ԲԴԽ-ն լիարժեք չէ, բայց դա գործին չի խանգարում

ԲԴԽ-ն լիարժեք չէ, բայց դա գործին չի խանգարում

Իշխանությունը կադրային լուրջ դժվարություններ ունի` մեծ թվով թափուր պաշտոններ կան, որոնք տարիներով չեն կարողանում համալրել: Բանն այն է, որ հայտնի ֆիլմի խոսքի համաձայն` համ լավ մասնագետ են ուզում, համ իշխանություններին հավատարիմ մարդ են ուզում, համ ուզում են, որ թիմն ընդունի թեկնածուին: Մոտ մեկ տարի է ԲԴԽ գիտնական անդամի 3 թափուր պաշտոն կա եւ իշխանությունը չի կարողանում համապատասխան թեկնածու գտնել: Վերջին փորձը` մեկ թեկնածու նշանակելու, պսակվեց անհաջողությամբ` փաստաբան Ալեքսանդր Սիրունյանն ինքնաբացարկ հայտնեց: Իշխանական մեր աղբյուրները հայտնում են, որ նոր թեկնածու գտնել չի հաջողվում:

ԲԴԽ-ն պետք է կազմված լինի 10 անդամից, որից 5-ն ընտրվում են Դատավորների ընդհանուր ժողովի կողմից` դատավորներից, 5-ը գիտնական անդամներն են և ընտրվում են ԱԺ-ի կողմից։ Այս պահին ԲԴԽ-ն 7 անդամ ունի` 3 նախկին անդամների` Կարեն Անդրեասյանի, Վիգեն Քոչարյանի և Հայկ Գրիգորյանի հեռանալուց հետո: Փորձեցինք սրա հետ կապված մեկնաբանություն ստանալ խորհրդի նախկին նախագահներ Գագիկ Ջհանգիրյանից եւ Կարեն Անդրեասյանից` երկուսն էլ ասացին՝ «հարցազրույց չեմ տալիս» եւ անջատեցին:

ԲԴԽ դատավոր անդամ Կարեն Թումանյանը,  հարցին, թե ԲԴԽ կազմի համալրված չլինելը չի՞ խոչընդոտում աշխատանքը, պատասխանեց․ «Չի խոչընդոտվում: Բայց քանի որ սահմանադիրը որոշել է 10 հոգի` այդ 10 հոգին հիմա լիարժեք չէ, էլի»։ Ու շեշտեց՝  լիարժեքություն չկա, բայց անդամների պակաս լինելը ինչ-որ գործի չի խանգարում։