«Հրապարակ». Ինչ օրակարգով էր M I6-ի ղեկավարը Բաքու ժամանել
Օրեր առաջ Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության՝ MI6-ի ղեկավար Ռիչարդ Մուրի այցը Բաքու կարծես դուրս մնաց հայկական մեդիա տիրույթի ուշադրությունից։ Միայն նախօրեին հայկական մի քանի Տելեգրամ ալիքով չհաստատված, բայց եւ չհերքված տեղեկություններ սպրդեցին այն մասին, որ Հայաստանի արտաքին հետախուզության ծառայության պետի տեղակալ Հրանտ Ջիլավյանն անցած շաբաթավերջին աննախադեպ այցով Բաքվում է եղել ու մասնակցել է Ադրբեջանի արտաքին հետախուզական ծառայության պետի տեղակալ Զաուր Իսմայիլովի հետ հանդիպմանը, որը կազմակերպել էր Բաքու ժամանած Մուրը։
Ուշագրավ է, որ Մուրի այցը Բաքու տեղի ունեցավ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրեն Ուիլյամ Բըրնսի հետ վերջինիս լոնդոնյան հանդիպումից հետո։ Հաշվի առնելով աշխարհաքաղաքական զարգացումները, Արեւմուտքի շահերը տարածաշրջանում, որոնց մասին արեւմտյան տարբեր չինովնիկներ վաղուց բացահայտ են խոսում, չի բացառվում, որ Ռիչարդ Մուրը Բաքվում քննարկած լինի տարածաշրջանի հետ կապված առաջիկա հնարավոր սցենարները։
Ի տարբերություն հայկական տիրույթի, Մուրի այցը Բաքու իրանական վերլուծական շրջանակները քննարկեցին, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի խնդրի համատեքստում։ «Հրապարակ»-ի հետ զրույցում իրանցի փորձագետ Էհսան Մովահեդիանը կարծիք հայտնեց, որ Բաքվում քննարկվել է, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի խնդիրը։ «Արեւմուտքն անհանգստացած է Ալիեւ-Պուտին բանակցություններով. Մեծ Բրիտանիան եւ Իսրայելը ցանկանում են վստահ լինել, որ Ալիեւը հավատարիմ է Արեւմուտքին եւ երբեք թույլ չի տա Ռուսաստանին՝ վերահսկել այդ միջանցքը։ Հաջողության հասնելու համար նրանք պետք է պարտադրեն Բաքվի ռեժիմին՝ խաղաղություն հաստատել Հայաստանի հետ արեւմտյան օրակարգով։ Եթե Ալիեւը պնդի իր դիրքորոշումը, գուցե Մեծ Բրիտանիան փոխի Ալիեւին»,- ասաց Էհսան Մովահեդիանը։
Ըստ իրանցի վերլուծաբանի՝ եթե Հայաստանը ճանապարհ տրամադրի Բաքվին, դրան հաջորդելու է թուրքերի ներթափանցումը Հայաստանի հարավ, ինչն էլ իր հերթին հանգեցնելու է Սյունիքի մարզի ժողովրդագրական կազմի ու ինքնության փոփոխության։ «Թուրքերն աստիճանաբար կզբաղեցնեն այդ տարածքը, ինչպես դա Իսրայելն արեց` Պաղեստինը գրավելու համար»,- համոզմունք հայտնեց մեր զրուցակիցը՝ հավելելով, թե Հայաստանում տեսակետ կա, համաձայն որի՝ Իրանի դիրքորոշումն այս հարցում տնտեսական նպատակ է հետապնդում, եւ որ Հայաստանը կարող է տարանցման օգուտները քաղել, մինչդեռ, իրականում, խնդիրն անվտանգային է։ «Ավելի քան 30 տարի Իրանն իր տարածքով գործնականում անխոչընդոտ կապ է ապահովում Բաքվի եւ Նախիջեւանի միջեւ: Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ երթուղին հասանելի է ինչպես Վրաստանի, այնպես էլ Իրանի տարածքով։ Հայաստանի հարավով ճանապարհն այլ նպատակներ է հետապնդում, որոնք, ի վերջո, կհանգեցնեն երկրի հարավի նվաճմանը»,- ասում է Էհսան Մովահեդիանը։
«Հերքում չեղավ, դա լուրջ թեմա է»,- Բաքվում Մուրի նախաձեռնած հանդիպմանը հայկական կողմի մասնակցության լուրերն այսպես է մեկնաբանում պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը։ Նրա խոսքով՝ բրիտանական հատուկ ծառայության ղեկավարը, ամենայն հավանականությամբ, հանդիպել է նաեւ Ադրբեջանի նախագահ Ալիեւի հետ։ «Այդ անձը պատասխանատու է Մեծ Բրիտանիայի արտաքին ռազմական հետախուզության համար, այդ անձը թուրքագետ է, նա երկար տարիներ աշխատել է Թուրքիայում, Էրդողանի կուրատորն էր, կինը թրքուհի է, որը եղել է Թուրքիայի արտաքին հետախուզության աշխատակից, երկար տարիներ եղել է դեսպան, եւ շատ հետաքրքիր է, որ Մուրը 44-օրյա պատերազմից ամիսուկես առաջ է նշանակվում այդ պաշտոնին, իսկ այդ պատերազմի թիվ մեկ շահառուն Մեծ Բրիտանիան է, եւ իրականում պատերազմը, որը միայն ռազմի դաշտը չէ, կուրացիա է արվել իր կողմից։ Այս պայմաններում նրա հայտնվելը Բաքվում ես խիստ վտանգավոր եմ համարում։ Նման այցելությունների իմաստը լրջագույն գործողություններից առաջ տեղում ճշգրտումներ անելն ու հրահանգներ տալն է»,- ասում է Նահապետյանը։
Նրա դիտարկմամբ՝ ուկրաինական ճակատում Կուրսկի հատուկ օպերացիայի ձախողումն Արեւմուտքի համար լուրջ խնդիր է ստեղծել, ուկրաինական կողմը մոտ 14 հազար զոհ է տվել, իսկ Կուրսկի ատոմակայանը չի գրավվել։ Այս ձախողումը, ըստ մեր զրուցակցի, ԱՄՆ նախագահական ընտրություններում դեմոկրատ եւ գլոբալիստական շրջանակների ներկայացուցիչ Քամալա Հարիսի պարտության պատճառ կարող է դառնալ, ուստի դա այլ հաջողությամբ փոխհատուցելու համար Հարավային Կովկասում, որը մշտապես եղել է Ռուսաստանի աքիլեսյան գարշապարը, երկու մեծ գործողություն կարող է մշակվել։
«Մեկը հոկտեմբերին Վրաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններն ու հոկտեմբերի 26-ից առաջ Վրաստանում իրավիճակ ստեղծելն է, թե ընտրությունները վաղօրոք կեղծված են, ինչը կարող է հանգեցնել իշխանափոխության ու Վրաստանին երկրորդ ճակատի բացմանը բերելուն։ Եվ մյուսը՝ հայ-ադրբեջանական ուղղությունը»,- բացատրում է Նահապետյանը՝ հիշեցնելով ՌԴ նախագահ Պուտինի այցը Բաքու եւ օգոստոսի 18-ին անսպասելի, ոչ արարողակարգային հանդիպումն Ալիեւի հետ։
«Պուտինի գնալու իմաստն Ալիեւի հետ խոսելն էր, ես կարող եմ ենթադրություն անել, որ խնդիրը մեր տարածաշրջանում արեւմտյան ճնշումների միջոցով պայմանավորված պատերազմի սցենարն է, որի նպատակն է Ռուսաստանին, Իրանին ու Թուրքիային ներքաշելը, եւ Պուտինը, կարծում եմ, անձամբ էր գնացել Բաքու՝ կանխելու այն սցենարները, որոնց մասին հատուկ ծառայությունները, ենթադրաբար, նրան փոխանցել են»,- տեսակետ է հայտնում Նահապետյանը ու հենց այս ացելությանն է հակադրում Մուրի` Բաքու այցը։
«Գուցե Ալիեւին է՞լ էր պետք, որ ՌԴ նախագահը տեղում իրեն կարգի հրավիրեր, բայց տեղի է ունենում Մուրի այցը, որը հաստատ հետեւանքներ կունենա, առավել եւս, որ չի հերքվել Հայաստանի արտաքին հետախուզական ծառայության պետի տեղակալի` հանդիպմանը ներկա լինելու լուրը։ Ուրեմն պատկերացրեք, թե մինչեւ նոյեմբեր տարածաշրջանը պայթեցնելու ինչ մեծ վառոդի տակառ է պատրաստվում»,- եզրափակեց մեր զրուցակիցը։
Ուշագրավ է, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության պայմանագրի խնդրին նախօրեին անդրադարձել էր Թուրքիայի հետախուզական կազմակերպության տնօրեն Իբրահիմ Քալընը՝ այն համարելով «Զանգեզուրի միջանցքի բացմանը նպաստող, որն էլ իր հերթին ուղիղ տրանսպորտային կապ կապահովի Ադրբեջան-Հայաստան-Նախիջեւան-Թուրքիա-Եվրոպա երթուղու երկայնքով»։
Կարծիքներ