Ես նման կեղտերի հետ չեմ շփվում․ ՔՊ ավագանու անդամը մյուս ՔՊ-ականների մասին

Ես նման կեղտերի հետ չեմ շփվում․ ՔՊ ավագանու անդամը մյուս ՔՊ-ականների մասին

Սպիտակի ավագանիում տոտալ կազմաքանդումը շարունակվում է։ Մենք Մի քանի անգամ գրել էինք, որ ավագանու ՔՊ խմբակցությունը պառակտված է, և ավագանու ՔՊ-ական անդամներից շատերն ուղղակի համայնքապետի դեմ են աշխատում՝ չեն ներկայանում ավագանու նիստերին, քվորում չի ապահովվում եւ համայնքապետը չի կարողանում կառավարել համայնքը։

 

Համայնքի ավագանու ՔՊ-ական անդամ Գագիկ Յայլոյանը օրերս դիմում է ներկայացրել համայնքապետարան, որ ավագանու անդամի պաշտոնի հետ անհամատեղելի աշխատանք է իրականացնում, և նրա լիազորություններն այդ հիմքով դադարեցրել են, թեև այդ աշխատանքը, իր ասելով, արդեն 10 տարի անում է։ Մեզ հետ զրույցում Յայլոյանն ասաց, որ այլևս ավագանու անդամ չէ, իր դիմումի հիման վրա է վայր դրել մանդատը, նա զորամասում պահակ է աշխատում, զենք կրելու իրավունք ունի, ինչը ավագանու անդամի մանդատի հետ անհամատեղելի է, քանի որ «Տեղական ինքնակառավարման մարմինների» մասին օրենքի 18-րդ հոդվածի համաձայն՝ համայնքի ավագանու անդամը չի կարող աշխատել իրավապահ, պետական անվտանգության և դատական մարմիններում։ Յայլոյանին հարցրինք՝ պատճառը ո՞րն է, որ դիմում է ներկայացրել․

 

«Պատճառ չկա, ինձ հարմար չէր աշխատանքիս հետ համատեղել, դիմում եմ ներկայացրել»,- պատասխանեց ավագանու նախկին անդամը, որը պահակի աշխատանքը գերադասել է ավագանու անդամի մանդատից։ Նրան հարցրինք՝ ինչո՞ւ հիմա որոշեց դիմում ներկայացնել, չէ՞ որ 10 տարի է, ինչ աշխատում է զորամասում, օրենքը թո՞ւյլ է տվել, որ զորմասում աշխատի ու ավագանու անդամ լինի․

 

«Դե ժամանակին թույլ է տվել, աշխատել ենք, հիմա որ թույլ չի տալիս, չենք աշխատում»,- պատասխանեց Յայլոյանը։ Մինչդեռ ՏԻՄ մասին օրենքը 2002 թվականին է ընդունվել եւ ուժի մեջ մտել, այսինքն՝ անհամատեղելիության պահանջները 2002 թվականից են գործում։

 

Մեկ ուշագրավ հանգամանք էլ․ բանն այն է, որ ՔՊ ցուցակի հաջորդ 2 համարները, որոնք պիտի զբաղեցնեն Յայլոյանի տեղը, նույնպես ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել, այսինքն՝ նրանք ևս չեն ցանկանում ավագանու անդամ դառնալ։ Յայոլյանին հարցրինք՝ ճի՞շտ է այդ տեղեկությունը․ «Ինչքան գիտեմ՝ հա»,- պատասխանեց ավագանու նախկին անդամը։

 

Սպիտակի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մեկ այլ անդամ Հայկ Սիսակյանն էլ ոստիկանության ՊՊՎԳ-ում է աշխատում և նա ևս զենք կրելու իրավունք ունի։ Մեզ հետ զրույցում Սիսակյանն ասաց, որ թեև ոստիկանության ՊՊՎԳ-ում է աշխատում որպես հրաձիգ, սակայն ինքը ոստիկան չի համարվում․

 

«Ես տեղեկանք եմ բերել, որ ոստիկան չեմ համարվում, իմ պաշտոնը համատեղելի է ավագանու անդամի հետ։ Սա իմ երկրորդ «սրոկն» է ավագանու, եթե անհամատեղելի լիներ, 8 տարվա մեջ արձագանք կլիներ»,- պատասխանեց Սիսակյանը։ Նրան հարցրինք՝ ինքն ավագանու ո՞ր ՔՊ-ականներից է՝ նիստերը բոյկոտողների՞ց է, թե՞ մասնակցողներից․

 

«Պարտաճանաչ մասնակցել եմ”,- պատասխանեց ավագանու անդամը։ Հարցրինք նաև  համայնքապետարանում ճգնաժամը հաղթահարվե՞լ է, կարողանո՞ւմ են նիստեր գումարել․ «Վերջին մի 2 հատը գումարվել է, ու սրանից հետո էլ հույս ունենք, որ պիտի նորմալ լինի»,- պատասխանեց Սիսակյանը։

 

Հարցրինք նաև, թե ճի՞շտ է, որ այն ՔՊ-ականները, որոնք համայնքապետ Քաջայր Նիկողոսյանի հետ չունեն, հեռանում են ավագանու կազմից․ «Դա իրենց խնդիրն է, ես չգիտեմ, ես նման կեղտերի հետ չեմ շփվում»,- պատասխանեց ՔՊ-ականը։ Այսինքն՝ ա՞յդ աստիճանի են տարաձայնությունները ՔՊ-ական թևերի միջև՝ հարցրինք Սիսակյանին․

 

«Կան տարաձայնություններ, ինչքան գիտեմ՝ վաղը նիստ ունենք, վաղը կպարզվի»,- պատասխանեց ավագանու անդամը։

 

Հիշեցնենք, որ օրերս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ էր տեղի ունեցել, որին Նիկոլ Փաշինյանն էլ է մասնակցել, և նիստից հետո հրապարակված հաղորդագրության մեջ ՔՊ-ն հատուկ ընդգծել էր, որ կուսակցությունը Սպիտակի համայնքապետի նախաձեռնություններին աջակցություն է հայտնում։ Հավանաբար Նիկողոսյանին չընդունող Սպիտակի ՔՊ-ականները հասկացել են, որ կուսակցության գերագույն- գլխավորը Քաջայր Նիկողոսյանին է աջակցում, և դրանից հետո որոշները հեռանալու որոշում են կայացրել, իսկ մի մասն էլ որոշել է զենքերը վայր դնել ու հարմարվել։

 

Նկատենք նաեւ, որ մեծ թվով ՏԻՄ-երում ՔՊ-ն պարտություն կրեց ընտրությունների ժամանակ, իսկ այն տարածքներում, որտեղ էլ հաղթել է նմանատիպ բազմաթիվ խնդիրներ են առաջացել՝ ինչպես Սպիտակի ՏԻՄ-ում։