Զրո արդյունք
Շփոթահար եւ մոլորված, իր անելիքը չիմացող իշխանություն ունենք, որի գրեթե միակ արժանիքը բոլոր անելանելի վիճակներում արդարացումներ գտնելու կարողությունն է: Ժողովուրդը սրան ասում է` «կռուտիտների» մասնագետ են: 6 տարվա ընթացքում ամենազարմանահրաշ ու անհավանական արդարացումներն ենք լսել այս իշխանություններից` ամենախելագար բացատրությունից մինչեւ շատ նուրբ դեմագոգիա: Միայն այն փաստը, որ դեռ կան մարդիկ, որոնք մինչ այժմ հավատում են եւ այդ արդարացումներն ընդունում, խոսում է «կռուտիտի» հարցում նրանց մեծ տաղանդի մասին: Իսկ երբ արգումենտներ չեն գտնում, ուղղակի խոսում են հարափոփոխ աշխարհի, քաղաքական վայրիվերումների ու տուրբուլենտության մասին, որին հնարավոր չէ դիմակայել: Բայց երբ փորձում ես վերացարկվել այս ամենից ու կողքից ես նայում մեզանում կատարվող իրադարձություններին, դժվար է չտեսնել այն աբսուրդն ու ողորմելի վիճակը, որում հայտնվել է Հայաստանի իշխանությունը:
4 տարի շարունակ խոսել խաղաղությունից եւ երկիրը դարձնել սողացող պատերազմի օջախ: Զիջել անգամ Արցախը, բայց չկարողանալ հասնել խաղաղության: Ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց չկարողանալ հասնել քո 29,8 ք/կմ-ի ճանաչմանը: Երկիրը զրկել բոլոր դաշնակիցներից` քննադատելով նրանց, եւ շարունակ քծնել թշնամիներիդ` չկարողանալ լեզու գտնել նաեւ նրանց հետ: Չկարողանալ վերադարձնել Բաքվի բանտերում խոշտանգվող գերիներին: Չկարողանալ առարկել եւ որեւէ հարցում պնդել սեփական դիրքորոշումը` թշնամու հետ բանակցություններում: Տենչալ խաղաղության պայմանագիր, բայց չկարողանալ գեթ մեկ ստորակետ փոխել պայմանագրի նախագծում, շարունակ նահանջել, զիջել, հարմարվել, համաձայնել այդ պայմանագրի բոլոր խմբագրումներին, սակայն չկարողանալ անգամ դրան հասնել:
Կարծիքներ