Իմ գրառումից հետո զանգեցին, աշխատանք առաջարկեցին, ինչը շատ վիրավորական էր. Տիգրան Մազմանյան

Իմ գրառումից հետո զանգեցին, աշխատանք առաջարկեցին, ինչը շատ վիրավորական էր. Տիգրան Մազմանյան

2018-ի համաժողովրդական շարժման ակտիվիստներից մեկը՝ Տիգրան Մազմանյանը, ֆեյսբուքյան աղմկոտ գրառում էր արել․ «Ես արդեն համոզվում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում տեղի է ունեցել ուղղակի իշխանափոխություն, ուրիշ ոչինչ։ Ուստի, այս ամենից ելնելով, ես` որպես ՀՀ պահանջատեր քաղաքացի, սկսում եմ իմ քաղաքացիական պայքարը, որով կփորձեմ (ենք) հիշեցնել մեր պահանջները, որոնցով դուրս եկանք փողոց եւ «Հաղթեցինք»։ Պետք չէ թույլ տալ որեւէ քաղաքական ուժի Հայ ժողովրդի հետ վարվել այնպես, ինչպես ցանկանա։ Հնին վերադարձ չպետք է լինի, եւ պետք է շարժվենք մեր երկրի բարեկեցիկ ապագայի ետեւից, այլ ոչ թե անցնենք նրա կողքով»։

Մազմանյանն ասաց, որ այս գրառումից հետո իրեն իշխանական թեւից զանգել են։ «Իմ գրառումից հետո եղել են զանգեր, եղել են աշխատանքի առաջարկներ, ինչն ինձ համար վիրավորական էր։ Ինձ ճանաչող մարդիկ չպիտի մտածեին, որ ես աշխատանք չունեմ, դրա համար եմ գրում։ Ես աշխատել եմ նախկին ռեժիմի օրոք էլ, ներկա իշխանության ժամանակահատվածում էլ։ Ինձ համար տարբերություն չկա, թե ես որտեղ կաշխատեմ, ես ձգտում չունեմ պետական կառույցում աշխատելու կամ բարձր պաշտոն զբաղեցնելու․․․ ես աշխատանքի համար չեմ իմ բողոքը բարձրաձայնում»,- մեզ հետ զրույցում ասաց Մազմանյանը։

Պատմեց, որ հեղափոխությունից ակնկալիքները շատ մեծ են եղել, դա միակ բանն է, որի համար ինքն ուզում է շնորհակալություն հայտնել վարչապետ Փաշինյանին, որ կարողացավ ժողովրդին համախմբել եւ իրականացնել քաղաքացիների ցանկությունը․ «Հասել էր այն կետը․․․ դա կարող էր չլինել Փաշինյանը, կարող էր լինել մեկ ուրիշը․․․ բայց ինքն արեց դա։ Ես էլ, բոլոր քաղաքացիների պես, հավատալով, վստահելով, նրան ճանաչելով՝ նրա կողքը կանգնեցի, դուրս եկանք պայքարի։ Եղավ այն, ինչ եղավ, բայց չարդարացան մնացած սպասելիքները։ Տեղի ունեցավ իշխանափոխություն, իշխանափոխությունից հետո պետք է լիներ երկրորդ քայլը՝ հեղափոխություն, բայց արդեն անցել է 2 տարուց ավելի, Հայաստանում չկա հեղափոխություն։ Պետական կառույցներում կա նույն «խնամի-ծանոթ-բարեկամ» հասկացությունը»։

Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության գալուց հետո Մազմանյանն աշխատանքի էր անցել սփյուռքի նախարարությունում․ նախարար Մխիթար Հայրապետյանի վարորդն էր։ «Ես աշխատանքի եմ անցել հեղափոխությունից 2-3 ամիս անց։ Ես աշխատանք ունենալու համար չեմ խոսում, ես դրանից առաջ ավելի լավ աշխատանքի եմ եղել՝ ավելի լավ աշխատավարձով, ես նախարարությունում աշխատել եմ որպես նախարարի վարորդ՝ 80 հազար դրամ աշխատավարձով, ինչը չեմ կարծում, որ եթե հիմա մեկին առաջարկեն, կհամաձայնի։ Ես համաձայնեցի, քանի որ ճիշտ գտա թիմի կողքին լինել, գաղտնիք չէ, որ նախարարը եղել է իմ ընկերը, սակայն եկավ պահ, որ որոշեցինք՝ պետք չէ։ Ես նույնիսկ նախարարությունում աշխատելու ժամանակահատվածում խոսել եմ բացթողումների մասին, եղել են գրառումներ, որից հետո եղել են զանգեր՝ ինձ աշխատանքից ազատելու հարցով, զանգերը կառավարության շենքից էին։ Ես ընկերների հետ երբեք կամուրջներ չեմ այրում, իսկ թե իրենք այրում են՝ իրենց գործն է»։

Մազմանյանը քաղաքացիական պայքարի հարթությունից կարող է եւ տեղափոխվել քաղաքական հարթություն, սակայն դեռ հստակ ուրվագծված չէ, թե որ կուսակցության կազմում, նա չի բացառում նաեւ իր կողմից կուսակցություն հիմնադրելը։

Մանրամասները՝ տեսանյութում