Զելենսկին ուշագրավ հայտարարություն է արել. կշարունակվե՞ն բանակցությունները Թուրքիայում

Զելենսկին ուշագրավ հայտարարություն է արել. կշարունակվե՞ն բանակցությունները Թուրքիայում

Ռուսական պատվիրակության մակարդակը տեսնելով՝ մենք հասկացանք, որ նրանք պատրաստ չեն լուրջ բանակցությունների։

Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Զելենսկու խոսքով՝ Ռուսաստանի հետ բանակցություններին ներկա չեն լինի Գլխավոր շտաբի պետը և Անվտանգության ծառայության ղեկավարը։ Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը կմասնակցի Ռուսաստանի հետ Ստամբուլում կայանալիք բանակցություններին։ Նա կգլխավորի ուկրաինական պատվիրակությունը։

«Մեր պատվիրակության օրակարգում կլինի հրադադարի հարցը, բայց մենք վստահ չենք, որ ռուսական պատվիրակությունն էլ նույն վերաբերմունքն ունի։ Մենք բանակցությունների մասնակիցների շրջանում իրական որոշում կայացնողներ չենք տեսնում։ Ես դեռևս կարծում եմ, որ Ռուսաստանը լուրջ չի վերաբերվում այս հանդիպումներին, չի ցանկանում դադարեցնել պատերազմը», - ասել է Ուկրաինայի նախագահը։

Հայտնի է նաև, որ նա չի մասնակցի Ստամբուլում կայանալիք ռուս-ուկրաինական բանակցություններին, հաղորդում է AFP-ն։

Ռուսական կողմը պատրաստ է վերսկսել բանակցային գործընթացը Ստամբուլում և քննարկել հնարավոր փոխզիջումները բանակցությունների ընթացքում։

Այս մասին էլ, ինչպես նշում են ռուսական լրատվամիջոցները, հայտարարել է Ստամբուլում ընթացող բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար, Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։