Իմ գործերը միշտ լավ են եղել․ Փամբուխչյանը մտադիր է Tiida-ն փոխարինել Land Rover-ով

Իմ գործերը միշտ լավ են եղել․ Փամբուխչյանը մտադիր է Tiida-ն փոխարինել Land Rover-ով

Իմքայլականները իշխանության գալուց հետո սկսել են հերթով փոխել իրենց մեքենաները, հինը վաճառել նորը գնել, ոմանք նաև բնակարաններ են ձեռք բերել։ Օրերս մենք գրեցինք, որ «Իմ քայլի» պատգամավոր Հրաչյա Հակոբյանն է վաճառքի հանել իր Hyundai Sonata ավտոմեքենան, որ նոր՝ ավելի լավ և ամուր մեքենա գնի։ Ի դեպ, մեր հրապարակումից հետո իմացանք, որ Հակոբյանը մեքենան հաջողությամբ վաճառել է, բայց դեռ նորը չի գնել։  Նոր մեքենաներ են գնել նաև այլ իմքայլականներ այլ պատգամավորներ, որոնց ընթացքում դեռ կանդրադառնանք։ Երեկ տեղեկացանք, որ նոր մեքենա ունի նաև «Իմ քայլի»պատգամավորներից Արմեն Փամբուխչյանը, որը մինչ պատգամավոր դառնալը մի կարճ շրջան տրանսպորտի և կապի փոխնախարար էր։ Փամբուխչյանը երեկ դիմակով նկար էր հրապարակել իր ՖԲ էջում, որտեղ երևում է, որ ինքը անգլիական Land Raover-ի ղեկին է։ Մինչդեռ նրա ավտոմեքենան աջ ղեկով Nissan Tiida էր։ Փոխե՞լ է ավտոմեքենան, հարցրինք նրան։

«Դեռ չեմ գնել, լիազորագրով տվել են, վարում եմ, որ հասկանամ՝ հետագայում ուզո՞ւմ եմ գնել, թե՞ չէ, որովհետև մեքենան ունի փոխանցման տուփի, մի քիչ էլ՝ շարժիչի հետ կապված խնդիր։ Մեքենան Land Rover Frelander 2 է, 2009 թվականի արտադրության, մոտ 6000 դոլարի կարգի է գինը»,-Hraparak.am-ի հետ զրույցում ասաց Փամբուխչյանը։

-Իսկ ինչո՞ւ հենց Land Rover, որը հերիք չի՝ խնդիրներ ունի, ինքն էլ բավականին թանկ պահվող և խնդրահարույց մեքենա է։

-Ինքը շուկայականից մոտ 2000 դոլար էժան է, հարմար տարբերակ է, ինքն էլ լավ մեքենա է, նաև ամենագնաց է, դրա համար։

-Երբ փոխնախարար էիք, Nissan Tiida էիք քշում, դա ի՞նչ եք արել։

-Tiida-ն կմնա առայժմ, երևի թե կինս կվարի, հնարավոր է՝ հետագայում վաճառեմ Tiida-ն, բայց դեռ նման որոշում չկա, երևի թե էս փուլում կնոջս կտամ։

-Նկատել ենք, որ իշխանության գալուց հետո իմքայալականները հերթով փոխում են մեքենաները՝ ավելի լավ մեքենաներ են ձեռք բերում, ինչո՞վ է դա պայմանավորված, գործե՞րն են լավացել, թե՞ ճաշակն ու նախասիրություններն են փոխվել։

-Իմ մասով՝ կոնկրետ նշեմ, որ իմ գործերը միշտ լավ են եղել, ես բանկում շատ բարձր աշխատավարձ եմ ստացել, սա՝ մեկ։ Իմքայլականների մասով էլ՝ ես կարծում եմ, որ բոլորս, եթե նկատի ունեք պետական պաշտոնյաներին, շուտով կհայտարարագրեն իրենց գումարները, էնտեղ բոլորին պարզ կլինի, թե ով ինչքան եկամուտ է ստացել, ինչ փոփոխություններ է արել, ու ինչով է դա պայամանվորված։ Իսկ ինչ վերաբերում է նախասիրություններին, ես էն ժամանակ քշել չեմ իմացել, գնել եմ համեմատաբար այնպիսի մեքենա, որի վնասվելը շատ ցավ չէր լինի ինձ համար, քանզի ինքը բավավականին էժան մեքենա էր, հիմա ունեմ էդ հմտությունները, և իմ, և իմ երեխաների ապահովության համար նախընտրել եմ այնպիսի մեքենա, որը, Աստված մի արասցե, թե՛ վթարների դեպքում է ավելի ապահով, և թե՛ երկար ճանապարհ գնալու համար ավելի հարմարավետ է։ Այսինքն՝ էստեղ ոչ մի իշխանական ճոխության մասին չի խոսքը, այլ զուտ տարրական մարդկային հարմարավետություն ստեղծելու հարց է։