Իրանն աջակցում է Թուրքիայի և Ադրբեջանի առաջարկած տարածաշրջանային նախաձեռնությանը

Իրանն աջակցում է Թուրքիայի և Ադրբեջանի առաջարկած տարածաշրջանային նախաձեռնությանը

Բաքվում Իրանի դեսպանի խոսքերով՝ հարավկովկասյան երեք պետությունները՝ Ադրբեջանը, Հայաստանը, Վրաստանը, և երեք տարածաշրջանային հարևանները՝ Իրանը, Թուրքիան, Ռուսաստանը, կարող են համագործակցել տարածաշրջանի լավի համար։

Ադրբեջանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Մուսավին երեկ թվիթերյան իր էջում գրել է, որ իր երկիրը սատարում է «3 + 3» ձևաչափով [հայտնի է նաև որպես «Վեցնյակի ձևաչափ»] նախաձեռնությանը։

«Իրանը աջակցում է «3 + 3» ձևաչափային տարածաշրջանային գործիքակազմ ստեղծելու նախաձեռնությանը` մեր տարածաշրջանում խաղաղությունը, կայունությունն ու զարգացումը խթանելու համար: Հարավային Կովկասի երեք պետություններ (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան) + երեք տարածաշրջանային հարևաններ (Իրան, Թուրքիա, Ռուսաստան) կարող են համագործակցել տարածաշրջանի լավի համար», - գրել է իրանցի դիվանագետը։

Վեց պետությունների մասնակցային ձևաչափով հարթակի ստեղծումն առաջարկել էին Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Իլհամ Ալիևը։ 

«Եթե ​​Հայաստանի իշխանությունները ճիշտ եզրակացություն արեցին պատերազմից, հրաժարվեն անհիմն պնդումներից և նայեն ապագային, այս դեպքում նրանք նույնպես կկարողանան իրենց տեղը զբաղեցնել հարթակում: Մենք բաց ենք դրա համար», - 2020 թվականի դեկտեմբերի 10-ին Բաքվում Էրդողանի հետ բանակցություններից հետո տեղի ունեցած համատեղ մամուլի ասուլիսին հայտարարել էր Ալիևը:

«Մենք կարող ենք ստեղծել մի հարթակ, որին կարող են մասնակցել տարածաշրջանի վեց երկրները։ Իհարկե, տարածաշրջանային խաղաղությունը կբերի բազմաթիվ պարտավորություններ ու պատասխանատվություններ` քաղաքականության, ենթակառուցվածքների և ներդրումների ծրագրում», - իր հերթին նշել էր Էրդողանը։

2021 թվականի մարտի 26-ին Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիդ Զալկալիանին հայտարարել էր, որ իր երկիրը չի ցանկանում Ռուսաստանի հետ աշխատել տարածաշրջանային համատեղ պլատֆորմում, ու «3 + 3»-ի փոխարեն առաջարկել էր ստեղծել նոր հարթակ՝ Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի մասնակցությամբ: «Մենք չենք դիտարկում որևէ հարթակ Ռուսաստանի հետ, որը մեր տարածքները [Հարավային Օսիա, Աբխազիա] զավթել է», - ասել էր նա մամուլի ասուլիսին։

Հունիսի 30-ին Թուրքիայի Անթալիա քաղաքում Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իր թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ համատեղ ասուլիսի ժամանակ անդրադարձել էր «3 + 3» ձևաչափին։ «Մեր [Թուրքիայի և Ռուսաստանի միջև] համագործակցության լրացուցիչ ոլորտներից մեկը փոխգործողությունն է այս տարածաշրջանում առևտրատնտեսական, տրանսպորտային կապերի վերականգնման ուղղությամբ։ Ժամանակին Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Ռ.Թ. Էրդողանի և Ի.Գ. Ալիևի առաջարկը` ստեղծել «3 + 3», տարածաշրջանի անդրկովկասյան երեք երկրների և երեք հարևանների (Ռուսաստան, Թուրքիա, Իրան) զարգացմանը նպաստող մեխանիզմ, ստացել է աջակցություն ու դրական արձագանք: Այս մասին մենք այսօր խոսեցինք: Ոչ վատ ծրագրեր կան առաջին ժամանակահատվածում», - ասել էր Լավրովը։

Հուլիսի 1-ին «Հրապարակին» տված հարցազրույցում Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանն ասել էր, որ նման ձևաչափով կարող է պահպանվել աշխարհաքաղաքական հավասարակշռվածությունը տարածաշրջանում։ «Մենք տեսնում ենք, որ ձևաչափն ինքնին աշխարհաքաղաքական առումով հավասարակշռված է, որովհետև կան և՛ Թուրքիան, և՛ Իրանը, և՛ ճանաչված երկրները։ Կտեսնենք՝ որքանով է դա էֆեկտիվ, բայց դա էլ է նորմալ ձևաչափ, որ հանկարծ հավասարակշռվածությունը չխախտվի։ Այսինքն՝ նման ձևաչափով կարող է պահպանվել աշխարհաքաղաքական հավասարակշռվածությունը տարածաշրջանում։ Սպասենք, տեսնենք։ Բայց նման ձևաչափը վատը չէ։ Մենք բազմաթիվ անգամ ասել ենք, որ տարբեր հարթակներ են կարող ստեղծվել՝ տարածաշրջանում աշխարհաքաղաքական հավասարակշռվածությունը, փոխգործակցությունը ապահովելու համար», - ասել էր Բաբայանը։