Մակունցը Նիկոլի հերթական կուտն է եւ քողարկված զենքը 

Մակունցը Նիկոլի հերթական կուտն է եւ քողարկված զենքը 

ԱՄՆ-ում նոր նախագահ է ընտրվել, եւ անհրաժեշտ է շուտափույթ հարաբերություններ ստեղծել նոր կառավարության հետ: Թրամփը չէր նկատում Հայաստանը: Հույս կա, նաեւ՝ հավանական երաշխիք, որ Բայդենը կնկատի Հայաստանը, ավելի կոնկրետ` Հայաստանի իշխանությանն իր վարչապետով: Իմքայլականներին դիմանալ էր պետք մինչեւ հունվարի 20-ը, որից հետո կարող են նաեւ դիմադրել` կախված չլինելով միայն ռուսական բարեհաճությունից, այլեւ օգտվել ամերիկյան հովանավորությունից՝ որպես հակակշիռ: Աշնանն ԱՄՆ-ն զբաղված էր նախագահական ընտրություններով եւ բացթողում կատարեց Արցախի հարցում: Արցախում տեղակայվեցին ռուս խաղաղապահները: Սա Ամերիկայի ծրագրերի մեջ չէր մտնում: Իսկ թե ինչ էր մտնում Ամերիկայի ծրագրերի մեջ, պետք է հարցնել իմքայլականներից ու Նիկոլից եւ գուցե՝ Բոլթոնից:

Արդյո՞ք Թուրքիայի անմիջական ներկայությունն Արցախում եւ Ադրբեջանում մտնում էր այդ ծրագրերի մեջ: Նաեւ չգիտենք, կարող ենք միայն ենթադրել, թե ինչ սցենար կունենային պատերազմն ու Արցախի ճակատագիրը: Ինչեւէ, նոր նախագահ եւ նոր հարաբերություններ: Իսկ այդ հարաբերությունները լավագույնս կարող է հաստատել նոր դեսպանը: Մակունցն ԱՄՆ-ում ներկայացնելու է ոչ թե Հայաստանի շահը, այլ Նիկոլի եւ իշխանության շահն է պաշտպանելու` ամրացնելով ու երկարացնելով այն: Սա կարեւոր դերակատարում կարող է ունենալ նաեւ արտահերթ խորհրդարանական ընտրություններում` հօգուտ իշխանության: Դիտորդական առումով՝ նույնպես, արդար եւ օրինական ճանաչելով ընտրությունները, եթե այն կայանա: Այս իմաստով Մակունցը Նիկոլի քողարկված զենքն է, քանի որ երկար հույս չունի ռուսական կողմից, հատկապես որ ռուս քաղաքական գործիչները պարբերաբար երեսով են շփացնում սխալները:   
Սակայն այս քայլը հասարակության համար երկրորդ պլան է մղված: Ֆեյսբուքն ու մեդիան քննարկում են, թե Մակունցը որքանով է համապատասխանում ԱՄՆ դեսպանի կոչմանը:

Սա պակաս կարեւոր չէ Նիկոլի համար: Այս պահին ամենակարեւորն է առօրյա հրատապությամբ, քանի որ Մակունցի գործունեությունը ԱՄՆ-ում ծրագրված հեռահար հարվածն է: Հասարակությունը նոր զբաղմունք ունի` Մակունցն է: Շեղվում, մոռանում է Նիկոլի հրաժարականի մասին: Չի հիշում, որ ընդդիմությունը պայքարի միջոցներ է փնտրում Նիկոլին հեռացնելու համար: Անգամ նրանք, ովքեր դեմ են Նիկոլին, ընդունում եւ հաշվի են նստում նրա վարչապետ լինելու, իշխանություն ներկայացնելու փաստի հետ, քանի որ ակտիվ քննարկում են նրա կողմից սպասվելիք նշանակումը: Սա ոչ միայն ժամանակ շահելու, այլեւ հրատապ խնդիրը բթացնելու, նրա գոյության հետ հաշտվելու եւ համակերպվելու մեթոդ է:

Այսպես եւս մի երկու քննարկման, վերցնել-դնելու խնդիր, որ իրականում կուտ է՝ տրված հասարակությանը, եւ լիցքաթափող ու թմրեցնող միջոց, մեր կյանքը դարձնելու են սովորական ընթացք: Իրողության հետ հարմարվում ես եւ այն փոխելու անհրաժեշտություն չես տեսնում: Մակունցի եւ հաջորդ մակունցների թեման մոռացնել է տալու, որ Ադրբեջանը մեզ դատի է տվել եւ 50 միլիարդ դոլար է պահանջում: Փոխարենը մենք պետք է նախապես դատի տված լինեինք Ադրբեջանին, ինչի օրինական հիմքերն ունենք: Իսկ բացառված չէ, որ ՄԻԵԴ-ը վճիռ կկայացնի հօգուտ Ադրբեջանի, քանի դեռ մենք քնած ենք: Հետո Նիկոլը Սյունիքը կհանձնի որպես փոխհատուցում, քանի որ հենց դա է ուզում մեզնից գանգատվող թշնամին: Մենք էլ կասենք` ուրիշ ինչ աներ խեղճ տղան, որտեղի՞ց էինք տալու այդքան գումար: Կասենք ու կսպասենք հերթական դատին ու տալուն: Այնքան, որքան կդիմանանք` մինչեւ վերջանանք: Խնդիրը դիմանալը չէ, խնդիրը վերջանալն է: Սա պատրանքային տեսիլք չէ: Մենք քմծիծաղում ենք, այդպես քմծիծաղում էինք Արցախը կորցնելուց առաջ: