Չի կարելի դա անել մի թուղթ ստորագրելով, լիդերների մի հանդիպումով

Չի կարելի դա անել մի թուղթ ստորագրելով, լիդերների մի հանդիպումով

Հայաստանն ունի բազմաթիվ խնդիրներ, որոնցից առաջինը անվտանգության հետ կապված հարցերն են, որոնք հիմնականում կապված են Ադրբեջանի հետ։ Այս խնդիրները չեն կարող լուծվել պարզապես մի քանի կարևոր քայլերով, օրինակ՝ թուղթ ստորագրելով կամ լիդերների հանդիպումով։ Այդ հարցերը պետք է լուծվեն երկարաժամկետ ճանապարհով, որի ընթացքում պետք է կիրառվեն հստակ քայլեր։ Այս մասին, մարտի 21-ին Երևանում «Մոտալուտ փոթորիկ․ Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգությունը գլոբալ աշխարհակարգի ճգնաժամի համատեքստում» խորագրով միջազգային գիտաժողովի ընթացքում լրագրողների հետ զրույցում նշեց Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։

Նա ընդգծեց, որ կարևոր է հասկանալ, թե ինչ է տեղի ունենում ինչպես տարածաշրջանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։ Դրա համար էլ նման միջոցառումները կարևոր են, որպեսզի տարբեր երկրների փորձագետները՝ Թուրքիայի, Վրաստանի,  եվրոպական և այլ երկրների ներկայացուցիչները, կարողանան ներկայացնել իրենց հայացքները տարածաշրջանի վերաբերյալ։