Սրանք պատահական զուգադիպություններ չեն

Սրանք պատահական զուգադիպություններ չեն

Կառավարության պաշտոնական թվիթերյան էջում տեղադրված գրառման մեջ կիրառվել է «Մեծ Եղեռն» եզրույթը` վարչապետ Նիկոլ Փաշինյանի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների՝ Ծիծեռնակաբերդ կատարած այցը ներկայացնելիս: Թվիթերյան հրապարակման մեջ անգլերենով գրված է՝ «Prime Minister Nikol Pashinyan along with President Vahagn Khachaturyan, President of the National Assembly Alen Simonyan and the country's top leadership visited the Tsitsernakaberd memorial complex to pay tribute to the memory of the 1.5 million victims of the Medz Yeghern.»: Հայերեն թարգմանությամբ հնչում է այսպես. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագահ Վահագն Խաչատուրյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և երկրի բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Մեծ Եղեռնի 1,5 միլիոն զոհերի հիշատակին»։

«Մեծ եղեռն եզրույթը` ցեղասպանության փոխարեն օգտագործում են այն երկրների ղեկավարները, որոնք ընդունում են հայերի կոտորածը, սակայն չեն ցանկանում դա ճանաչել որպես ցեղասպանություն: Փաստորեն այդ եզրույթը նաև սկսել է կիրառել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը»- «Հրապարակի» հետ զրույցում ասաց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը: Նրա պնդմամբ` պատահական չէ, որ Նիկոլ Փաշինյանն օգտագործում է նույն եզրույթները, որոնք օգտագործում են այն պետությունները, որոնք ուղղակիորեն չեն ցանկանում ճանաչել Հայոց ցեղասպանությունը.

«Փաշինյանի հայտարարությունները վկայում են նրա վերջին շրջանում իրականացվող քաղաքականության մասին, որի բաղադրիչներից մեկն էլ եթե չասենք անցյալն ուրանալն է, ապա գոնե հարևան երկրների հետ հետ բարեկամանալն ու նրանց որևէ կերպ չբարկացնելն է: Նույն վարչապետը խոսում է Արագած լեռան մասին` շրջանցելով Արարատը և այլ, և այլն: Սրանք իմ ընկալմամբ` չեն կարող պատահական զուգադիպություններ լինել: Այն Թուրքիային հուշող քայլ է, թե` Հայաստանը հրաժարվում է ցեղասպանության ճանաչումից: Օրինակ` Ամերիկայի Միացյալ Նահանգները երկար ժամանակ օգտագործում էր Մեծ եղեռն եզրույթը: Այդ ամենը հայկական շրջանակների մոտ մեծ հիասթափություն էր առաջացնում ամեն անգամ, սակայն այսօր փաստացի նույն բանն անում է Նիկոլ Փաշինյանը: Հայաստանի վարչապետն ամեն կերպ փորձում է ցույց տալ, որ ցանկացած կերպ ցանկանում է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի և Ադրբեջանի հետ, մի կողմ թողնելով ցեղասպանության ճանաչման հարցը»- նշեց Բաղդասարյանը: