Երեւանը վերածել են Սոդոմ-Գոմորի
«Հրապարակի» զրուցակիցը Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գեւորգ Ստեփանյանն է:
- Երեկ հրդեհ է տեղի ունեցել Երեւանի Կանաչապատման ՀՈԱԿ-ի տնկարանում, Դուք տեսանյութ էիք հրապարակել: Քաղաքապետարանից ասում են, որ իրենք մեղք չունեն:
- 2020 թվականից սկսած, Երեւան քաղաքում տեղի են ունեցել էտման պրոցեսներ, ծառեր են էտել` հաստաբուն ծառեր: 2020 թվականից սկսած, էտված ծառերը տարել լցրել են Կանաչապատման ՀՈԱԿ-ի տարածքի մոտ: Դե, պատկերացրեք՝ չորս տարի շարունակ ծառեր են լցրել ու լցրել՝ ինչքան կուտակված կլինեն: Այժմ, իբրեւ տարածքը մաքրելու նպատակով, եկել են ճյուղերն այրելու, բայց այնտեղ ճյուղեր չկան, հաստաբուն ծառեր են: Թեթեւակի կրակ է բռնկվել, ինչից հետո տարածվել է ողջ տարածքով:
- Այսինքն` Երեւանի քաղաքապետարանն է այրել:
- Ասում են` ուզում էինք մաքրել, դրա համար ենք այրել, ասում են՝ չորս տարի շարունակ էտել լցրել են այդտեղ, շատ է կուտակված եղել, եւ իրենք չեն պատկերացրել, թե ինչ կարող էր լինել:
- Իսկ ի՞նչ պետք է անեին` այրելու փոխարեն: Կա՞ առավել անվտանգ, արդյունավետ տարբերակ:
- Ծառերը պետք է նախ սորտավորեին, ճյուղերը՝ առանձին, մնացած հատվածները՝ առանձին, եւ բաժանեին կարիքավոր ընտանիքներին: 2024 թվականին մեր երկրում կան շատ մարդիկ, ընտանիքներ, ովքեր փայտով են տաքացնում տունը, գոնե մի լավ բան արած կլինեին, բայց դա էլ չեն արել, ականջի ետեւ են գցել, արդյունքում ամեն ինչ այրվեց գնաց….
- Ի՞նչ վնասներ է հասցրել հրդեհը:
- ՀՈԱԿ-ի կողքի տարածքն է՝ ահռելի մեծ տարածք, ահռելի քանակությամբ փայտ է այրվել, դեռ մի երեք-չորս օր էլ վառվելու է կրակը, անկախ այն բանից, որ հանգցնում են:
- Մայրաքաղաքը երբեք այսքան վատ վիճակում չի եղել: Մարդիկ կուտակված աղբի լուսանկարներ են հրապարակում, անձրեւաջրերը լցվում էին մետրո, գետնուղիներ, փողոցները ջրի մեջ թաղված էին:
- Երեւան քաղաքը վերածվել է իսկական քաոսի: Անձրեւի դեպքում քաղաքում լճեր են գոյանում, մարդիկ այդ ամենն արդեն խեղկատակություն են համարում, կատակներ են սկսել անել՝ Երեւանի փողոցներում սկսել են անգամ ձուկ որսալ, հրապարակումներ են անում, որ մեքենայի վրա կանգնած՝ կարթ են գցում անձրեւաջրերի մեջ, որ մանր ու խոշոր ձկներ բռնեն, փոսերի մասին խոսելն ավելորդ է: Երկու տարի է՝ ասֆալտ են անում, անում-անում՝ չեն վերջացնում, այդ նույն «արագությամբ» էլ Աջափնյակի մետրոն կկառուցեն, հավանաբար։ Երեւանը վերածել են Սոդոմ-Գոմորի, իրենք էլ՝ ամեն ինչից անտեղյակ, բարձիթողի վիճակ է, ոնց ստացվի՝ ստացվի:
- Շենգավիթի մետրոյի կայարանն անձրեւաջրի մեջ թաղվել էր: Ինչո՞ւ է այս խնդիրն առաջացել:
- Ինչո՞ւ միայն Շենգավիթի, բոլոր կայարանների: Բոլոր վարչական շրջաններում այդ վիճակն է, որովհետեւ ամեն տեղ խցանված է: Անձրեւը գալիս է, ջուրը գոյանում է, դրանից հետո մեքենաներով գալիս են, ջրերն ուղղակի քաշում են, ու իրենց թվում է՝ վերջ, դա էր իրենց հիմնական գործը, հետո նորից, իրենց ասած, «անկանխատեսելի» անձրեւը գալիս է, նորից քաղաքը ջրի մեջ է թաղվում, դրան էլ գումարած զիբիլն ու կեղտը, որ ամենուր է: Ո՞նց կարելի է այսպես աշխատել: Կոյուղիների համար` նոր կոյուղիներ ձեռք բերելու համար միլիոններ են դուրս գրել, բայց դե՝ տեսնում ենք, էլի:
- Ձմռանն էլ մեկ անգամ ձյուն եկավ, ու նորից նույն վիճակն էր:
- Այո, մարդիկ դա էլ են կատակի վերածել, ասում էին` ի՞նչ անենք, գնանք ձյո՞ւն ուտենք, որ քաղաքապետարանին օգնենք: Հիմա ի՞նչ անենք, հիմա էլ պետք է գնանք անձրե՞ւը խմենք, որ օգնենք: Լավ է, որ գոնե անձրեւ է գալիս, իրենց չմաքրած զիբիլները քշում-տանում է: Հյուսիսային պողոտայում քայլող մարդու արձան կա, այժմ արդեն քաղաքում կա քայլող աղբ, նորմալ է, ամեն ինչ իր հունով գնում է: «Խալաստոյ» են գցել, ինչ կլինի՝ կլինի:
- Շուտով լրանում է Տիգրան Ավինյանի ղեկավարման մեկ տարին, մեկ տարին լրանալուն պես ավագանին կարող է անվստահություն հայտնել: Ի՞նչ եք պատրաստվում անել հոկտեմբերին:
- Նախքան դա էլ մենք դատարան ենք դիմել, քանի որ Տիգրան Ավինյանի նշանակումը համարում ենք ոչ իրավաչափ: «Մայր Հայաստանը» վաղուց է դատարան դիմել, կարծում եմ՝ դատարանը կլինի իր բարձունքի վրա ու ճիշտ որոշում կկայացնի, իսկ թե Ավինյանը որքան է ղեկավարել, դա նշանակություն չունի, քանի որ քաղաքի կառավարումը «պռավալ» է տվել: Ընտրության հաջորդ օրվանից Ավինյանն ամեն դեպքում երեւանցիներից ապտակ է ստացել, որ մարդիկ իրեն չեն վստահում: Երեւան քաղաքում երբեք նման իրավիճակ չի եղել, որ երկու ժամ անձրեւ տեղա, արդյունքում լճեր գոյանան: Ավտոբուսների փոխարեն կարող են սուզանավեր բերել, ինչների՞ս է պետք ավտոբուսը լճի մեջ:
- Նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի կառավարումից էլ էին շատերը դժգոհ, այսօր նա էլ է քննադատում Ավինյանին, նրանից դժգոհ են գրեթե բոլորը: Նշում եք, որ էտված ծառերը 2020-ից են լցրել ՀՈԱԿ-ի տարածք: Ստացվում է, Ավինյանին քննադատող Մարությանն էլ չի փայլել իր աշխատանքով:
- Այդ բանավեճին կարելի է կողքից նայել: Երբ հրդեհը բռնկվել էր, կանաչապատման աշխատողները` տնօրենի գլխավորությամբ, ասում էին, որ Մարության Հայկն է այս ամենն արել, իրենք էլ շարունակել են: Հիմա իրենք իրար են մեղադրում:
Կարծիքներ