Քաղաքացիության դեֆիցիտ

Քաղաքացիության դեֆիցիտ

ՀՀ իշխանությունները, չի բացառվում, շուտով կանցնեն ՀՀ քաղաքացիների հաշվառման հին եղանակներին՝ գործողության մեջ կդնեն ծխական մատյանները: Ուրիշ էլ ի՞նչ անեն, եթե ՀՀ կապույտ կազմով անձնագրերը, որոնք տպագրվում են արտասահմանում, սպառվել են կամ սպառման շեմին են եւ հերիքում են միայն ծանոթներին: ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը, չիմանալով ինչ անել, ՌԴ-ում գտնվող ՀՀ քաղաքացիներին հորդորել է չդիմել հյուպատոսական ծառայություններին՝ նոր անձնագրեր ստանալու համար, քանի որ հայկական անձնագրերը, լոգիստիկ դժվարություններով պայմանավորված, Մոսկվա չեն հասնում: Թե հիմա ՌԴ-ում գտնվող ՀՀ քաղաքացիները, որոնց կա՛մ անձնագրի ժամկետն է անցել, կա՛մ անձնագիրը դարձել է անպիտան, ի՞նչ են անելու, ինչպե՞ս են ճամփորդելու, ինչպե՞ս են բանկային փոխանցումներ անելու Հայաստան, որ իրենց հարազատներն այստեղ սովից չմեռնեն, չգիտեմ: Ասել են՝ սպասեք: Ինչքա՞ն: Աստված գիտի:

Վիճակը պակաս ծանր չէ նաեւ Հայաստանում, որտեղ, ըստ տրամաբանության, «լոգիստիկ դժվարություններ» պետք է որ չլինեն: Ի վերջո՝ այստեղ է կենտրոնացվել նոր անձնագրերի ողջ խմբաքանակը եւ ապա՝ առաքվում է նաեւ ՀՀ օտարերկրյա դիվանագիտական հաստատություններ՝ օտար երկրներում ՀՀ քաղաքացիների խնդիրները կարգավորելու համար: Այսօր հայաստանյան բանկերը հրաժարվում են ընդունել ՀՀ քաղաքացու ժամկետանց անձնագրերը եւ պահանջում են կա՛մ վավերականության ժամկետը երկարացնել, կա՛մ փոխել անձնագիրը: Ենթադրում եմ, որ նույն վիճակն է նաեւ Արցախում, եւ, ամենայն հավանականությամբ, շուտով մենք կլսենք, որ ԱՀ քաղաքացիներին, վերջիններիս ցանկությամբ, ռուսական անձնագրեր են տալիս:

Խայտառակությո՞ւն: Ուրիշ էլ ի՞նչ, ուրիշ էլ ի՞նչ կարող էր անել մի իշխանություն, որ առավոտից մինչեւ ուշ գիշեր Արցախից ու արցախացավից ազատվելու մասին է մտածում:

Ի՞նչ է պատահել, ինչո՞ւ է նման խնդիր առաջացել եւ ինչո՞ւ է այդ խնդիրն առաջացել հիմա:

Իշխանությունները ձկան պես լուռ են, իսկ անձնագրային սեղաններն էլ սպառիչ պատասխան չեն տալիս: Մարդ չի հասկանում՝ խնդիրն իսկապե՞ս անձնագրերի նոր խմբաքանակի բացակայությունն է, թե՞ սա իշխանությունների նետած մի նոր մարտահրավեր է, որի հետ շուտով կառերեսվեն ՀՀ բոլոր քաղաքացիները:

Ժամկետանց անձնագրերով Հայաստանում թույլատրվում է կոմունալները վճարել, հեռախոսի եւ ինտերնետի վարձը տալ, ընտրությունների մասնակցել, վարկերը փակել եւ էլի մի քանի բան: Բայց դուք փորձեք վարկ ստանալ, բանկային այլ գործարքներ կատարել, ճամփորդել, ապրանք ներկրել-արտահանել… Չեք կարող: Անվավեր-ժամկետանց անձնագիր ունենալը նույնն է, թե անձնագիր չունենաս:

Չեք հավատա, բայց ականջովս եմ լսել, թե ինչպես է անձնագրային սեղանի աշխատակիցը հաճախորդին «բացատրում», որ կորոնավիրուսի պատճառով նոր անձնագրեր չեն տալիս: Սարսափելի խելացի են «պասպորտսեղանի աղջկեքը»՝ մարդկանց 100-ներով հավաքում են փակ տարածության մեջ եւ «պատմում», թե ինչպես է կորոնավիրուսը վատ ազդում նոր անձնագրեր տալու գործընթացի վրա: Այսպես է միշտ, երբ իշխանությունների անճարակության պատճառով խախտվում է քաղաքացու սահմանադրական իրավունքը: Պատճառներ՝ ինչքան ուզես, կարող են բերել: Մի աղջիկ էլ դիմել էր լուսանկարի պատճառով անձնագիրը փոխելու համար: Չէին փոխում, թե քո անձնագիրը լավ վիճակում է, կարող ենք ժամկետը երկարացնել:

Աղջիկն էլ մաքուր հայերենով բացատրում էր՝ խնդիրը ժամկետը չէ, այլ՝ լուսանկարը: Ես դեմքի (քթի) պլաստիկ վիրահատության եմ ենթարկվել, օտարերկրյա անձնագրային ծառայությունները դժվարությամբ են հավատում, որ նկարում ես եմ: Ինձ արդեն նախազգուշացրել են, որ փոխեմ անձնագիրս: Խնդրեմ, սա էլ ինքնաթիռի տոմսը, ես մեկնելու եմ ճամփորդության, խնդրում եմ փոխել անձնագիրս: Աղջկա բարձրացրած աղմուկի վրա պասպորտսեղանի պետի դուռը բացվեց: Սկզբում սպասասրահ մտավ նրա փորը, իսկ հետո նաեւ՝ ինքն ամբողջությամբ՝ ի՞նչ է պատահել: Աղջիկը նույն բաները կրկնեց նաեւ նրա ներկայությամբ: Պետը ժպտաց.

- Ասում ես՝ չեն հավատում, որ նկարի աղջիկը դո՞ւ ես:
- Ոչ, չեն հավատում, ինձ չեն թողնի իրենց երկիր մուտք գործել: Սա ի՞նչ բան է, ահա նոր լուսանկարներս, փոխեք, խնդրում եմ, անձնագիրս, որ ինքնաթիռից չուշանամ:
- Չենք կարող, հրաման կա, որ կորոնավիրուսով պայմանավորված՝ նոր անձնագրեր չտալ:
- Ի՞նչ կապ ունի կորոնավիրուսը:
- Շատ մեծ կապ: Որ չունենար, հրահանգ չէր լինի: Բայց Ձեր խնդիրն այլկերպ կարելի է լուծել: Գնացեք Ձեզ վիրահատած բժշկի մոտ եւ համապատասխան տեղեկանք վերցրեք: Այդ տեղեկանքով չեն կարող Ձեզ չընդունել:
- Դուք լո՞ւրջ եք ասում:
- Այո, մի՞թե ես անլուրջ մարդու տպավորություն եմ թողնում:
- Օ՛, ոչ, ի՞նչ եք ասում: Ներեցեք, խնդրեմ: Ես ուղղակի հենց հիմա կգնամ ՀՀ ոստիկանապետի մոտ եւ կպատմեմ, թե ինչպիսի լուրջ աշխատակիցներով է նա շրջապատված:

Այդ օրը երկար գործ ունեի անձնագրային սեղանում եւ երկար կարող եմ պատմել տեսածս ու լսածս: Բայց դրա ժամանակը չէ: Ասեմ միայն, որ առանձին ՀՀ քաղաքացիներ էլ գալիս եւ կորոնավիրուսի պայմաններում իրենց անձնագրերն ուրախ-ուրախ ստանում՝ գնում էին: Ավելի լավ է հիմա կարճատեւ արձակուրդ սիրող Փաշինյանին տեղեկացնեմ, որ ՀՀ իշխանությունների այս վարքն ինձ ամենեւին դուր չի գալիս: Ինչո՞ւ ՀՀ քաղաքացուն անձնագիր չեք տալիս, ի՞նչ է պատահել: Չլինի՞ թե անձնագրերի եղած խմբաքանակը տվել եք Հայաստան լցված այլազգիներին, որ հետո զեկույցներ տաք, թե երկրի բնակչության թիվը եռապատկել եք:

Ալիեւը, կարծեմ, մի անգամ ասել էր, որ պետականություն ունենալը հայերին հակացուցված է: Կարո՞ղ եմ, արդյոք, մտածել, որ վաղը, երբ լրանա իմ անձնագրի ժամկետը, ադրբեջանական անձնագիր դեմ տաք՝ «ուժի մեջ է մինչեւ 2050 թվականը» գրությամբ: Ես արդեն վաղուց ոչինչ չեմ բացառում: Երկու էշի գարի իրարից չջոկող կառավարությունից ամեն ինչ սպասելի է: