Աշխատանքների ավարտի մասին հստակ ոչ մեկս էլ բան չգիտենք, աշխատում ենք էլի

Աշխատանքների ավարտի մասին հստակ ոչ մեկս էլ բան չգիտենք, աշխատում ենք էլի

«Ամբողջ տարածքի կեսից ավելին իրացված է, բնակիչներին վճարվել է իրենց բնակարանների գումարները: 2016 թվականին ակտիվ շինաշխատանքներ են նախատեսված եւ 3-ից 4 տարում այն կավարտվի»,- ասել էր Նարեկ Սարգսյանը։ 

Այսօր արդեն 2019 թվականն է, սակայն  «Հին Երևան» նախագծի շրջանակում շինարարական աշխատանքները դեռևս շարունակվում են։

Մեզ հետ զրույցում շինարարներից մեկը, որը չցանկացավ ներկայանալ, նշեց, որ չգիտեն՝ երբ են վերջնականապես ավարտվելու շինարարական աշխատանքները։

«Աշխատանքների ավարտի մասին հստակ ոչ մեկս էլ բան չգիտենք, աշխատում ենք էլի»,-նշեց շինարարը։

Հիշեցնենք, որ «Հին Երևան» նախագիծը իրականացվում է քաղաքի հենց սրտում, Գլխավոր պողոտայի տարածքում՝ Աբովյան, Փ. Բուզանդ, Ե. Կողբացի և Արամի փողոցներով սահմանափակվող հատվածում: Այն ընդգրկում է շուրջ 1.85 հա  մակերեսով տարածք:

Պատմաճարտարապետական այս հատվածում վերականգնվում է 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի Երևանի կենտրոնից մի թաղամաս՝ դարձնելով այն զբոսաշրջային հետիոտնային գոտի:

Տարածքում պահպանվել են բնակելի տների ճարտարապետությունը ներկայացնող 14 հուշարձան-շենք՝ իրենց միաձուլված ներքին բակերով ու կանաչապատումով, ինչպես նաև՝ փայտե պատշգամբներով, որոնց թվին են ավելանում նաև վերջին երկու տասնամյակներում ապամոնտաժված այլ պատմական հուշարձան-շենքեր։