Այս իշխանության համար կանգը մահն է
Դեպքեր կան, որոնք անընդհատ պիտի թարմացնել։ Կապիտուլյացիայի փաստաթղթի ստորագրումից հետո ժողովրդական ընդվզումը երևի ամենաինքնաբուխն էր, որը կազմակերպիչներ չուներ։ Սա հիշեցնում եմ նրա համար, որ ճիշտ չէ, երբ հնչեցվում է, որ ժողովուրդն անտարբեր է, որ ինչ էլ անեն, ինչպես էլ վարվեն իրենց հայրենիքի հետ, ժողովրդի հեչ պետք չի։ Ընդամենը րոպեների ընթացքում ժողովուրդը հավաքվեց հրապարակում՝ առանց մեկ կանչի, առանց մեկ հրահանգի։ Սա անտարբեր ժողովրդի պահվա՞ծք էր։ Նիկոլ Փաշինյանը չկար, ու՞ր էր, տեղը բոլորդ ինձանից լավ գիտեք։ Ինչու՞ էր թաքնվում, եթե ժողովրդի համար մեկ էր, թե նա ինչ խայտառակ փաստաթուղթ է ստորագրել։ Ինչու՞ էին իշխանության մյուս ներկայացուցիչները ճողոպրել։ Ինչու՞ նրանց ձեռքն ընկած Արարատ Միրզոյանը դաժան ծեծի ենթարկվեց։ Անտարբեր էր, հա՞ ժողովուրդը։
Սա՛ էր ժողովրդական ընդվզումը։ «Անտարբեր» ժողովրդական ընդվզումը։ Ու հիմա, երբ նորից ինչ որ կետերից ասում են, որ ժողովուրդը անտարբեր է, ես սա՜ եմ հիշեցնում։ Ժողովրդի անտարբեր լինելն էլ խաղաղության ծրագրի պես նետվել է հրապարակ։ Դա հոգեբանական շտրիխ է, որ յուրաքանչյուր մարդ մտածի՝ դե եթե մնացածների պետքը չի, ես ինչու՞ եմ ես ինձ կոտորում։ Ու դա ամրապնդելու համար ամեն քայի դիմում են՝ պետական, ֆեյքային ու նաև սրանց իշխանություն բերած ուժային կենտրոնների միջոցով։
Ժողովուրդը անտարբեր չէ։ Բայց դրսի ուղեղային կենտրոնների հոգեբանական տարբեր գրոհներով լռեցնում են ժողովրդական կրակը։ Տեսեք, ինչի մեջ եք հայտնվել, որ եռակողմ խայտառակ փաստաթղթին էլ եք երանի տալիս։ Դա իշխանության կողմից արված մեծ աշխատանքի արդյունք է, հետո երանի եք տալու, երբ Հայաստանի այսինչ կամ այնինչ մարզը մերն էր ու այդպես ․․․ շարունակ։ Կանգ չկա։ Այս իշխանության համար կանգը մահն է։ Իրենք նախընտրում են երկրի մահը։ Եվ հիմա, երբ ժողովրդական ալիքի բերանն ընկած Արարատ Միրզոյանը իբր թե «օխտը օր, օխտը գիշեր» բանակցում է, փորձում է ձեզ մոլորեցնել, որ Հայաստանն էլ կողմ է ու ինքն է ներկայացնում հայկական կողմը, բավական է հիշել, թե հայկական կողմին ինչքա՜ն էին հայկական կողմ համարում սեփական երկրում։
Կարծիքներ