Հայաստանի խնդիրը

Հայաստանի խնդիրը

Մի առիթով գրել եմ, որ հայ ժողովուրդն իր ճնշող մեծամասնությամբ Բակունցի հերոսն է, ում ասում են՝ դրսից եկած մարդիկ շուռ տվեցին ահա այս քարը, հանեցին Սյունաց իշխանի հորած գանձերն ու տարան, եւ նա դառնանում է, թե հազար անգամ նստել է այդ քարին, բայց չի իմացել, թե տակն ինչ հարստություններ են թաղված, եթե իմանար, եթե ինքը փորեր-հաներ,  քանի՜ կով կառներ… Պետական-համաժողովրդական հարստության կողոպուտի թեման Հայաստանի անկախության տարեկիցն է:

Արդեն 1991-ին, երբ երկիրը հայտնվեց խուլ շրջափակման մեջ, ծագեցին առաջին  դժվարությունները, մարդիկ սկսեցին դժգոհել երեկվա կուռքերից, քննադատել, պախարակել, ծաղրել: Նրանց համար ոչ մի նշանակություն չուներ, որ քայքայվել-փլուզվել է մատակարարումների եւ գնումների խորհրդային կայուն համակարգը, ցնդել է «Ջերմուկով եւ մոլիբդենով երկիր կպահենք» առասպելը: Նրանց գիտակցության մեջ մեխվել էր մի բան՝ երեկվա աղքատ, միայն «Հրազդան» գինու փող ունեցող ջահելները մուտք են գործել իշխանական շենքեր, իսկ այնտեղ անհաշիվ գանձեր կան, նստել՝ «լափում են»:

Այդպես ժողովուրդն սկսեց ատել իր իսկ ընտրած իշխանությանը, որ մի կողմից բարեփոխումներ էր իրականացնում, մյուսից՝ պաշտպանում Արցախն ու Հայաստանի սահմանները, երրորդից՝ բարդագույն իրավիճակում փորձում  հարաբերություններ կառուցել Հայաստանի անկախության հանդեպ առհասարակ ոչ բարյացկամորեն տրամադրված արտաքին աշխարհի հետ: Երեկ ֆեյսբուքում կարդացի՝ ինչ-որ օգտատեր պահանջում է անհապաղ դատաստանի կանչել նաեւ մինչեւ 1995 թվականը հարստացածներին: Այդ շրջանում Հայաստանի քաղաքական էլիտան Լեւոն Տեր-Պետրոսյանն էր, Վազգեն Մանուկյանը, Հրանտ Բագրատյանը, եւս մի քանի հոգի: Հայաստանի պատկան մարմինները չե՞ն կարող հրապարակել, թե ինչ ունեցվածքի տեր է առաջին նախագահը, առաջին եւ երկրորդ վարչապետը, ինչ  են ձեռք բերել «վայրենի սեփականաշնորհման» տարիներին: Թող հրապարակվեն նրանց, փոխկապակցված անձանց ունեցվածքի մասին տեղեկությունները: Բայց դա կլինի լուծու՞մ: Ամենեւին: Ժողովրդի մեծամասնությունը, միեւնույն է, կարծում է, որ առաջին «թալանչիները» հենց նրանք են, դրել են «ավազակապետության» հիմքերը, եկողները շարունակել եւ ավելի են հարստացել: Այդպես՝ շարունակ: Արդեն գրում են, որ նախկին պաշտոնյաների դեմ հարուցվող քրեական գործերը մի նպատակ են հետապնդում՝ ստիպել, որ «մուծվեն նոր իշխանություններին»:

Վաղը հաստատ սկսելու են խոսել Նիկոլ Փաշինյանի «թալանած միլիարդ դոլարի» մասին: Նույնը Փաշինյանի հաջորդի մասին են ասելու: Առասպելը սնվում է նրանով, որ «Սփյուռքից ահռելի գումարներ են նվիրաբերվում, իշխողները յուրացնում են»: Անելք երկրի աղքատ ժողովրդի հոգեբանություն, որը հաղթահարելու ոչ մի ճիգ արդյունք չի տալիս: Վարչապետին ծաղրում են, թե մարդկանց ասում է՝ «ձեր բարեկեցության աղբյուրն աշխատանքն է»:

Իսկ աշխարհում այլ տարբերակ կա՞: Լինու՞մ է այնպես, որ մարդ չաշխատի, արժեք չստեղծի, հարկեր չմուծի, բայց երկիրը հարստանա, կյանքը բերալավվի: Հայաստանն ինչու՞ պիտի բացառություն լինի, ինչպե՞ս: Որովհետեւ մենք «համաշխարհային, աստվածընտիր ա՞զգ ենք»: Ո՞վ է ասել, ի՞նչ է նշանակում «համաշխարհային» կամ «աստվածընտիր» ազգ : Ո՞վ է վարչապետ Փաշինյանին ներշնչել, որ կարելի է հասնել համահայկական մե՜ծ կոնսոլիդացիայի , դառնալ միջազգային քաղաքականության գործոն եւ այդ հիմքով կերտել հզոր ու բարգավաճ Հայաստան: Նախագահության առաջին տարիներին Ռոբերտ Քոչարյանն էր կազմակերպում «Հայաստան-Սփյուռք» համաժողովներ: Արդյունքը՝ գրեթե զրոյական: Ով հավատում է, որ «Լինսի» հիմնադրամը Հայաստանին գումարներ է տրամադրել առանց Միացյալ Նահանգների կառավարության համաձայնության, սխալվում է: Սխալվում է նա, ում մտքով անցնում է, թե Ռուսաստանում կա հայկական կապիտալ, որ կարելի է ծառայեցնել «համազգային խնդիրների» լուծմանը: Եթե Կրեմլը չցանկանա, ռուսաստանահպատակ ոչ մի հայ գործարար Հայաստանում մեկ ռուբլի ներդրում չի անելու: Նույնը՝ Ֆրանսիայի դեպքում: Հայաստանի թիվ մեկ խնդիրը պատմության, իրականության եւ ապագայի պատկերացման առասպելազերծումն է: Դրան պետք է ձեռնամուխ լիներ նոր իշխանությունը: Առանց քարոզչական աղմուկի: Լռելյայն: Պրագմատիկ քայլերով: Հասկանալով, որ վստահության ռեսուրսները, միեւնույն է, մաշվելու են: Որ քաղաքականության մեջ մեկ անգամ ունեցած-ձեռք բերված, նույնիսկ՝ վաստակած վարկանիշը նույն նշաձողի վրա հնարավոր չէ անվերջ կամ նույնիսկ տեւական ժամանակով պահել: Վարկանիշային կորուստները, միեւնույն է, անխուսափելի են: Իշխանությունից հրաժարումը՝ նույնպես:

Գործնական հարցեր լուծելու, առնվազն իրացնելի նպատակներ առաջադրելու փոխարեն արժե՞ միջոցներ, ժամանակ եւ նյարդեր ծախսել հանուն ինչ-որ վերացական-անշոշափելի, անգամ՝ անտեսանելի գաղափարների շուրջ նոր տեղապտույտի: 1998-2018 քսանամյակում բոլոր տարբերակները փորձվել են: «Չոր մնացորդն» այն է, որ առանց Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման, տնտեսական եւ կոմունիկացիոն մեկուսացման հաղթահարման եւ տարածաշրջանային ինտեգրման Հայաստանը զարգացման եւ բարգավաճման հեռանկար չունի: Սա քաղաքագիտական տարրական ճշմարտություն է: Նույնքան օբյեկտիվ, որքան այն, որ Հայաստանի ոչ մի բարեկամ երկիր, եթե այդպիսին նույնիսկ կա,  հանուն մեզ Թուրքիայի եւ Ադրբեջանի թշնամին չէ եւ չի լինելու նաեւ վաղը: Որ ֆրանսիական պառլամենտի երեք-չորս պատգամավորի այցն Արցախ մեզ կես միլիմետր անգամ չի մոտեցնում ազատ, անկախ եւ միացյալ Հայաստանի տեսլականի իրականացմանը…