Ի՞նչ կրթություն պիտի ստանանք, որ այս աղետալի զույգի արածները հասկանանք

Վարչապետի զուգընկերը որոշել է մեզ կրթել ու տգիտության ճիրաններից ազատել, որ մենք վերջապես հասկանանք, թե ինչ անձնվեր գործ են անում վարչապետն ու իր 27 տարվա կողակիցը:
Ամեն ինչ հրաշալի է, բայց մի հարց է ծագում՝ ի՞նչ կրթություն պիտի ստանանք, որ այս աղետալի զույգի արածները հասկանանք։
Օրինակ՝ կարո՞ղ է պիտի աշխարհագրության դպրոցական ծրագիրը վերընթերցենք, որ հասկանանք, թե ինչպես թշնամին տիրացավ Կիրանցի, Որոտանի, Հանդի և Ջերմուկի տարածքներին։
Հնարավոր է` պետք է նորագույն պատմության դասագի՞րքը բացենք, որ հասկանանք՝ ինչպես Արցախի ինքնորոշման և տարանջատման սկզբունքը դարձավ անպիտան և անիրական Պրահայում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելուց հետո:
Կարո՞ղ է` պետք է վերադառնալ դպրոց և ռազմագիտության դասերին նստել, որ հիշենք՝ ինչպես է իրականացվում զորակոչը և բանակի համալրումը պատերազմի ժամանակ:
Գուցե պետք է Միջազգային հարաբերությունների առաջին կո՞ւրս նստենք ազգովի, որ տարրական գիտելիքներ ձեռք բերենք բանակցությունների ոլորտում, օրինակ, որ հնազանդ ոչխարի պես պետք է համաձայնել թշնամու բոլոր պահանջներին:
Վատ չէր լինի նաև սահմանադրական իրավունքի ամբիոն մտնել գոնե մի կարճ ակնթարթ, որ մեզ բացատրեն, թե ինչ պարտավորություններ ունի Հայաստանի Հանրապետությունն իր քաղաքացիների առջև, օրինակ՝ նրանց պատանդ վերցնելու դեպքում ինչ միջոցներ պիտի կիրառի նրանց շուտափույթ վերադարձը կազմակերպելու համար, այլ ոչ թե ասի՝ նրանք մեզ կներեն:
Հնարավոր է` պետք է տնտեսագիտության դասերին նստենք, որ հասկանանք շրջանառության հարկը վերաբերվում է մինչև 110 միլիոն տարեկան շրջանառություն ունեցող բիզնեսներին և դրա բարձրացումը օլիգարխներից ավել հարկ պոկելու մեխանիզմ չէ, այլ փոքր բիզնեսին վերացնելու ճանապարհ, օրինակ՝ ձեր վարսավիրը հունվարի 1-ից պարտավոր է լինելու 2 անգամ ավել հարկ վճարել կամ էլ անցնելու է կանխիկով աշխատելուն ու հարկերից խուսափելուն:
Իսկ հնարավոր է այս հղփացած կնոջը հասկանալու համար մեզ պետք է քրեական իրավո՞ւնք սերտել, որ վերջապես հասկանանք, թե ինչպես կարելի է խաղաղ ցույց անող մարդկանց վրա նռնակներ նետել և իրեն ու իր անօրինական ամուսնուն հայհոյելու համար բանտում հայտնվել:
Վատ չի լինի նաև էթիկայի դասերի գնալ, որ վերջապես հասկանանք՝ այդ ո՞ր չափորոշիչով է երկրի առաջի դեմքի անօրինական կինը գնում գլխավոր տաճարի օծմանը ներքնազգեստին մոտեցող գրգռաճեղքով կամ Վեհափառ հայրապետի կողքին նստում կիսատկլոր:
Հնարավոր է` չեմ պնդում, պետք է վարորդական դպրոց հաճախենք, որ վերջապես իմանանք՝ ինչպես հղի կնոջը գցել մեքենայի տակ, սպանել ու անգամ չկանգնել առաջին օգնություն ցուցաբերելու:
Իսկ գուցե պետք է աշխատանքային իրավունքի կո՞ւրս սերտել, որ հասկանանք մեր աշխատանքային պարտականությունները և օրը 10 տեսանյութ հրապարակելու փոխարեն գործ անենք:
Չի բացառվում, որ պետք է ֆինանսական գրագիտության դասընթացների հաճախենք, որ վերջապես տնտեսելու տարրական գիտելիքներ ձերք բերենք և հասկանանք, թե ինչպես կարելի է ժողովրդի վճարած գումարից օրական 4300 դոլար կամ 1 միլիոն 800 հազար դրամ ծախսել սեփական անձի վրա:
Հնարավոր է՝ արժե եկեղեցի գնալ, որ հասկանանք, թե ինչպես կարելի է պատերազմի և 5000 երիտասարդների մահվան տարելիցի օրը սաֆարիից կարճ շորտիկով ուրախ նկարներ տեղադրենք:
Իսկ վերջում միանշանակ պետք է հոգեբանության դասագրքեր կարդանք, որ հասկանանք՝ ինչպես կարելի է այդ աստիճանի լկտի ու անդաստիարակ լինել, որ այսքան դժբախտություն բերելուց հետո հանդգնեն մարդկանց տգիտության մեջ մեղադրել:
Կարծիքներ