Գրականության բանավոր քննությունն ուզում են փոխարինել նախագծային աշխատանքով

Գրականության բանավոր քննությունն ուզում են փոխարինել նախագծային աշխատանքով

Օրեր առաջ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանն իր ֆեյսբուքյան էջով դիմել էր մանկավարժներին՝ խնդրելով իրենց կարծիքն արտահայտել որոշ առարկաների ավարտական քննություններն ավելի նպատակային եւ արդյունավետ դարձնելուն ուղղված հետեւյալ առաջարկների վերաբերյալ.

««Գրականություն» առարկայի բանավոր քննությունն իրականացնել ոչ թե հարցաշարով, այլ, իբրեւ նախագծային աշխատանք, նախօրոք տրված եւ ընտրված թեմաներից, ինչպես, օրինակ, վերլուծել որեւէ գրական ստեղծագործություն՝ համադրելով այլ ստեղծագործության, տվյալ պատմական ժամանակաշրջանի հետ, եւ բնագիտական առարկաների քննությունն իրականացնել լաբորատոր փորձի հիման վրա՝ սկսելով այն դպրոցներից, որտեղ արդեն իսկ ստեղծված կլինեն անհրաժեշտ լաբորատոր պայմանները»։

Մեզ հետաքրքիր էր հատկապես «Գրականություն» առարկայի մասով արված առաջարկությունը, որի նպատակն է, ըստ փոխնախարարի, անգիրից անցնել վերլուծական նախագծային աշխատանքի՝ նոր չափորոշիչների տրամաբանության մեջ։ Իսկ իրականում մանկավարժական համայնքը մտահոգված է այս առաջարկ-փոփոխությունից, որը քողարկված կերպով նպատակ է հետապնդում «Գրականություն» առարկայից քննությունը վերացնել հանրակրթական դպրոցներից։
Մանկավարժների կարծիքով, «Գրականություն» առարկայի բանավոր քննությունն իրականացնելով իբրեւ նախագծային աշխատանք՝ աշակերտներին հնարավորություն է տրվում ուսումնասիրել ընդամենը մեկ թեմա, ընդ որում՝ նախօրոք տրված եւ ընտրված թեմաներից։ Մանկավարժ զրուցակցիս դիտարկմամբ՝ «գրականության քննության դեպքում կարելի է վերանայել զուտ անգիր հանձնարարվող նյութի պահանջը, կարեւորել բանաստեղծությունը վերլուծել կարողանալը, իսկ դրա համար դեռ դասագրքերը փոխելու խնդիր կա, քանի որ դասագրքերում վերլուծություններ, կարելի է ասել, չկան։ Այս փոփոխությունն այնքանով է սպառնալիք հայ գրականության հանդեպ, որ չեն կարեւորում հայ գրականությունը, ուզում են լղոզել նախագծային աշխատանքով»։         

Փոխնախարարի գրառման տակ եւս հարյուրավոր մասնագետներ ներկայացված առաջարկությունների վերաբերյալ իրենց կարծիքն էին հայտնել․ մի մասն անթաքույց ողջունել էր գրականության քննության ձեւաչափի փոփոխությունը, մի մասն էլ անկեղծորեն իր մտահոգությունն էր հայտնել նախատեսվող փոփոխության շուրջ։   

Գավառի ավագ դպրոցի ուսուցիչ Սուսաննա Զիրոյանի կարծիքով, գրականության բանավոր քննությունը նպաստում է բանավոր խոսքը զարգացնելուն․ «Մի քանի տարի առաջ ավագ դպրոց եկած աշակերտը չէր կարողանում իր մտքերը հստակ շարադրել։ Իսկ բանավոր քննություն տված աշակերտները խոսում են սահուն, հստակ արտահայտում են իրենց մտքերը։ Թող նաեւ անգիր իմանան մեր գրականության որոշ գործեր։ Դա վա՞տ է։ Պարզապես պետք է ուրիշ կողմից նայել բարելավումը։ Գործընթացը պետք է ճիշտ կազմակերպել, տնավարությունը վերացնել դպրոցից։ Այ, եթե քննության կամ գործնական աշխատանքի համար ուսուցիչը լրացուցիչ վարձատրություն ստանա, արժե եւ պահանջներ դնել ուսուցչի առջեւ»։

«Գրականության քննությանը ներկայացվող առաջարկը կոնկրետ կլինի եւ հրաշալի, եթե ներկայացվեն հստակ չափանիշներ եւ գնահատման այնպիսի ռուբրիկներ, որոնք իրոք կչափեն աշակերտի թե՛ մտածողությունը, թե՛ պատրաստվածությունը»,- գրել էր Մովսեսի միջնակարգ դպրոցի ուսուցիչ Կառլեն Նազարյանը։

Կողբի 2-րդ դպրոցի հայոց լեզվի եւ գրականության ուսուցիչ Հայկուշ Ալեքսանյանը միանշանակ դեմ է նախագծային աշխատանքին, քանի որ․ «Աշակերտն ընտրելու է մեկ թեմա եւ կենտրոնանալու է միայն դրա վրա, իսկ մնացած թեմաները սովորելն անհրաժեշտ չի համարելու։ Նախագծային աշխատանքն էլ համացանցից, այստեղից-այնտեղից ծաղկաքաղ է անելու։ Իսկ ինչո՞ւ է թվում, թե հենց միայն նախագծային աշխատանքն է վերլուծական միտքը զարգացնում։ Հենց բանավոր քննությունն է, որ մղում է աշակերտին՝ ամեն օր պարտաճանաչ սովորել դասը։ Ասեմ նաեւ, որ ուսուցչի ամենօրյա նպատակային աշխատանքը զարգացնում է ե՛ւ մտածողությունը, ե՛ւ քննադատական-վերլուծական կարողությունները, ե՛ւ բանավոր խոսքը»։

Օգտատերերից Աստղիկ Մխիթարյանն էլ նշել էր, որ նախեւառաջ ուսուցիչը պետք է իմանա եւ հասկանա՝ ինչ է նախագծային ուսուցումը, նոր հետո ձեռնարկի նախագծային աշխատանք․ «Առավել եւս՝ քննության տեսքով: Ասել կուզեմ․ առաջին՝ իրականացրեք վերապատրաստումներ, նոր հետո՝ վերափոխումներ: Մի բան էլ. այդ ո՞ր ժամին կամ ժամերին պետք է ուսուցիչն իրականացնի նախագծային աշխատանք, կարծում եմ՝ ո՛չ իր, ո՛չ էլ դասղեկի ժամին։ Դրա համար պետք է նախատեսվեն առանձին ժամեր, որոնք լրացուցիչ ծանրաբեռնվածություն են ուսուցչի համար: Մի խոսքով՝ այս պահին դժվար իրականանալի բան եք ասում»։