Ալավերդին բոլոր իշխանությունների ժամանակ եղել է «ատստոյ»

Ալավերդին բոլոր իշխանությունների ժամանակ եղել է «ատստոյ»

Շաբաթ օրը՝ հունիսի 27-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել էր տեսանյութ Ալավերդի քաղաքում եւ Օձունում տարբեր շինարարական աշխատանքների մասին, որոնց համար պետական ու համայնքային բյուջեներից ավելի կան 70 մլն դրամ է հատկացվել: Վարչապետի էջում տեղադրված «ռոլիկում» Ալավերդին ներկայացված է որպես աշխույժ, գեղեցիկ քաղաք, որտեղ եռում են շինարարական աշխատանքները, երեւում է, թե ինչպես են վերանորոգվում Ալավերդու փողոցները, մետաղական կանգառներ ու խաղահրապարակներ կառուցվում, ինչպես է վերակառուցվում Ճոճկանի մշակույթի տունը: 

Նյութը կոչվում է «Կառուցենք Հայաստանը նորովի», բայց հենց առաջին կադրերում կեղծիք ենք տեսնում: «Ռոլիկը» սկսվում է Ալավերդու ճոպանուղու պատկերով, որը, իբր, սավառնում է քաղաքի վրայով: Իրականում Ալավերդու «ճոպանը» կանգնած է՝ թալանված վիճակում: Այն չի աշխատում 2014 թվականից: 

«Եկել են, մի քանի միլիոն դրամ են ծախսել, «բրուսչատկա» են սարքում քաղաքում, էն ճամփի եզրերը, որ կան, կոպիտ ասած՝ «բորդյուր», բայց դրանով ո՞ւմ պետք է կշտացնես,- ասում է Ալավերդու խանութներից մեկի սեփականատերը,- էդ գործերը ոչ մեկին չեն ուրախացնում: Մի հատ թող մարդկանց կշտացնեն, մարդկանց ոսկորը սոված ա, նոր քաղաքը սարքեն: Գիտե՞ս մոտս ինչքան մարդ ա գալիս, նիսյա հաց ուզում, ձեթ ուզում, վերմիշել ուզում: Օրական միլիոն հոգի խնդրում ա, տան համար հաց ա ուզում: Ասենք՝ խմիչք ուզի, ուտուշ-խմուշի համար ուզի, չեմ տա, բայց քաղաքի 80 տոկոսը գալիս, հասարակ բաներ են ուզում ուտելու համար: Ես չեմ կարա սաղին ձրի բաժանեմ, ձրի բաժանում եմ, պարտքերի տակ եմ ընկնում դրա խաթեր, հարկայինն էլ ակտ ա գրում»: 

Նա ասում է, որ առեւտուրը կորոնավիրուսի պայմաններում կրկնակի կրճատվել է, Վրաստանի սահմանը փակվելն էլ իր դերն է կատարել: «Թե առաջ տրանզիտ պերեվոզկեքից մի բան էր գալիս, հիմա դա էլ չկա: Ստեղ աշխատատեղ չկա»,- ասում է մեր զրուցակիցը: 
Խոսեցինք նաեւ նախկին բանվորներից մեկի հետ, ով ամեն օր գնում է «Թեղուտ» ՓԲԸ, հետ գալիս: «Եթե գործարանը մի 10-20 տոկոսով աշխատի, դա քիչ ա, քաղաքի վրա կարելի է զամոկ գցել, փակել: Գործարանը պետք է 100 տոկոսով աշխատի, որ քաղաքը շնչի: Կա՛մ գործարան, կա՛մ՝ տուրիզմ: Մենք ունենք Հաղպատ,  Սանահին, Օձուն, Ախթալա, որոնք պատմամշակութային հզոր եկեղեցիներ են: Բայց էս քաղաքի վրա ոչ ոք երբեք ուշադրություն չի դարձրել: Ալավերդուն երկու կողմից դրած՝ կզըցնում են: ՀՀՇ-ն եկավ, Ալավերդին նույն ձեւի «ատստոյ» էր, պաշտոնյաներ կային Ալավերդի էն ժամանակ, բայց քաղաքը շան տեղ դնող չկար, Ռոբիկը եկավ՝ շան տեղ դնող չկար, Սերժը եկավ՝ շան տեղ դնող չկար»: 

Ալավերդին իր ամբողջ պատմության մեջ «ապրել» է, երբ կար գործարան ու պրոլետարիատ: Դա եղել է «սովետի» օրոք եւ այն ժամանակ, երբ «Թեղուտ» ՓԲԸ-ի տերը «Վալեքս խումբն» էր: Ծնունդով ալավերդցի Վալերի Մեջլումյանը «նայում» էր քաղաքը: Նրա բարեգործական հիմնադրամը՝ «Մանեսը», սոցիալական ծրագրեր էր իրականացնում Ալավերդիում, բարեգործական ճաշարան էր պահում, քաղաքապետարանին էր օգնում, ճոպանուղին էր պահում, տեղի հեռուստատեսությունը: Բայց 2015 թվականի գարնանը, երբ գործարանը պարտքերի դիմաց անցավ ՎՏԲ բանկին, քաղաքն էլ անտերության մատնվեց: «Մանեսի» վերջին երկու տարիների հաշվետվություններում կարդում ենք. «Հիմնադրամը չի գործել, գույք չի օգտագործվել, ծրագրեր չեն իրականացվել, ֆինանսական հոսքեր չեն եղել»: