տակ եղած առարկաներից  (լոլիկ, հավկիթ եւ այլն):  «Չգիտես ինչու են նրանք մանդատները վերցրել, եթե ամեն առիթով պետք է բոյկոտ հայտարարեն»,- նեղսրտել է սույն երիտասարդը՝ չմոռանալով նաեւ ընդդիմադիրների գրպանին խփել. «Հետո էլ հպարտությամբ հայտարարում են, որ իրենց պարգեւավճարը կամ աշխատավարձը տալիս են ուրիշներին:

Բնական է, որ պետք է տան, եթե այսպես պետք է շարունակեն, կարելի է ընդհանրապես զրկել»: ՔՊ-ի «բրիգադիր Սիսակի» այս խոսքերից ՀՀ միամիտ քաղաքացին կարող է պատահաբար եզրակացնել, որ ՔՊ-ական նախարարներն ու պատգամավորներն իրենց աշխատավարձերն ու պարգեւավճարներն ուրիշներին չեն տալիս, որովհետեւ դրանք հալալ քրտինքով են աշխատել: Բայց ահա՝ հարց է առաջանում՝ բա որ քրտնմխած աշխատել են, ինչո՞ւ է ամեն ինչ այսքան վատ, ինչո՞ւ պարտվեցին 44-օրյա պատերազմում, ինչո՞ւ երկիրը կապիտուլացրին, ինչո՞ւ է Ալիեւն այսօր թափ տալիս (մատը) ՀՀ իշխանությունների վրա ու Զանգեզուրի միջանցք պահանջում, ի՞նչն է պատճառը, որ Երեւանում 24-ժամյա գրաֆիկով ցույցեր ու միտինգներ են տեղի ունենում, ինչո՞ւ իրենց առողջապահության նախարարը, որը, ի դեպ, նույնպես աշխատավարձ ու պարգեւավճարներ է ստանում, չի կարողանում երկու էշի գարի ջոկել իրարից: Իսկ գուցե ավելի լավ կլիներ, հարգելի Սիսակ, եթե Դուք ընդհանրապես չաշխատեիք: Գոնե պետական գործերում այս խայտառակ սաբոտաժն ու բոյկոտը չէին լինի:

Ընդդիմությանն իր սահմանադրական իրավունքներն է հիշեցրել ՔՊ-ից մեկ այլ պատգամավոր՝ Վահե Ղալումյանը: Նա լրագրողներին մոտավորապես այսպիսի մի բան է ասել. «Ընդդիմությունը սահմանադրական իրավունքով ԱԺ-ում պետք է ներկայացնի հակառակ կարծիք, սակայն չի անում, դա իրենց խնդիրն է»: Հավանաբար, հիշում եք Վահե Ղալումյանին, դարձյալ նախորդ ԱԺ-ի մնացուկներից է, Նիկոլի ամենաքիփ մարդկանցից մեկը, որ սիրում է հետեւից մոտենալ քաղաքական հակառակորդներին ու մի հատ հասցնել… Իհարկե, իշխանական պատգամավորի նման վարքագիծը խորհրդարանական աշխատանքների բոյկոտ չես անվանի: Վահե Ղալումյանն այդկերպ պարզապես ուզում է հասկացնել, որ իր աշխատավարձն ու պարգեւավճարները միանգամայն արդարացված են ու մի բան էլ քիչ այն ծառայությունների համեմատ, որ ինքն է մատուցում իշխանություններին:

ՀԳ. Սա իմ կյանքում գրած ամենաանկապ հետգրությունն է, բայց հուսով եմ՝ ընթերցողին կհետաքրքրի, որովհետեւ հաջորդիվ փորձելու եմ մի անչափ հետաքրքիր պատմություն հյուսել հետեւյալի մասին: Եվ ուրեմն՝ դեպքերը տեղի են ունենում 2050թ., Հայաստանում: Նիկոլ Փաշինյանն ու Աննա խանումն այցելել են Սարալ եւ Ղուրսալի գյուղերի սահմանագիծ:

Ասում են՝ իշխանություններն այնքան լավ են աշխատել այս գյուղերի ազգաբնակչության հետ, որ այնտեղ պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել: Հետաքրքրե՞ց: Դե ուրեմն բրիգադիր Սիսակին ու Վահե Ղալումյանին առաջարկում եմ մինչ այդ պարզել, թե որ գյուղերի մասին է խոսքը, եւ ինչպես ստացվեց, որ հեռավոր 2050-ին Փաշինյանը դրանք անվանեց իրենց «իսկական» անուններով:
Ով բոյկոտի՝ հողատու ա…