Ցինիզմ, կեղծիք, մեծախոսություն, արկածախնդրություն
Իշխանության առաջին դեմքերի ցինիզմն ու արկածախնդիր հայտարարությունները մեզ համար նորություն չեն՝ ինչ ասես լսել ենք 4 տարվա ընթացքում փողոցից իշխանական կաբինետներում հայտնված այս երիտասարդներից, որոնք երկիրը հասցրել են աղետի, բայց մի գրամ չեն համեստացել, պետական մտածողություն եւ պետական գործչին բնորոշ խոհեմություն ձեռք չեն բերել։ Բայց եթե մենք այլեւս չենք զարմանում, որ նման պահվածք է դրսեւորում 2018 թվականին հեղափոխություն արած, Սերժ Սարգսյանին հրաժարական պարտադրած եւ այդ հրաժարականից հետո իրեն «ցար ի բոգ» երեւակայող Նիկոլ Փաշինյանը, ապա իրավունք ունենք զարմանալու, թե ինչո՞վ է պայմանավորված նրա մյուս թիմակիցների ցիզնիմն ու մեծաբերանությունը, ներսին ու դրսին ուղվված հրահրող հայտարարությունները, դրանց հետեւանքների մասին չմտածելը։
Մարդն Ազգային ժողովի նախագահի բարձր աթոռն է զբաղեցնում, թվում է՝ պետք է փորձեր ողջ խորհրդարանի ղեկավարը դառնալ, տարբերվեր իր շեֆից եւ ոչ թե մուրճն առներ ձեռքն ու թափահարեր, աջուձախ մարդկանց վիրավորեր, այլ փորձեր տարբերվել սեւ-սպիտակ անողներից։ Որովհետեւ եթե ինչ որ կուսակցական գործիչ կարող է չարությամբ լցված լինել ընդդիմադիր ինչ որ գործչի հասցեին, խորհրդարանի ղեկավարն իրավունք չունի այդպիսին լինելու։ Ինչպես իրավունք չունի անպատասխանատու հայտարարություններ անելու Ռուսաստանի, ՀԱՊԿ-ի, ճանապարհ անցած քաղաքական գործիչների, մամուլի, լրագրողների հասցեին։
Մի օր կարող ես գնալ եթեր ու, շեֆիդ կրկնօրինակելով, հայտարարես, որ Ռուսաստանը չի կատարել իր պարտականությունները, մյուս օրը կարող ես ասել, թե՝ «Շատ հնարավոր է, որ ՀԱՊԿ-ը որոշում կայացնի դուրս գալ Հայաստանից», իսկ չորրորդ օրը կարող են այդ հայտարարությունները եւ իշխանական լրատվամիջոցում «Հավաստի աղբյուր» ստորագրությամբ հոդվածները մեր պետության «քթից դուրս գալ»: Ու ստացվի, որ գործող իշխանությունը ոչ միայն բանակն է կազմալուծել, զենք չի ներկրել, չի կարողացել Խաղաղության դարաշրջան բացել ու հարեւան երկրների հետ համաձայնության գալ, այլեւ նման ավանտյուրիստական հայտարարություններով նոր հարձակում է սադրել, իսկ մեր ռազմավարական դաշնակցին այնպես է վիրավորել, որ նա այլեւս այդ հարձականը դիմագրավելու համար չի ուզում մեզ օգնել ոչնչով: Հենց նման հայտարարություններն են պատերազմ բերում մեր տուն: Եւ արժե, որ 40-նն անցա այս տղամարդիկ, որոնք բարձր դիրք են զբաղեցնում, այս տարրական բաներն արդեն գիտակցած լինեին:
Իսկ շատ մեծ խելք է պե՞տք հասկանալու համար, որ ընդդիմադիր քաղաքական գործիչների անձը չի կարելի վիրավորել, որ դա փոքրոգի պահվածք է, տղամարդուն ոչ վայել: Երբ դու ասում ես. «Շատ եք գերագնահատում այդ երկու անձնավորություններին, ովքե՞ր են իրենք քաղաքական առումով, գիգանտնե՞ր են: Վահե Հակոբյանը բացասական անցած ճանապարհ ունի, ու այնպես չի, որ այնպիսի մի հռետոր է, որ խոսում է՝ մարդիկ սկսում են իրեն կրկնել, Իշխան Սաղաթելյանն էլ ներդաշնակցական կռվի զոհ է։ Իրենք ինչ արել են՝ արել են ի օգուտ մեզ և ի վնաս իրենց»: Հարց է ծագում` նման հայտարարություններն ի վնաս ո՞ւմ եւ հօգուտ ո՞ւմ են` մեր երկրի՞, մեր քաղաքական դաշտի՞, հանրային համերաշխությա՞ն: Ինչքան պետք է պառակտեք ու բաժանեք ազգը, ի վերջո` կողմնորոշվեք. դուք ում եք ծառայում եւ որն է ձեր նպատակը:
Եւ այդ ցինիզմը. «Խելոք վերադառնալու են և աշխատելու են։ Սկզբից ասելու են, որ իրենք իրենց օրակարգով են գալու, ինչ-որ բաներ են առաջարկելու, օրինակ հայտարարություն կամ կառավարության հրաժարականն են պահանջելու, դա պատրվակ են վերցնելու և խելոք գալու են աշխատելու»։ Այս մեծաբերանությունն ինչի՞ն է նպաստում` խորհրդարանի բնականոն աշխատանքի՞ն, օրենսդրական գործունեությա՞նը, հասարակության կոնսոլիդացիայի՞ն, ժողովրդավարությա՞նը, ԱԺ նախագահի հեղինակության բարձրացմա՞նը:
Թշնամին չոքել է մեր դռանը, ամեն օր պատերազմի վտանգ կա, իսկ Ալեն Սիմոնյանն ու Նիկոլ Փաշինյանը շարունակում են քաղաքական հակառակորդների հետ պատերազմել, արկածախնդրության մաստեր-կլասներ ցուցադրել, հասարակությանը պառակտել ու վիրավորել:
Եւ մի դրվագ էլ. 2 օր է Փաշինյանի «Հայկական ժամանակը» հոդվածներ է տպագրում «Հավաստի աղբյուր» ստորագրությամբ: Ժամանակին էլ «օդում կախված լուրեր» էին հրապարակում, Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին էին կեղծանունով հոդվածաշար տպագրում` «Մեծ խառնակչության» վերնագրով, որոնց բոլորի հեղինակը Փաշինյանն էր: Վերջին հոդվածներով իբրեւ թե խոհանոցն են բացում հասարակության առաջ, մեր դաշնակիցներին ու թշնամիներին ուղղված մեսիջներ են հղում, սպառնում ու շանտաժի ենթարկում: Աղմուկն ու արձագանքն այնքան շատ է, որ այսօր իշխանական լրատվամիջոցի գրածը Ալեն Սիմոնյանն է ստիպված եղել հերքել. Aravot.am -ը գրել է. «Անդրադառնալով «Հայկական ժամանակի» այն տեղեկությանը, որ Ռուսաստանն ուզում է Հայաստանը միութենական պետության կազմի մեջ մտցնել՝ Ալեն Սիմոնյանն ասաց, որ ՀԺ-ի լուրը հավաստի չէ. «Նման որեւէ խոսակցության ես իմ ռուս գործընկերների հետ ականատես չեմ եղել: Նման խոսակցություն չկա: Ինձ համար չի էլ կարող դա լինել: ՀՀ անկախությունն ու ինքնիշխանությունը քննարկման ենթակա չեն»:
Եւ այս նախադասությունն արտաբերած ԱԺ խոսնակն անմիջապես էլ հարձակվել է «Հրապարակի» թղթակցի վրա, որի հարցը դուրը չի եկել, թե` «Հրապարակը» սուտ տեղեկություններ է տարածում:
ՀԳ. Շեֆիդ պատկանող լրատվամիջոցում, փաստորեն, ակնհայտ սուտ է տարածվել, բայց դու համեստորեն ասում ես «լուրը հավաստի չէ», իսկ առանց մատնանշելու «Հրապարակի» որեւէ սուտ տեղեկատվություն, հայտարարում ես, թե սուտ եք տարածում: 4 տարի շարունակ ստեր եք տարածում, հետո ստիպված եք լինում հերքել: Ձեր առաջնորդը մի բան հայտարարում է, ապա ձեզ հերթով ուղարկում է եթեր, որ սրբագրեք ու խմբագրեք իր ասածները: Ընդամենը օրեր առաջ ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ փաստաթուղթ է ստորագրելու, որի համար իրեն կարող են դավաճան անվանել, հետո` երբ մարդիկ դուրս եկան փողոց, վախեցած սկսեցիք իրար հետեւից հերքումներ տարածել: Այնպես որ ստերից ով խոսի, դուք ծառ ու ծաղկից, տիեզերքից ու եղանակից խոսեք: Ո~ւր էր թե «Հրապարակի» չափ ճշգրիտ լուրեր տարածեիք եւ «Հրապարակի» չափ պատասխանատու լինեիք ձեր ասածների ու արածների համար:
Կարծիքներ