Հոդված 1՝ ՀՀ-ում իշխանությունը պատկանում է «Իմ քայլին»

Հոդված 1՝ ՀՀ-ում իշխանությունը պատկանում է «Իմ քայլին»

Այս հոդվածն այնքան էլ Նիկոլի մասին չէ: Այնպես որ ոմանք կարող են չկարդալ: Սա նախապես եմ ասում, որովհետև նրանցից շատերը սկսել են տրտնջալ, որ ես նույնիսկ քնած ժամանակ եմ Նիկոլի «վրա» հոդված գրում: Եվ ուրեմն՝ սա բացառություն թող դիտվի: Ստորև կխոսենք սպասվող սահմանադրական փոփոխությունների մասին։

Նախ՝ երկու խոսք այդ փոփոխությունների դե ֆակտո հեղինակի մասին: Վահագն Հովակիմյան՝ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Նիկոլ Փաշինյանի նախկին օգնական: Այդ պաշտոնում 2012-2014 թվականներին աշխատել է վճարովի հիմունքներով և այնպես է «սիրահարվել» Նիկոլ Փաշինյանին, որ 2 տարի էլ՝ 2014-2016 թվականներին, «պաշտոնավարել է» հասարակական հիմունքներով: Մեզ հանդիպած ամենաունիկալ երևույթներից է: Արեգակնային համակարգության մեջ համարյա թե մասնագիտություն չկա, որ Վահագնը չունի՝ ռադիոտեխնիկ, ֆիզիկոս, սոցիոլոգ, հոգեբան, քաղաքագետ, փիլիսոփա… Կարծում եմ՝ այս շարքը դեռ ամբողջական չէ, թեև հաստատ է, որ ԵՊՀ մի շարք ֆակուլտետներ ավարտած Վահագն Հովակիմյանը իրավաբանականում չի սովորել: Հավանաբար այդ բացը նա լրացրել է Փաշինյանի ընտանիքին պատկանող լրագրում հոդվածներ գրելով կամ հեղափոխության առաջնորդի հետ մի քանի քայլ գցելով: Ինչևէ, առաջիկայում, Վահագն Հովակիմյանի մասին խոսելիս, գուցե կհնչեն նաև այսպիսի որակումներ՝ «լուրջ իրավաբան», մեծ իրավաբան», «սահմանադրագետ» և այլն: 

Նախանձո՞ւմ եմ Վահագնին: Բնավ՝ երբեք: Ես վախենում եմ այս ամենից, և դա գիտակցված վախ է: Ռուսն ասում է՝ մի վախեցիր տանկից, այլ վախեցիր խմած տրակտորիստից… Չհուզվեք, խնդրում եմ, բայց երբ այս արտահայտությունը տարածում ենք հայ նորագույն իրականության վրա, հնչում է այսպես՝ մի վախեցիր ՀՀ վարչապետից, այլ վախեցիր Նիկոլ Փաշինյանից: Օգնականն էլ, ինչպես գիտեք, իրեն ամրակցված պատգամավորից հեռու չի ընկնում, ինչ տեսնում՝ այն է սովորում: Ահավասիկ Նիկոլն ասել է՝ Սահմանադրությունը շատ արագ պետք է փոխել, և Վահագն Հովակիմյանը, որպես հավատարիմ օգնական, առաջինն է արձագանքել շեֆի ասածին ու որոշել է մի բան էլ ավելի արագ փոխել՝ սահմանելով երկրի մայր օրենքը փոփոխելու ժամկետների ու ձևերի նոր ռեկորդ: Վահագն Հովակիմյանին այս հարցում ես չեմ մեղադրում:

Բանն այն է, որ Սահմանադրությունը շուտափույթ, կրկնում եմ՝ շուտափույթ փոխելու առաջարկը եղել է հանրահայտ «գեղի կլուբի» ղեկավարի կողմից, իսկ դա արդեն լուրջ հիմք է անհանգստանալու համար: Լևոն Տեր-Պետրոսյանը, եթե չեք մոռացել, հին հաշիվներ ունի ՍԴ-ի հետ: ՍԴ պատերին են փշրվել 2008-ի նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկելու նրա բոլոր «քաղաքակիրթ» նկրտումները, ՍԴ-ն է վետո դրել հայ-թուրքական պրոտոկոլների վավերացման վրա, ՍԴ-ն է հայտարարել, որ երկրի նախագահին սահմանադրական կարգը տապալելու փորձի մեջ մեղադրելն ուղղակի իդիոտություն է: Եվ ուրեմն արձանագրենք, որ Տեր-Պետրոսյանը թե հայ-թուրքական պրոտոկոլների, թե Ռոբերտ Քոչարյանին «պատասխանատվության ենթարկելու», թե մարտի 1-ի ու հոկտեմբերի 27-ի գործերը նորովի շարադրելու թիվ մեկ ջատագովն է: Լևոն Տեր-Պետրոսյանը նաև Արցախի հարցում այսպես կոչված «արժանապատիվ խաղաղության» գաղափարի հեղինակն է, իսկ այդ գաղափարը ոչ այլ ինչ է, եթե ոչ ազատագրված տարածքների վերադարձ, Արցախի անկախության տապալում և Ադրբեջանի կազմում ինքնավար կարգավիճակի վերականգնում:

Ո՞վ կարող է կանգնել Տեր-Պետրոսյանի և նրա հոգեզավակ Նիկոլ Փաշինյանի ճանապարհին՝ այդ հրեշավոր գաղափարը կյանքի կոչելու հարցում. ազգային ուժերը, Արցախյան պատերազմի հերոսները, գեներալիտետը, ՀՀ նախագահը, ՀՀ Սահմանադրությունը: Այս բոլոր ուղղություններով քայքայիչ գործընթացներ են  գնում այսօր: Եվ պատահական չէր, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն իր խոսքում հիշատակեց Արցախն ու արցախյան խրամատում իր գտնվելը: Չհասկանալն ուղղակի անհնար է: Անհնար է չհասկանալ նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ վերին աստիճանի չափվա-ձևված և դիվանագիտությամբ փայլող խոսքը Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ: Ահա ձեզ երկու մարդ, որոնք իրենց լիազորությունների շրջանակում կարող են ի չիք դարձնել Արցախն անդառնալի կորստյան մատնող ցանկացած անարդար որոշում, որ փորձ կարվի պարտադրել հայ ժողովրդին:

ՍԴ նախագահին և դատավորներին հրաժարական պարտադրելու, ՀՀ Սահմանադրությունը տապալելու մինչ այս եղած փորձերին չենք անդրադառնա: Առավել վտանգավոր քայլերն առջևում են: Գործող իշխանությունը հասկացել է, որ առանց սահմանադրական փոփոխությունների չի կարողանա ազատվել ոչ ՍԴ և ոչ էլ ՀՀ նախագահի վետոյի իրավունքից: Գործող սահմանադրությամբ լավ մտածված է ԱԺ-կառավարություն-նախագահ-ՍԴ շղթայում օղակների համագործակցությունը, որով բացառվում է մեկ մարդու որոշումներից պետության ճակատագրի կախվածությունը: Այս տեսանկյունից ՀՀ իշխանությունների գործողությունները կարելի հանգիստ խղճով բնորոշել որպես ապստամբություն իրավական պետության գլուխը հանդիսացող նախագահի և դատական իշխանության բարձրագույն ատյանի՝ ՍԴ-ի դեմ: Իսկ դա ծանր հանցագործություն է, եթե չասենք՝ սահմանադրական կարգի տապալման ակնհայտ փորձ:

Իսկ հիմա գանք մեր ոչխարներին: ԵԽԽՎ-ն և այդ կառույցի ղեկավարը դեմ են այն մեթոդներին, որ կիրառում են ՀՀ իշխանությունները Սահմանադրական դատարանից ազատվելու համար: Նրանք մեզ հստակ ասում են, որ մի կողմից օրենսդիր և գործադիր, իսկ մյուս կողմից դատական իշխանությունների բախումն անթույլատրելի է, չի բխում ժողովրդավարության ոգուց: Սա, իհարկե, կարող է որոշ չափով զսպել կառավարությանը, բայց չի կարող նրան հետ պահել իր որդեգրած քաղաքականությունից, որ, ցավոք, ամեն օր ու ամեն քայլափոխի է տապալվում: Այդ քաղաքականությունը կարող է աղետալի հետևանքների բերել Արցախյան բանակցություններում, որտեղ վերջին 2 տարիներին Հայաստանը ոչ միայն ձեռքբերումներ չունեի, այլև հայտնվել է բացառապես լսողի և գլուխ տմբտմբացնողի դերում: ՄԽ շրջանակներում Արցախին վերաբերվող յուրաքանչյուր փաստաթուղթ ՀՀ նախագահը կարող է վավերացնել միայն ՍԴ-ում դրա սահմանադրականությունն ստուգելուց հետո միայն: Եվ այստեղ հարց է առաջանում՝ չե՞ն կարող, արդյոք, ՄԽ համանախագահող երկրները ԵԽԽՎ-ում իրենց պատվիրակների վրա ճնշումներ բանեցնել, որպեսզի նրանք աչք փակեն ՀՀ կառավարության հակասահմանադրական գործողությունների վրա, որպեսզի վերջինս կարողանա իրագործել այն, ինչ իրեն կասեն բանակցությունների ժամանակ: Օրինակ՝ Արցախը կրկին լցնել թուրքերով: Ահա թե ինչից եմ վախենում, ահա թե ինչ կարող է տեղի ունենալ, եթե ՀՀ վարչապետը, ով էլ նա լինի, այս փոփոխությունների արդյունքում կարողանա յուրացնել ՀՀ նախագահի ինստիտուտն ու Սահմանադրությունը:

Իսկ Վահագն Հովակիմյանը թող չշտապի ուրախանալ, իրեն չեմ մոռացել: Նա այս գործում բավականին լուրջ դերակատարություն ունի: Մարդը ձգտում է «Սահմանադրության հայր» տիտղոսին և, ամենայն հավականականությամբ, կարգին չարչարվել է գործող սահմանադրությունը Նիկոլ Փաշինյանի աճող «ռազմերներին» համապատասխանեցնելու ուղղությամբ: Միով բանիվ նա այս հարցում Նիկոլ Փաշինյանի ոչ թե օգնականը, այլ հանցակիցն է, քանզի իրավաբանները ՀՀ կառավարության և ԱԺ մեծամասնության այս գործողությունը (սահմանադրական փոփոխությունների նախաձեռնում) հակասահմանադրական քայլ են որակել, իսկ ես իրավաբաններին չհավատալու ոչ մի հիմք չունեմ: Գիտակցո՞ւմ է ՝ ռադիոտեխնիկ, ֆիզիկոս, սոցիոլոգ, հոգեբան, քաղաքագետ, փիլիսոփա և լրագրող Հովակիմյան Վահագնն իր քայլի վտանգավորությունը: Կարծում եմ՝ այո, նա գիտակցաբար է գնում այդ հանցագործությանը: Այս առումով ես Վահագնից կառանձնացնեի այն իմքայլականներին, որոնք դեռևս հստակ չեն կողմնորոշվել՝ ինչպես քվեարկել իրենց գործընկերոջ առաջարկած խնդրահարույց փոփոխություններին: Այդուհանդերձ հասկանալի է, որ Վահագն Հովակիմյանի շուրջ ԱԺ-ում այսօր մի ողջ խմբակ է գործում, որի համար մեր պետության անվտանգությունն ու ապագան աճուրդի հանելը մեկ-երկու հաշվի գործ է: Հանուն ինչի՞ եք գնում այդ հանցագործությանը:

«Իմ քայլն» այս հարցի պատասխանը չունի: Գործող Սահմանադրությունը, կարծես, նրանց չի խանգարել վերացնել օլիգարխիան, մենաշնորհները, կոռուպցիան: ՀՀ իշխանությունները բազմաթիվ բարեփոխումներ են իրականացրել երկրում, ներդրումներից ու աշխատավարձ-թոշակների բարձրացումներից չգիտենք որտեղ թաքնվենք: Սահմանադրությունը չի խանգարել, չէ՞, որ աշխատեն: Եվ ուրեմն ինչո՞ւ հանկարծ որոշեցին Հովակիմյան Վահագնին առաջ տալ ու նրա հետևից գնալ դեպի խորհրդավոր հեռուն, որտեղից դեռ ոչ ոք հետ չի եկել: