Քարուքանդ ճամփի , երկու մարզի արանքում

Քարուքանդ ճամփի , երկու մարզի արանքում

Ձիթհանքով եւ Զարինջա համայնքները միմյանց կապող 4կմ ճանապարհահատվածը  ԽՍՀՄ –ի փլուզումից հետո  ասֆալտի երես չի տեսել: Տեղի  բնակիչների համար ամեն անգամ միջհամայնքային այդ ճանապարհը հաղթահարելը կարևոր փորձության նման մի բան է: Համայնքի բնակիչներից   hraparak.am-ին են դիմել՝ խնդիրը բարձրաձայնելու եւ  լուծում ստանալու հույսով: «Շատ ժամանակ Մարալիկով ենք գալիս, պատկերացրեք՝ 20 կմ տարածքը ճանապարհ չլինելու պատճառով  դառնում է 70: Եղավ 40 տարի ՝ էս վիճակն է: Քանի՞ գյուղեր վերանորոգեցին, գովելի է, մարդու հավես կըգա, էս 4կմ տարածքը ասես անիծած եղնի»,-մեզ հետ զրույցում ասաց բնակիչներից մեկը:

Գյուղացիները համոզված են՝ ճանապարհը չի վերանորոգվում երկու համայնքների տարբեր մարզերում ընդգրկված լինելու պատճառով: Բանն այն է, որ Ձիթհանքովը  Շիրակի մարզի Անիի խոշորացված համայնքի կազմում է, իսկ Զարինջան՝ Արգածոտնի մարզի համայնքներից մեկն է: «Շիրակի մարզպետարանը կըսե էնոնք պիտի սարքեն, Արգածոտնինը կըսե՝ քո մարզի տարածքն է»,-ասաց Ձիթհանքովի բնակիչներից մեկը: Ի դեպ, Զարինջան բնակիչների քանակով եւ տարածքով գրեթե կրկնակի զիջում է Ձիթհանքովին: Նախ զրուցեցինք Ձիթհանքովի վարչական տարածքի ղեկավար Ռոստամ Բալաբեկյանի հետ: Վերջինս վստահեցրեց, որ Անիի խոշորացված համայնքի ղեկավարը խնդրին տեղյակ է, ավելին՝ բնակիչները ստորագրահավաք են կազմակերպել, ներկայացրել ԱԺ պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանին: «Որքան տեղյակ եմ, պատգամավորը ԱԺ-ում զեկուցել է այդ մասին, Շիրակի մարզպետարանը նույնպես տեղեկացված է, եւ նշել  են, որ հնարավորության դեպքում ճանապարհը կվերանորոգվի»: Զարինջայի համայնքապետ Սևադա Մանուկյանը մեզ հետ զրույցում նույնպես նշեց, որ խնդիրը Արագածոտնի մարզպետարանին, այնուհետև  տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությանը դեռ ամիսներ առաջ տեղեկացվել է: Նախարարությունից շահագրգիռ են. առաջիկայում իրականացվելիք ճանապարհաշինարարական ծրագրում կընդգրկվի նաև ճանապարհի այդ հատվածը : 

Ինչևէ, ինչպես երևում է, երկու մարզի իշխանություններն էլ խնդրով մտահոգ են, սակայն, անհասկանալի է, թե ինչու ճանապարհի այդ փոքր  հատվածն  այդպես էլ չասֆալտապատվեց  հարևան  գյուղերի ճանապարհները վերանորոգելիս, որտեղ  շինարարական աշխատանքները վերջերս են ավարտվել:Դե ինչ,  համայնքաբնակներին ոչինչ չի մնում, քան սպասել ևս  մեկ տարի՝ հուսալով, որ գոնե եկող տարի  խնդրին իրապես լուծում կտրվի: